bepul

Առակներ

Matn
O`qilgan deb belgilash
Shrift:Aa dan kamroqАа dan ortiq

ՈՒԽՏԱԶԱՆՑ ԿԻՆԸ

Մի մեծահարուստ ազնվատոհմ մարդ արժանապատիվ ու շատ սիրելի մի կին ուներ։ Մի օր, երբ խոսում էին Եվայի մասին, կինը, ինչպես կանանց սովորությունն է, պարսավում է Եվային, մեղադրում նրան, թե մի պտղի համար իր ցանկությունը կատարելով, ամբողջ մարդկությանը այսպիսի տառապանքի ու թշվառության մատնեց։ Ամուսինն ասում է.

– Մի պարսավիր նրան, դու ևս այդպիսի իրադրության մեջ նույնը կանեիր։ Ես կամենում եմ քեզ ավելի հեշտ պատվիրան տալ, և դու չես կարող այն պահել։

– Ո՞րն է պատվիրանն այդ, – հարցնում է կինը։

Պատասխանում է.

– Այն օրը, երբ բաղնիք գնաս, ոտաբոբիկ չմտնես այն տիղմի մեջ, որ մեր գավթի մոտ է։

Գավթի մոտ ժահահոտ ջուր կար, ուր հավաքում էին տան ամբողջ աղբը։

Մինչ կինը ծաղրում էր պատվիրանազանցությունը, ամուսինն ասում է,

– Արի ուխտ դնենք մեր միջև, եթե դու հնազանդ լինես, քեզ քառասուն լիտր արծաթ տամ, եթե ոչ դու նույնքան ինձ պարտական լինես:

Այս բանը շատ դուր եկավ կնոջը։ Եվ ամուսինը կնոջից թաքուն լրտես նշանակեց տիղմի մոտ։

Զարմանալի բան. այն պատվական ու համեստ կինը այդ օրվանից այն տեղով չէր անցնում, որ չնայի տղմին, բայց ինչքան բաղնիք էր գնում, միտքը խռովում էր ու տատանվում տղմոտ տեղի պատճառով։ Մի օր էլ բաղնիքից ելնելով, ասում է իր աղախնին.

– Եթե այդ տիղմը չմտնեմ, կմեռնեմ:

Եվ իսկույն բարձրացնելով շորերը, կատարեց իր ցանկությունը։ Անմիջապես լուրը հասավ ամուսնուն։ Եվ նա, ուրախացած, տեսնելով նրան՝ ասում է.

– Ինչպե՞ս է, տիկին, այսօր լավ լողացա՞ր։

– Շատ լավ, – պատասխանում է կինը։

Ապա ամուսինն ասում է.

– Իսկ մեկնումեկը մտե՞լ է տղմուտ ջրի մեջ։

Այս խոսքի վրա կինը ամոթահար լռեց, տեսնելով, որ իր հանցանքը հայտնի է դարձել։ Այնժամ ամուսինն ասում է կնոջը.

– Ո՞ւր է քո անսխալական միտքը, քո հնազանդությունը, որ դու պարծենում էիր։ Եվայի հետ համեմատած քո խնդիրն ավելի դյուրին էր, բայց չկարողացար դիմանալ։ Դե տուր պարտքդ։

Եվ քանի որ կինը փող չուներ, ամուսինը նրանից առավ բոլոր մեծագին զարդերը և բաժանեց ուրիշների, որպեսզի կինը որոշ ժամանակ ինքն իրեն տանջի։

ՍԱՏԱՆԱՆ ԵՎ ԻՐ ՅՈԹ ԴՈԻՍՏՐԵՐԸ

Մի օր սատանան մտածեց ամուսնանալ և ծնել յոթ աղջիկ, նրանց ուրիշների հետ ամուսնացնելու և փեսաներին իր տունը, այսինքն՝ դժոխք, տանելու։

Ամուսնացավ և կին առավ մեկին, որ կոչվում էր Անիրավություն, որից ծնվեցին յոթ աղջիկներ՝ նրա փափագի համաձայն։ Առաջինին անվանեց Հպարտություն և ամուսնացրեց ոստիկանների հետ, երկրորդին կոչեց Ագահություն և հարսնացրեց մեծամեծներին, երրորդին հորջորջեց Խաբեություն և կնության տվեց գռեհիկներին, չորրորդին անվանակոչեց Նախանձ և տվեց արվեստագետներին, հինգերորդի անունը դրեց Կեղծավորություն և պսակեց կրոնավորների հետ, վեցերորդին Սնափառություն կոչեց և հանձնեց կանանց, յոթերորդին, որի անունը Ողջախոհություն կնքեց, չկամեցավ հարսնացնել ո՛չ մեկին, թողեց նրան շրջելու անհայրենիք, իբրև անբարոյական, որպեսզի յուրաքանչյուրը նրանով զմայլվի։

ԽՈՀԵՄ ԿԻՆԸ

Երկու վաճառական ընկեր կային, շրջում էին միասին օտար երկրներում և առևտուր անում։ Մեկը անհաշիվ հարստության տեր էր, մյուսը՝ չափավոր։ Մեծատունը շատ գեղեցիկ կին ուներ, ինչպես կերևա իմ հետագա խոսքից էլ։

Այդ գեղեցիկ կնոջ ամուսինը մահացավ և երկրորդ վաճառականը, որ մեծատան ընկերն էր, սիրեց ընկերոջ կնոջը՝ գեղեցկության, խոհեմության ու հարստության համար։ Եվ ցանկանում էր նրան կնության առնել, բայց անհարմար էր զգում ասել։

Իսկ համեստ կինը, որ իմաստուն էր, գլխի ընկավ և ասում է նրան.

– Պարոն Սիմեոն, – այսպես էր նրա անունը, – տեսնում եմ՝ միտքդ շփոթված է։ Ինձ ասա քո մտքինը, ես կթեթևացնեմ հոգսդ։

Իսկ նա առաջ վախեցավ, հետո խոստովանեց.

– Տիկին, ուզում եմ քեզ լծակից լինել, հետևել քո կամքին ու իմաստությանը:

Կինն ասում է.

– Եթե անես՝ ինչ որ պատվիրեմ, կկատարեմ քո կամքը:

Նա պատասխանում է.

– Ամեն ինչ, որ հրամայես` անհապաղ կկատարեմ:

Կինն ասում է.

– Գնա քո խանութը և ոչինչ չուտես, մինչև քեզ կանչեմ: Աստված վկա, ես էլ ոչինչ չեմ ուտի մինչև քո գալը:

Սիմեոնը երդումով խոստացավ կատարել կարծում էր նույն օրն է կանչելու իրեն: Անցավ մի օր, երկու օր, երեք, և կինը չէր կանչում: Իսկ նա համբերում էր երդման և սիրո պատճառով։

Չորրորդ օրը, երբ սովից վհատ ու նվաղած էր, տիկինը կանչեց Սիմեոնին, որ ոտքով գնալ չէր կարող, այլ նստեցրին ձիու վրա ու տարան։

Տիկինը խորտիկներով լի սեղան էր բացել և անկողին էր պատրաստել նրա գալուց առաջ։ Երբ Սիմեոնը տուն մտավ, տիկինը մեկուսի ծածուկ ասում է նրան.

– Արի և տես, պատրաստել եմ սեղան և անկողին։

Այդ տեսնելով Սիմեոնը շատ ուրախացավ։

Իմաստուն կինը ասում է նրան.

– Այս սեղանը, այս էլ մահիճը՝ քո կամքի համաձայն: Ո՞րն ես նախընտրում։

Սիմեոնն ասում է.

– Խնդրում եմ քեզ, կերակուր տուր ինձ, որովհետև, ուժասպառ եմ լինում. սաստիկ սովածությունից և ուժասպառությունից չեմ հիշում, թե ինչ է կինը։

Այնժամ կինն ասում է.

– Մինչ սովեցիր, կերակուրն ավելի ախորժեցիր, քան իմ և բոլոր կանանց սերը։ Այսուհետև, երբ այդպիսի մտքերը քեզ նեղեն, այդ դեղն օգտագործիր և կազատվես բոլոր ախտավոր խորհուրդներից։ Եվ հավատա, որ իմ ամուսնու մահից հետո ոչ քեզ, ոչ այլ մարդու չեմ ցանկանա։

ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿԻՆԸ ԵՎ ՉԱՐ ՊԱՌԱՎԸ

Մի պառավ տեսավ տխրադեմ մի երիտասարդի, որ նստել էր ծառի տակ, դրամով լի քսակը ձեռքին։ Հարցրեց նրան, թե ինչ է պատահել։

Պատասխանեց.

– Ես սատանան եմ և մեծ ցանկություն ունեմ այսինչ մարդու և նրա կնոջ մեջ խռովություն գցելու, բայց չունեմ ճարտար լեզու, դրա համար չեմ կատարում ցանկությունս: Քանի որ դու ճարտարախոս ես, այս դրամը քեզ եմ տալիս, որ անես։ Պառավը գնաց կնոջ մոտ և ասաց.

– Ամուսինդ, օրենքներին հակառակ քեզ դավաճանեց։ Կտեսնես, մի աղջիկ կգա ամուսնուդ մոտ, որ հանդերձանք տանի անպատշաճ գործերի համար։

Հետո գնաց ամուսնու մոտ, ասաց.

– Քո կինը մի քահանայի հետ ծանոթություն ունի:

Երբ իրար հետ խոսում էին, ես սյան մոտ աղոթք էի անում և լսեցի, որ վաղը միասին են լինելու։

Տես չար պառավի որոգայթը։ Այն, որ սատանան իր գտած չարիքները երկար ժամանակ իրագործել չկարողացավ, սա կարճ ժամանակում կատարեց։ Այնուհետև պառավը աղջկան ուղարկեց, վերցնելու հանդերձանքը, որ ինքը գնել էր, երբ այս բանն ասում էր այն մարդուն։ Կինը երբ տեսավ, կարծում էր չար մտքով է եկել աղջիկը։

Երբ իրիկնացավ` խեղճ մարդու ախորժակը փակված էր. մտածում էր քահանայի մասին։ Դրանից հետո, պառավի խորհրդով, քահանան և կինը խոսեցին իրար հետ։ Ամուսինը տեսավ ու վատ կարծիք կազմեց կնոջ մասին։ Հետո պառավը խրատ տվեց կնոջը, որ ամուսնու մորուքի մազերը կտրի և տա իրեն՝ դեղ պատրաստելու, որով ամուսինը բոլոր կանանց կատի։

Գնալով ամուսնու մոտ, պառավն ասում է.

– Քո կինը քահանային խոստացել է քեզ այս գիշեր սպանել, զգուշացիր։

Ամուսինը լուրջ դեմքով տուն է գնում, հաց ուտում և սուտ քուն մտնում։

Երբ կինն ածելիով ցանկանում էր մորուքից մի քիչ մազ կտրել, ամուսինը բռնեց ձեռքը և աղաղակեց.

– Ճրագ բերեք։

Բարեկամները հավաքվեցին, մեծ աղմուկ ու իրարանցոuմ եղավ։ Այդ տեսնելով, սատանան պառավին ասում է.

– Երեսուն տարի աշխատում էի այս խռովությունն առաջացնել, չէր հաջողվում։ Իսկ դու երեք օրում կատարեցիր, քանզի ունես ազնիվ դժոխային լեզու և արժանի ես դժոխքին ավելի, քան ես։ Ու նրան վերցրեց տարավ իր հետ։

ՄԱՃԿԱԼՆ ՈՒ ՕՁԸ

Գնում էր մաճկալը վար անելու և տեսավ ճանապարհին մի սառած օձ։ Վերցրեց, գցեց ծոցը, ասելով.

– Երբ տաքանա, ազատ կարձակեմ և լավություն արած կլինեմ։

Երբ տաքացավ, օձը փաթաթվեց մաճկալի մեջքին ու ասաց.

– Խայթելու եմ քեզ, որ մեռնես։

– Ինչ եմ արել քեզ, – հարցրեց մարդը։

– Լավությանը լավություն չկա, – պատասխանեց օձը:

– Անաստված բան մի արա, – հորդորեց մաճկալը, – մեկ անգամ արեցիր այդ Ադամին և արժանացար աստծո անեծքին։ Այլևս մի՛ անիր, իսկ եթե անելու ես, երկու վկայի հարցնենք, հետո ինչ ուզես՝ արա:

– Բեր վկա։

– Ա՛յ եզ, – դիմում է մարդը եզանը, – այս քանի տարի է դու իմ տանն ես, միասին աղ ու հաց ենք կերել, մեզ դատաստան արա։

– Թե լավությանը լավություն լիներ, – ասում է եզը, – լավ եզանը դանակի չէին տա։ Այս քանի տարի է, որ վարում եմ և վաստակում, բայց երբ այլևս չկարողանամ, պիտի մորթես և միսս ուտես։ Խայթի՛ր, օձ։

– Մ՛ի վկա էլ է հարկավոր, – ասում է մաճկալը։ Հանդիպում են մի աղվեսի։

– Արա մեզ դատաստան, և քեզ մի տիկ պանիր կտամ, – գաղտնաբար ասում է մաճկալն աղվեսին։

– Եթե ուզում եք, որ դատաստան անեմ, թող օձը դուրս գա ծոցիցդ։ Հավասար կանգնեցեք, որպեսզի արդար դատեմ։

Եվ երբ օձն ելավ մարդու ծոցից, աղվեսն ասաց հողագործին.

– Խփի՛ր ձեռքիդ մահակով և սպանիր օձին։

Հողագործը խփեց և սպանեց օձին։ Ապա աղվեսը դիմեց նրան.

– Գնա, բեր պանիրը, որովհետև ազատեցի քեզ:

Գնաց մարդը և փոխանակ պանրի, երկու շուն բերեց, որոնք հարձակվեցին աղվեսի վրա և բզկտեցին նրան։

Փրկվելով, հեռու է փախչում աղվեսն ու զղջալով ասում է.

– Դու՝ ո՜վ և դատավորն՝ ո՛վ, ախր գիտեիր, որ լավությանը լավություն չկա։

ԵՐԿՈԻ ԱՐԴԱՐ ՄԱՐԴԻԿ

Ղալա թ աչում ապրող մի մարդ աղքատացավ։ Նա մի արտ ուներ, որը վաճառեց ոմն հարստի։ Սա եզներով արտը վարելիս գտավ երեք կարաս ոսկի։ Մարդ ուղարկեց արտի տիրոջ մոտ, ասելով.

– Եկ ինձ մոտ, քո արտի մեջ գտել եմ երեք կարաս ոսկի: Վերցրու, որովհետև քոնն է։

– Արտը քեզ եմ վաճառել, գինն առել եմ, – պատասխանում է արտատերը, – գտածդ էլ քոնն է։

– Ես արտն եմ գնել երեսուն դահեկանով, – ասում է արտը գնողը, – և ոչ թե՝ ոսկին, ե՛կ քո ոսկուն տեր կանգնիր։

Եվ այսպես վիճում էին ու կռվում իրար հետ բարության կռվով։ Դիմեցին թագավորին։

Թագավորը, պատրիարքն ու քաղաքի իշխանները հավաքվեցին մի տեղ, ասելով.

– Տեսնենք, ինչ ճշմարիտ վճիռ պիտի հանենք այս արդարների վերաբերյալ։

Եվ պատրիարքը հրամայեց.

– Տվեք մեկ կարաս ոսկին արքունիքին, մյուսը՝ եկեղեցուն։

Իսկ երրորդ կարասի ոսկին բաժանեցին երկուսին։ Արտ գնողի դստերն ամուսնացրին արտատիրոջ որդու հետ և հաշտեցրին նրանց։

Արտ գնողը ցորեն ցանեց իր արտում և երբ եկավ հնձելու ժամանակը, ցորենն ափի մեջ ճզմելիս տեսնում է, որ մարգարիտ են կտրել հատիկները։ Լցրեց իր ափը մարգարտով, հիացավ, փառք տվեց աստծուն և գնալով պատմեց թագավորին։ Եկան, քաղեցին մի փունջ, տարան Կոստանդնուպոլիս, հիշատակի համար դրեցին թագավորի ապարանքում։

Անցան շատ տարիներ, վախճանվեց թագավորը, հետո որդին թագավորեց և գնաց մի օր պալատում շրջելու։ Երբ տեսավ, որ մի փունջ ցորեն կա պահած, զարմացավ. «Հայրս կարծել է, թե թանկություն պիտի լինի, որ սերմը գանձարանում է պահել»:

 

Հետո ձեռքն առավ ցորենը և փշրեց։ Երբ տեսավ, որ մարգարիտ է թափվում, հիացավ, զարմացավ, փառք տվեց աստծուն և հրամայեց.

– Հայտնեցեք երկրով մեկ, գուցե գտնվի տեղյակ մեկը, որ պատմի մեզ։

Եվ գտան մի ալևոր ծերունու, որ գալով պատմեց այս բոլորը մեկ առ մեկ։

ԱՂՋԿԱ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Մի քաղաքում կար դիրքի ու հարստության տեր մի մարդ, որ ուներ բազում գանձեր, ոսկի, մարգարիտ, թանկագին ակեր։ Այն քաղաքում չկար նրանից հարուստ մեկը։ Նա ծերացել էր ու զավակ չուներ և զավակի համար ամեն օր աղաչում էր աստծուն, որ տվեց նրան որդի աննման ու գեղեցիկ: Երբ մեծացավ տղան, հայրը նրան ուսման տվեց։ Սա սովորեց ամեն տեսակ իմաստասիրական բաներ և անհաղթ բանավիճող էր, բայց հետո զեխանալով սպառեց ծնողնհրի գանձերը և սնանկացրեց։

Որդին ասաց հորն ու մորը.

– Ուզո՞ւմ եք հեռանալ այս երկրից, գնալ օտար աշխարհ, ուր մեզ չեն ճանաչի. այնտեղ ամոթը թողած կմուրանք և կապրենք. ո՛չ մենք կտրտմենք, ոչ չարկամը կուրախանա։

– Դու գիտես, որդյակ, – ասացին ծնողները։

Հորն ու մորը վերցրեց պատանին, գնաց Հռոմ քաղաքը, որտեղ կար իմաստուն ու բարի մի թագավոր։ Այն օրը թագավորը որսի էր ելել: Երբ որսից վերադարձավ, պատանին մտավ նրա մոտ, ծունկի եկավ ու մնաց։ Թագավորն սկսեց խոսել նրա հետ և ասաց.

– Ի՞նչ ես խնդրում, որ քեզ տամ։

Մանուկն ասաց.

– Թագավորն ապրած կենա, ես երկու ծառա ունեմ՝ այր և կին, ցանկանում եմ վաճառել, խնդրում եմ նրանց գնես։ Թագավորը համաձայնեց։

Գնաց տղան հոր և մոր մոտ, ասաց.

– Ինչպես ինձ հարմար է, այնպես եմ անում. դուք առանձին կապրեք, ես առանձին:

– Դու գիտես, որդյակ, – ասացին ծնողները։

Մանուկն ասաց.

– Ուզում եմ ձեզ վաճառել այս թագավորին, որ ձեզ համար բարի լինի, ինձ նույնպես, բայց կաշխատեմ շուտով ձեզ ազատել։ Այժմ ի՞նչ եք հրամայում։

– Դու գիտես, որդյակ, – ասացին նրանք։

Մանուկն առավ հորն ու մորը, գնաց թագավորի մոտ.

Թագավորը հարցրեց, թե քանիսով է վաճառում։

Մանուկն ասաց.

– Այս կին ծառայիս դիմաց ինձ տուր մի լավ ձի, զեն ու զարդ։ Տղամարդու դիմաց տուր պատվական հանդերձ և զգեստ։

Թագավորը հրամայեց, և տվեցին նրա խնդրածը ամբողջապես, և մի սուր՝ ոսկե գոտիով։ Ապա ասաց թագավորը.

– Ուրի՞շ ինչ կուզեիր խնդրել ինձնից, խնդրիր, և կտամ։

Տղան պատասխանեց.

– Ինձ տուր նաև հարյուր ֆլորին ճանապարհի ծախս։ Այդ էլ տվեցին թագավորի հրամանով։

Թագավորը դարձյալ հարցրեց.

– Ուրիշ ի՞նչ ես ուզում։

– Թույլ տուր ինձ, որ խոսեմ քո ծառաների հետ, որ գնեցիր ինձնից, և նրանց օրհնությունն ստանամ։

Այնժամ թագավորը գլխի ընկավ, որ այն ծառաները նրա ծնողներն էին, հրաման տվեց մանկանը, և նա գնաց ընկավ ծնողների ոտքերը ու ասաց.

– Անհոգ եղեք, ձեզ շուտով կազատեմ:

Եվ ծնողներն օրհնեցին իրենց զավակին։

Տղան լալով բաժանվեց ծնողներից։ Եվ երեք օր, երեք գիշեր գնաց, հասավ մի դաշտ։ Ճանապարհին հանդիպեց մի լավ տղայի, բարևեցին միմյանց ու դարձան ճանապարհի ընկեր։ Երբ ընկերացան, մյուս պատանին իմացավ, որ մանուկը վաճառել էր հորն ու մորը, ասաց.

– Գիտցիր, եղբայր, որ իմ թագավորը ինձ շատ է սիրում, որի համար հրովարտակը տվել է ինձ, որ տանեմ կղզիների թագավորին ու նրանից մեծամեծ պարգևներ ստանամ։ Հիմա տեսնում եմ, որ դու խոհեմ տղա ես, ավելի լավ ձիավոր, քան ես։ Վերցրու թուղթը, դու տար այն թագավորին, որ քեզ շատ բարիքներ պարգևի։ Եվ ինչի որ աստված արժանի է արել՝ քեզ լինի։ Իսկ ես այնտեղ կսպասեմ, մինչև վերադառնաս։

Մանուկն առավ թուղթը, դրեց կաշվեհյուս քսակի մեջ ու գնաց: Հանկարծ հիշեց ծնողներին ու լաց եղավ, և շատ հառաչելուց հետո քնեց ձիու վրա։ Ձին շեղվելով կորցրեց ճանապարհը։ Երբ արթնացավ, ծարավ էին ինքն էլ, ձին էլ, իսկ ջուր չկար։ Մոլոր շրջում էին։ Գտնվեց մի հնօրյա ջրհոր, ու ծարավից տղան ուզում էր մեջն ընկնել։ Հետո հանեց սեկահյուս քսակը, որի մեջ թուղթն էր, պարանով կապեց ու դրանով ջուր հանեց, խմեց ու խմեցրեց ձիուն, հետո սկսեց կարդալ այն նամակը, որ գրված էր այսպես.

«Այսինչ կղզիների թագավորին ողջույն սիրո.

Գիտեցիր, եղբայր, որ այս նամակաբերը անհավատ մարդ է ու նենգավոր։ Այստեղ դա մեծ դիրք ուներ և սպառում էր բոլոր գանձերը։ Մերձեցավ իմ դստերը և վնաս պատճառեց նրան, և ես կամեցա նրան կործանել, ուղարկեցի քեզ, որ ոչ ոք այստեղ չիմանա մեր խայտառակությունը։ Դրա համար ուղարկեցի քեզ, կորցրու սրան ի սեր մեր եղբայրության»։

Երբ մանուկն այս իմացավ, պատռեց թուղթը, օրհնեց իր ծնողներին, որ իրեն ուսում են տվել, և իր գիտությամբ ազատվեց մահից, և աղաչեց աստծուն՝ իրեն ճանապարհ ցույց տալ, որովհետև մոլոր շրջում էր ցերեկ ու գիշեր, փնտրում էր այն քաղաքը, ուր գնալու էր։ Աստված ցույց տվեց ճանապարհը, և նա մտավ այն քաղաքը։

Քաղաքի թագավորը մեծ էր, քաղաքը՝ բարելի։ Մանուկն իջևանեց մի պառավի տանը։ Փոքր–ինչ հանգստանալուց հետո պառավից հետաքրքրվեց թագավորի ու քաղաքի որպիսության մասին։ Պառավն ասաց, որ թագավորը մի դուստր ունի՝ խիստ աննման և գեղեցիկ, իմաստուն, որ նրա նմանը չկա, բայց մանկությունից մինչև այսօր սպանել է տվել ինսունինը թագավորազնի։

Մանուկը հարցրեց, թե ինչի համար է սպանել տալի:

– Որդյակ, – ասաց պառավը, – այդ աղջիկն ասում է՝ ով ինձ հաղթեց իմաստությամբ, ինձ ամուսին կդարձնեմ, իսկ եթե ես հաղթեմ նրան, սպանել կտամ։ Եվ հաղթում է թագավորների որդիներին ու գլխատում։ Նրանց գլուխներն էլ իր աշտարակի վրա ցցել է տալիս։ Իսկ դա ամբողջ քաղաքից երևում է։ Նա ունի ոսկե աթոռ՝ ակնեղենով ու մարգարտով զարդարած, այնտեղ նստում և նայում է մարդկանց։ Իրեն ոչ ոք չի կարող տեսնել։ Մի ծեր թարգման ունի. նա է խոսում իր մոտ գնացող մարդկանց հետ։

Մանուկն այս լսելով պառավից, ամբողջ գիշերը չքնեց, երբ լուսացավ, գնաց բաղնիք. հագավ իր ոսկեկար հանդերձը, օծվեց անուշահոտ մշկով ու բուրկենով, գնաց թագավորի դստեր պալատը, իրավունք խնդրեց ներս մտնելու։ Մարդիկ, որ դռանն էին, խորհուրդ տվեցին զգուշանալ:

Եվ երբ մանուկը ներս մտավ, բարևեց աղջկան։ Սա հրամայեց սպասավորներին, ոսկեղեն աթոռ դրեցին, որի վրա նստեց մանուկը։ Աղջիկը հասկացավ, որ պատանին իր հարցմունքին պատասխանելու է եկել։ Ուստի աղջիկն իմաց տվեց իր հորն ու մորը և քաղաքի իմաստուններին ու իշխաններին, որոնք եկան հավաքվեցին այնտեղ։ Եվ աղջիկն ասաց ծեր թարգմանին.

– Ասա այդ մանկանը՝ կկամենա ըմպել մահու բաժակ այն գավաթից, որից խմել եմ տվել իր նմաններին։

Եվ մանուկը թարգմանին ասաց.

– Օրհնյալ լինի տիրոջ կամքը, տերն ինչպես կամենում է, այնպես է անում։

Այնժամ աղջիկն ասաց հոր և մոր, քաղաքի իմաստունների ու իշխանների ներկայությամբ.

– Եթե այս պատանին պատասխան տա իմ հարցումին, ինձ կնության կառնի, իսկ եթե ոչ սպանել կտամ նրան, դրա համար բոլորդ վկա եղեք խոսքերիս։ Պատանին ևս համաձայնեց աղջկա առաջարկությանը։

ՀԱՐՑՄՈՒՆՔ Ա

Աղջիկն ասում է.

– Ո՞վ է քո հայրը:

Մանուկը պատասխանում է.

– Հողմը և հուրը։

Աղջիկը հարցնում է.

– Ո՞վ է քո մայրը։

Մանուկն ասում է.

– Հողը և ջուրը։

Աղջիկը.

– Ո՞ր կենդանակերպի տակ ես ծնվել:

Մանուկը.

– Խոյի:

Աղջիկը.

– Ո՞վ է դայակդ։

Մանուկը.

– Նա, որ տեսնում է ինձ, իսկ ես նրան` ոչ։ Նա լսում է իմ ձայնը, ես նրանը՝ ո՛չ։

Եվ աղջիկն ասաց.

– Այս հարց–պատասխանիքը մանկական զբաղմունք են, թողնենք դրանք և սկսենք նորից։

Աղջիկն ասում է.

– Ո՞ւմ արյունն է այն, որ անմեղ սպանությամբ թափվեց երկրի վրա։

Մանուկն ասում է.

– Աբելի արյունն էր, որին իր եղբայր Կայենը սպանեց:

– Ովքե՞ր էին, որ չծնվեցին մորից, բայց ապրեցին երկրի վրա, և հետո մեռան։

Մանուկը.

– Ադամն ու Եվան էին և այն խոյը, որ կախեց Սաբեկը ծառից և որը վերցնելով Աբրահամն իր որդի Իսահակի փոխարեն ողջակիզեց։

Աղջիկը.

– Ովքե՞ր էին, որ ծնվեցին հորից ու մորից և չմեռան:

Մանուկը.

– Ենովքն ու Եղիան, որ մարմնով վերացան երկինք:

Աղջիկը.

– Այն ի՞նչ ծառ էր, որ ուներ ճյուղ և տերև, հետո միս ու արյուն դարձավ։

Մանուկը.

– Գա Մովսես մարգարեի գավազանն էր՝ ուներ ճյուղ ու տերև, իսկ երբ օձ դարձավ, միս ու արյան վերածվեց։

Աղջիկը.

– Ո՞վ էր այն, որին աստված դեսպան ուղարկեց Ադամի մոտ, որ ոչ հրեշտակ էր, ոչ մարդ:

Մանուկը.

– Երբ Կայենն սպանեց իր եղբայր Աբելին, նրա հայր Ադամը չգիտեր, թե ինչ անի մահացածի մարմինը։ Դրա համար աստված իբրև դեսպան երկու ագռավ ուղարկեց։ Գալով Ադամի մոտ մեկը մյուսին սպանեց և հողում թաղեց։ Ադամը, սովորելով նրանից, փորեց գետինը և թաղեց իր որդի Աբելի մարմինը։

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ մեռավ և իր մարմինը չթաղվեց հողում։ հոգին չգնաց աստծո մոտ:

Մանուկը.

– Դա Ղովտի կինն էր, որ սոդոմացվոց երկրից ելնելիս հակառակվեց աստծո հրամանին և ետ նայեց ու աղե արձան դարձավ։

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ երբ տարան գազաններին կերակուր դարձնելու, գազանները նրան թողին, տանողին կերան։

Մանուկը.

– Դանիել մարգարեն էր, որին տարան առյուծներին կերակուր դարձնելու, գազանները տանողին կերան։

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ գերեզմանում թաղվեց, բայց ողջ մնաց:

Մանուկը.

– Այդ Հովնան մարգարեն էր, որին ձուկը կուլ տվեց, և ինքը ձկան փորում ողջ մնաց։

Աղշիկը.

– Ո՞վ էր, որ երբ կենդանի էր՝ հարդ և գարի էր ուտում, ջուր խմում, երբ մահացավ, մարդու միս ու արյուն կերավ և ըմպեց։

Մանուկը.

– Դա այն ավանակի ծնոտն էր, որը մանուկ Սամսոնն առավ ձեռքը և նրանով հազար մարդ սպանեց:

Աղջիկը.

– Ո՞ւմ մարմինն էր, որ հողը դրին, հողն ասաց՝ ես կույս եմ։

Մանուկը.

– Աբելի մարմինն էր, որ հողը մտնելու սկիզբը դրեց։

Աղջիկը.

– Ո՞վ է, որ ոչ հրեշտակ է, ոչ մարդ և ոչ կենդանի, բայց տասնհինգ տարի թագավորում է և տասնվեցերորդ տարում հիվանդանում, երեսուներորդին մահանում ու վերստին կենդանանում։

Մանուկը.

– Լուսինն է, որ ամսի տասնհինգերորդ օրը լրումն առնում, տասնվեցերորդից սկսում է սակավ առ սակավ նվազել մինչև քսանիններորդ օրը, և երեսուն օրը լրանալիս՝ նրա պայծառ լույսը չի երևում առաջվան նման, կարծես մեռնում է, ապա վերստին սկսում կենդանանալ։

Աղջիկը.

– Այն ի՞նչ ծառ է, որ տասներկու ճյուղ ունի, դրանցից յուրաքանչյուրը՝ երեսուն տերև, իսկ պտուղը սև ու սպիտակ է.

Մանուկը.

– Այդ ծառը տարին է ցույց տալիս, տասներկու ճյուղերը տարվա ամիսներն են, իսկ սև ու սպիտակ պտուղը գիշերն ու ցերեկը։

Աղջիկը.

– Ի՞նչ երկու բան են միմյանց հակառակ և իրար ետևից են գնում, չեն կարող մեկը մյուսին բռնել։

Մանուկը.

– Ցերեկն ու գիշերը, որ միշտ ներհակ են միմյանց. մեկը մյուսին վտարում է իրենից՝ կա՛մ արևի ծագմամբ լուսավորելով ամբողջ տիեզերքի ոլորտները, կամ խավարով պատելով երկրի երեսը։

Աղջիկը.

– Ի՞նչ թռչուն է, որ ուտում է բույսերը՝ ցորենի հարդը, գարին սպառում։

Մանուկը.

– Մորեխն է այդ, որ փոքրիկ թևավոր կենդանի է, թռչում, ոստոստում է, ուտելով ծակում է բույսերը, թռչելով ծածկում երկնի դեմքը բազում մղոններով։

Աղջիկը, տեսնելով մանկան համարձակությունը, որ աներկյուղ տալիս է իր հարցերի պատասխանները, ասաց նրան.

– Գնա այստեղից, պատանի, որովհետև թեպետ այսօր իմ ձեռքից ազատվեցիր, վաղը տեսնենք, թե ինչպես կարող ես ազատվել:

Եվ մանուկը պատասխանեց նրան.

– Նույն աստվածը, որ ինձ այսօր փրկեց քո ձեռքից, կարող է վաղը ևս փրկել: Այս ասելով ուրախադեմ գնաց իր իջևանը՝ պառավի մոտ, էր լալիս ու կոծում էր, մտածելով, թե մանուկը մեռել է: Երբ նրան ողջ տեսավ, ուրախացավ և ասաց.

– Բարի երկար, որդյակդ այսօր նոր ծնվեցիր քո մորից։

Եվ բոլորը, որ տեսան մանկանը ողջ՝ խիստ զարմացան, որովհետև մինչ այդ ոչ ոք չէր ազատվել արքայադստեր ձեռքից։

Առավոտյան տղան գնաց արքայադստեր պալատը, բարևեց, և նա հրամայեց սպասավորներին, բերին նույն ոսկեղեն աթոռը, տղան նստեց։

Եվ աղջիկն ասաց.

– Բարով եկար, պատանի։ Այսօր էլ կարո՞ղ ես պատասխան տալ իմ հարցերին։

Եվ նա ասաց.

– Մեծ է աստծո զորությունն ու կարողությունը, որովհետև ինչ որ մարդու համար անհնարին է, հնարավոր է նրա համար: Ուստի, արքայադուստր, հարցրու՝ ինչ կամենաս:

ՀԱՐՑՄՈՒՆՔ Բ

Աղջիկն ասաց.

– Ո՞վ էր այն էգը, որ ծնվեց որձից։

Մանուկը պատասխանեց.

– Եվան էր, որ աստծո հրամանով ծնվեց Ադամի կողից:

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ մարդ սպանեց, իր հոգին արքայություն գնաց, մեռնողինը դժոխք:

Մանուկը.

– Ղամեքը, որ սպանեց Կայենին. իր հոգին արքայություն գնաց, Կայենինը՝ դժոխք, որովհետև սա անմեղ տեղը սպանել էր իր եղբայր Աբելին:

Աղջիկը.

– Ո՞վ էր, որին գցեցին փոսը՝ գազաններին կերակուր դառնալու, իսկ դրանք չկերան։

Մանուկը.

– Հովսեփ Գեղեցիկը, որին եղբայրները տարան գցեցին հորը, որ կերակուր լինի գազաններին, բայց գազանները չկերան նրան, և նա ողջ մնաց։

Աղջիկը.

– Ո՞վ էր, որ հոր մերկությունը հայտնեց իր եղբայրներին և հետո հորից անեծք ստացավ։

Մանուկը.

– Այդ Քամն էր, որ տեսավ իր հայր Նոյին գինուց հարբած՝ մերկ ննջելիս տանը և չծածկեց մերկությունը, այլ հայտնեց իր եղբայրներին։ Դրա համար նա իր հորից անեծք ստացավ, իսկ եղբայրները՝ օրհնություն, որովհետև նրանք իրենց երեսները շրջելով, ծածկեցին իրենց հոր մերկությունը։

Աղջիկը.

– Ո՞վ էր այն մանուկը, որին իր մայրը դնելով տապանակի մեջ, գետը գցեց, և նա ողջ մնաց:

Մանուկը.

– Մովսես մարգարեն էր, որին չորս տարեկան ժամանակ մայրը փարավոնի ահից դրեց արկղի մեջ, կպրաձյութով ծեփեց, նետեց գետը։ Փարավոնի դուստրը տեսնելով հանեց գետից, բացեց տապանակը և նրա միջից հանեց մանկանը։

Աղջիկը.

– Ո՞վ էր փոքր մարմնով, մանուկ հասակով, և իրենից մեծ ու զորեղ մեկին մի քարով սպանեց։

Մանուկը.

– Դավիթ մարգարեն, փոքր էր իր եղբայրներից, ընդդիմացավ զորավոր ու հսկա Գողիաթին և մի պարսաքարով խփեց նրա ճակատին, վրա հասնելով խլեց նրա սուսերը և կտրեց գլուխը։

 

Աղջիկը.

– Այն ի՞նչ ցածր տեղ է, որ աշխարհի ստեղծումից ի վեր արևի լույս չի տեսել։

Մանուկը.

– Դա ծովի հատակն է։

Աղջիկը.

– Այն ի՞նչն է. Օրորվելով գնում–գալիս,

Ւր հետ պարան է քարշ տալիս,

Բազմում բարձի վրա բեհեզ,

Որս է անում բազեի պես։

Մանուկը.

– Կատուն։

Աղջիկը.

– Ի՞նչ երկու բան են, որ քանի ապրեն՝ այնքան մեծանում են, այնպես, որ չի լինի նրանցից մեծ։

Մանուկը.

– Մեկը ձուկն է, մյուսը՝ օձը։ Ձուկը որքան սնվում է ջրում, այնքան մեծանում է, և չի լինի ավելը մեծ, քան նա։ Օձը նույնպես՝ քանի սկսում է սողալ երկրի վրա, այնքան շատ աճում է և մեծանում, ու չի լինի ավելի մեծը՝ քան նա:

Աղջիկը.

– Այն ի՞նչ երկու սիրելի են, որ ատում են միմյանց:

Մանուկը.

– Հոգին ու մարմինն են մարդու, մինչ միավորյալ են իրար հետ, սիրում են միմյանց, բայց երբ բաժանվում են. ատում են իրար:

Աղջիկը.

– Ի՞նչ երկու բան կա, որ երբեմն մարդուն աղքատացնում են ու վերստին դարձնում հարուստ ու փարթամ։

Մանուկը.

– Մետաքսի որդը և մարդու խելքը։ Որդը երբեմն քիչ մետաքս է տալիս, և տերն աղքատ է լինում, երբեմն էլ առատ է տալիս ավելի, քան ակնկալում էին, և հարստացնում է։ Նույնպես և մարդու խելքը. երբեմն առևտրի մեջ սխաղվելով բազում վնաս է բերում, սնանկացնում մարդուն կամ հակառակը՝ հարուստ ու փարթամ է դարձնում:

Աղջիկը.

– Այն ի՞նչ տուն է, որի մեջը լի է ոսկով, ու նրա դուռը, շրջապատված է արծաթով, բայց երբ իր որմի մի կողմը արատավորվում ու քանդվում է, չեն կարող շինել, թեկուզ ամբողջ աշխարհի ճարտարներն ի մի հավաքվեն:

Մանուկը.

– Դա ձուն է, որի մեջ դեղնուցը նման է ոսկու և նրա կեղևը նման է արծաթի: Երբ այն կոտրվի, մարդկանցից ոչ ոք չի կարող շինել։

Աղջիկը տեսնելով մանկան համարձակ և աներկյուղ պատասխանները, ասաց նրան.

– Վեր կաց. գնա այստեղից, պատանի։ Թեպետ այսօր ազատվեցիր իմ ձեռքից, բայց վաղը քեզ ըմպել կտամ մահու բաժակը, ինչպես տվեցի քո նախորդներին։

Այսպիսով ուզում էր վախեցնել նրան։

Եվ պատանին առաջվա նման ասաց և այնտեղից ծիծաղելով գնաց իր տեղը։

Առավոտյան, երբ արևը երկրի վրա փռեց իր լույսը, մանուկը գնաց արքայադստեր պալատը, բարևեց նրան ու ասաց.

– Գիշերս բարով լուսացավ քեզ վրա։

Աղջիկը հրամայեց, և դրին ոսկեղեն աթոռը։ Մանուկը նստեց։ Աղջիկն ասաց.

– Ափսոսում ու ցավում եմ քո գեղեցիկ մանկության համար, որովհետև եթե այսօր չկարողանաս պատասխանել հարցերիս, իսկույն պարանոցիդ սուր շարժել կտամ։ Եվ տղան ավելի համարձակ ու աներկյուղ ասաց.

– Հրամայիր, արքայադուստր, ինչ ուզում ես հարցրու: