bepul

Առակներ

Matn
O`qilgan deb belgilash
Shrift:Aa dan kamroqАа dan ortiq

ՃՇՄԱՐՏԱԽՈՍ ԱՂՔԱՏԸ

Մի ծեր մարդ նստած էր իր տանը, երբ անսպասելի կերպով մի աղքատ հերս մտավ։ Ծերունին սիրով ընդունեց նրան, հյուրասիրեց և հարցրեց.

– Ո՞վ ես դու, խեղճ մարդ։

– Ես ճշմարտախոս մարդ եմ, – պատասխանեց նա, – ուր որ գնում եմ, ինձ նախանձում են բոլորը և հանգիստ չեն տալիս։

– Ի՞նչ կ արածդ, – հարցրեց ծերունին:

– Բոլորի պակասությունը երեսներին եմ ասում, չեմ թաքցնում, չեմ կարողանում համբերել։ Այս իսկ պատճառով ինձ հալածում են, քշում։ Այսպես աննպատակ թափառում եմ։

Հաց ուտելուց հետո գնացին քնելու։ Առավոտյան շորերն հագնելիս, աղքատը ծերուհուն մի բան ասելու պահանջ զգաց։ Նա տեսավ, որ տանտերը միաչքանի է և նրա երեսին ասաց պակասությունը։

Անմիջապես բարկացավ ծերունին, դուրս արեց նրան տնից, ասելով.

– Հենց դրա համար տեղ չես գտնում, բոլորին ատելի ես, քանի որ բոլորի պակասությունները երեսներին ես տալիս, արժանի է քեզ այդպես լինելդ։

ԱՂՔԱՏԻ ԱՂՈԹՔԸ

Մի աղքատ մարդ հիվանդանում է ճանապարհին։ Եվ նա աղաչում է աստծուն տուն հասնելու համար մի գրաստ ուղարկել։ Բայց գալիս է մի չարաբարո հեծյալ, ծեծում աղքատին ու ասում.

– Վեր կա՛ց, շալակիր այս քուռակին, որովհետև չի կարողանում գալ իր մոր հետ։

Եվ բարձրանալով տեղից, աղքատը լալիս է դառնագին, որովհետև չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Իսկ չար մարդը շարունակ հարվածում էր։

– Վա՜յ ինձ, աստված իմ, – բացականչում է աղքատը, – փոխանակ թեթևացնելու, ծանրացրիր վիճակս։

Առակս ցույց է տալիս, որ աղքատները տառապում են չքավորությունից և աստծուց խնդրում են ինչք և ունեցվածք, իսկ թագավորներն ու բռնավորները, ինչ գտնում են նրանց մոտ, կողոպտում են։

ԱՐԴԱՐ ՎԱՍՏԱԿԸ

Մի աղքատ վարձկան պահանջեց իր վարձը։ Տանուտերն ասաց.

– Եթե արդարն ես պահանջո՛ւմ, մեկն եմ տալիս, անարդար կերպով ավելին՝ չորսը:

Իսկ նա իր արդար վաստակը պահանջեց ու պակաս ստացավ վարձը։

Եվ այս դեպքն եղել է ֆրանկների երկրում։

Մի մեծ իշխանի հետ աղքատը նավ բարձրացավ, կամենալով վերադառնալ տուն։ Նա ստացած վարձով իր երեխաների համար նուռ էր գնել։ Նավի վրա մեծ իշխանը հիվանդացավ։ Ասացին, թե բուժիչ դեղը նուռն է։ Եվ աղքատ վարձկանը վաճառեց այն՝ յուրաքանչյուրը տաս դահեկանով, հարստացավ, դարձավ ծանր վաճառական։ Նախկին ծառան տան ու կնոջ համար գնեց ընտիր ապրանքներ, ապա գնաց իր տունը։ Եվ այսպես է, արդար վաստակը բազմանում ու շենացնում է տունը։

«ԲԺԻՇԿ» ԳՈՐՏԸ

Եզան մեծությամբ մի գորտ մեր աշխարհն է գալիս Պարսից երկրից, որ մոտ է Բաբելոնին։ Նա բարձրանում է մի լեռան վրա, ուժեղ ձայնով գոչում է ու ասում.

– Տեղյակ եմ Արկլիպի բժշկական դեղերին, Արիստոտելին, Պիղատոնին և Դիմոնիդայի զավակին, Բագրատին և մյուս հայրապետների չտեսնված արվեստներին։ Եկեք ինձ մոտ, և ես կապաքինեմ բոլոր ցավատերերին ու քոսոտներին, ուռուցքավորներին և անդամալույծներին, կույրերին ու կաղերին, երակների քննությամբ մեկ օրվա մեռածներին հարություն կտամ։

Լսելով այս, արարածներն շտապեցին ելնել լեռն ի վեր նրան տեսնելու։ Քանի որ հաճելի էր նրա խոսքը, և ուզում էին բժշկվել, պատկերացնում էին, թե նա չափազանց գեղեցիկ կլինի։ Եվ երբ մեծ չարչարանքներով ելան լեռան կատարը ու տեսան, որ նա սաստիկ բորոտ է, քոսոտ, տձև ու կույր, ամբողջովին թարախակալ է ու զազրահոտ, բարկանալով ասացին.

– Ո՜վ դու չարյաց ծնունդ, ինչո՞ւ քեզ չես բուժում և ուրիշներին ես խոստանում ապաքինել։

Եվ այսպես նախատեցին և սատկեցրին նրան:

ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՏԻՎԸ

Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով, համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:

Թագավորն իմանալով՝ հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին, թագավորն ասաց.

– Գնահատեցե՛ք և ընտրեցե՛ք չորս կնքած արկղներից որն ուզում եք։

Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.

– Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ՝ լի հոգու շնորհով։

ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱԽԱՆՁՈՏ ԻՇԽԱՆՆԵՐԸ

Թագավորի պալատում ծառայող երկու իշխան ատելով ատում էին միմյանց: Մի անգամ, կամենալով փորձել նրանց, թագավորն ասաց.

– Խնդրեցե՛ք ինձանից ինչ որ ուզում եք։ Բայց իմացեք, մեկի խնդրածի դիմաց մյուսին կրկնակի պիտի տամ:

– Թագավո՛ր, – հարցնում է մեծ իշխանը, – ինչ որ խնդրեմ, իմ պաշտոնակից իշխանին երկո՞ւսը կտաս։

– Այո՛, ինչ որ խնդրես, կանեմ, – ասում է թագավոը:

Մեծ իշխանը մտածում է, «Եթե ես մի քաղաք ուզեմ, կտա։ Բայց իմ ընկերոջը երկուսը կհասնի, սիրտս կպայթի»:

– Թագավո՛ր, – դիմում է նա, – քեզանից խնդրում եմ, որ իմ մեկ աչքը հանես։

Թավավորն հրամայեց հանել մեծ իշխանի աչքերից մեկը: Պարզ է, որ նախանձոտն իր անձին ավելի թշնամի է, քան՝ ուրիշների»:

ԳԻՆԻ

Թագավորն ուներ մի մինուճար տղա։ Հրամայեց իր նախարարներին:

– Ամեն օր ձեզանից յուրաքանչյուրն իմ որդուն թող տանի պատվելու։

Մի օր նախարարներից մեկը թագավորի որդուն տարավ պատիվ տվեց և երեկոյան առաջնորդեց մինչև պալատի դուռը ու ինքը գնաց։

Իսկ թագավորի որդին խիստ հարբած էր։ Նա բարձրացավ կտուրն ու ընկավ վայր:

Հաջորդ օրը նրան գտան աղբանոցամ մեռած: Եվ թագավորն հրաման արձակեց.

– Քանդեցե՛ք բոլոր այգիները, կոտրեցե՛ք գինու կարասները, որովհետև գինին դարձավ իմ որդու կորստյան պատճառը։

Եվ հրամանը կատարվեց։

Մի այրի կին, որ մեկ որդի ուներ, իր հնձանը քանդեց կարասների վրա և գինին պահեց։ Ամեն օր առավոտյան և երեկոյան հացից հետո նա մի բաժակ գինի էր տալիս որդուն խմելու։

Եվ մի գիշեր նրա ուրդին դուրս եկավ տնից և սպանեց թագավորի առյուծին։ Հաջորդ առավոտյան թագավորը հայտարարեց.

– Ով առյուծին սպանել է, թող ներկայանա՛, որպեսզի պարգևատրեմ։

Եկան մայր ու որդի.

– Ինչպե՞ս կարողացար հաղթել առյուծին, – հարցրեց թագավորը։

– Գինով եմ սնել իմ որդուն, թագավոր, – ասաց մայրն ու պատմեց բոլորը։

Եվ թագավորը նոր հրաման արձակեց.

– Այգի տնկեցե՛ք, բայց գինին այնպես խմեցեք, որ առյուծ սպանեք և ոչ թե մեռնեք աղբանոցում, ինչպես իմ որդին։

ԵՐԿՈԻ ԸՆԿԵՐ

Իշխանի ու հարուստի որդիներն իրար հետ մտերմացան, դարձան եղբայր և ելան աշխարհ շրջելու։ Գնացին հասան մի բերդի դռան։ Տեսան, որ դարպասից շատ մարդու գլուխ էր կախված։ Վախենալով մտան ներս: Թագավորի ծառան մեծարեց նրանց ու տարավ պալատ։

Թագավորը երկու հյուրերին իր մոտ նստեցրեց, սեղան բացեց և հյուրասիրեց նրանց անուշահամ գինով։ Երբ հարուստի որդին դուրս ելավ, թավավորն, իշխանորդուն ասաց.

– Դու թագավորի ես նման, իսկ այդ ընկերդ գեշ և ստոր մարդ է երևում, դու այդպիսի անարժան ընկերոջ հետ ինչո՞ւ ես մտերմություն անում։

– Թագավո՛ր, – պատասխանեց իշխանազունը, – ի՜նչ ստորություն ու պակասություն ասես, ես ունեմ, բայց իմ ընկերը լավ մարդ է, ես նրա հնազանդ ծառան եմ։

Երբ հարուստի տղան վերադառնալով նստեց, դուրս ելավ իշխանի որդին։ Եվ թագավորը, փորձելով հարուստի որդուն, ասաց.

– Դու իմաստուն, բարի մարդ ես երևում։ Երբ դուրս գնացիր, ընկերդ հազար ու մի խայտառակ բան ասաց քո հասցեին։

– Թագավոր, – պատասխանեց հարուստի տղան, – ես նրա անարժան ծառան եմ։ Տեսնելով նրանց ընկերասիրությունը, թագավորը շատ ընծաներ տվեց և խաղաղությամբ ճանապարհ դրեց։

– Թագավո՛ր, – հարցրեցին նրան նախարարները, – քեզ մոտ եկած բոլոր հյուրերին մեծարեցիր և երեք օր հետո, կտրելով գլուխները, կախել տվեցիր պարսպից: Պատճառն ի՞նչ է, որ այս երկու հյուրերին նվերներ տվեցիր և առանց գլխատելու փառք ու պատվով ճանապարհ գցեցիր։

– Հայտնի բան է, ով ատում է իր մերձավորին, մարդասպան է, – պատասխանեց թագավորը, – և իրավունք է տրված թագավորներին՝ գլխատել մարդասպաններին։ Օրենքն ասում է, որ օտարական հյուրին երեք օր պետք է մեծարել։ Մեզ հյուր եկածներին ես պատվեցի, բայց երբ քննելով՝ նրանց մեջ միմյանց նկատմամբ ատելություն նկատեցի, կտրել տվեցի նրանց գլուխները։ Այս երկու հյուրերը միմյանց մասին լավ խոսեցին, ուստի և նվերներով ու փառքով ճանապարհ դրեցի։

ԵՐԵՔ ՃՇՄԱՐԻՏ ԽՈՍՔ

Թագավորն ու թագուհին, որ երկար ժամանակ զավակ չէին ունենում, աստծուն ու սրբերին բազում խոստումներ անելով, ունեցան մի արու մանուկ։ Բայց երեխան ո՛չ աչքեր ուներ, ո՛չ լեզու և ո՛չ ոտքեր։ Հավաքվեցին բազմաթիվ մարդիկ, եպիսկոպոսներ, քահանաներ։ Թագավորն ու թագուհին ասացին.

– Մի խրատ տվեք մեզ, ի՞նչ անենք։

– Եթե թագավորն ինձ լսի, – ասաց մի ճգնավոր, – ես մի խրատ կտամ, և երեխան կառողջանա։

Կանչեցին առաջ։

– Թագավորը, թագուհին մեծ իշխանը՝ յուրաքանչյուրը մի–մի ճշմարիտ խոսք ասի, – խոսեց ճգնավորը, – տղան կլավանա։

– Թեև տասներկու թագավորների վրա իշխանություն ունեմ, – ասաց արքան, – Բայց երբ մարդ է գալիս մոտս, դարձյալ ձեռքին եմ նայում, թե ինչ նվեր է բերում։

Երբ թագավորն այս ասաց, երեխայի աչքերը բացվեցին։

– Ես մի աղքատ մարդու աղջիկ էի, – խոսեց թագուհին, – դարձա թագուհի ու հասա այս իշխանությանը։ Բայց երբ մի սիրուն երիտասարդ եմ տեսնում, մտածում եմ ճար լիներ, թագավորիս թունավորեի, հետը ամուսնանայի:

Տղան անմիջապես սկսեց խոսել։

– Թագավորության երկրորդ դեմքն եմ, – ասաց մեծ իշխանը։ – Ես աղքատ մարդ էի, և գրագիտությանս պատճառով թագավորը տվեց ինձ այս իշխանությունը։ Բայց երբ նա մի փոքր բարկանում է վրաս, մտածում եմ՝ ճար լիներ, թագավորիս սպանեի, նրա կինն ու թագավորությունը առնեի ինձ։

Երբ իշխանն ավարտեց խոսքը, տղան վազեց և գնդակ ու մահակ ուզեց, որ խաղա։

ԽԱԲԵԲԱ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Մի վաճառական բարի անուն էր վաստակել, որովհետև ուրիշ մարդկանց ապրանքը, որ պահ էր տրվում նրան, հավատարմությամբ պահում և ետ էր վերադարձնում ժամանակին։ Բայց հենց որ առիթ էր լինում գողանալու, չէր հապաղում։ Մի օտարական, լսելով նրա բարի համբավը, ահագին գանձ տվեց նրան պահելու: Երեք տարի հետո այդ մարդը վաճառականից պահանջեց իր ունեցվածքը։ Իսկ վաճառակալը, գիտենալով, որ ո՛չ վկա կա, ո՛չ մուրհակ, ուրացավ։

– Ո՛չ քո ունեցվածքն եմ տեսել, ո՛չ էլ ճանաչում եմ քեզ։

Լսելով այս ամենը, մարդը տրտմեց։

Մի պառավ կին, տեսնելով նրան այդպես խիստ տրտում, հարցնում է պատճառը։

– Ով կի՛ն, – ասում է նա, դու չես կարող ինձ օգնել, ինչո՞ւ ես իզուր հարցնում։

– Աղաչում եմ, ասա՛, ի՞նչ է պատահել, թերևս կարողանամ բարի խրատ տալ։

 

Մարդը պառավին պատմում է իրեն պատահած դժբախտությունը:

– Ունե՞ս այս քաղաքում հավատարիմ բարեկամ մեկը։

– Շատ բարեկամներ ունեմ, – պատասխանում է մարդը:

– Գնա նրանց մոտ, – խրատում է պառավը, – ասա, թող շատ գեղեցիկ կողովներ գնեն, լցնեն անպետք իրերով, իբրև թե շատ մարգարիտներ, տեսակ-տեսակ ոսկեղեն գանձեր են լցրել մեջը։ Տանելով վաճառականի մոտ, թող ասեն, թե «Լսել ենք քո բարի համբավը, ուզում ենք այս գանձերը քեզ մոտ թողնել, որովհետև օտար աշխարհ ենք գնալու»։ Եվ երբ նրանք, այդ մասին խոսելիս կլինեն, այն ժամանակ դու, մոտենալով վաճառականին, կխնդրես նրանից քո գանձերը, որ նրա մոտ թողել ես։ Հուսով եմ, որ, ակնկալելով ավելի մեծ շահ և ամաչելով քո բարեկամներից, որպեսզի նրանց աչքում արդար երևա, նա անմիջապես քո ամբողջ ունեցվածքը ետ կվերադարձնի:

Մարդն արեց այնպս, ինչպես խրատել էր պառավը: Եվ երբ նրա բարեկամները վաճառականի հետ խոսում էին մտացածին գանձերի մասին, իբր թե կամենում են նրա մոտ թողնել, գալիս է մարդը վաճառականի մոտ և պահանջում իր ունեցվածքը։

– Շատ լավ եմ ճանաչում քեզ, – ասում է վաճառականը, – դու այսինչ մարդն ես և այսինչ օրն ես բերել ունեցվածքդ։ Ւնչ որ ինձ պահ ես թողել, ահա հավատարմությամբ վերադարձնում եմ քեզ:

Եվ գանձը ետ վերադարձրեց նրան։ Իսկ օտարականը, վերցնելով գանձը, ուրախությամբ գնաց իր տունը։

Այն եղկելի վաճառականը, խաբվելով իր ագահությունից, մնաց դատարկաձեռն:

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ՝ ԿԻՆ

Պատմեմ ձեզ ֆռանկների մասին մի արտառոց պատմություն՝ իմ ականջով մի ֆռանկից լսած, որ երդմամբ պատմեց նա Տրապիզոնում քառասուն մարդու ներկայությամբ։

– Գրված է մեր կաթողիկոսների պատմության մեջ, թե մի իշխան իր դստերը ուսումի տվեց։ Եվ նա այնքան արագ առաջադիմեց ուսումնառության մեջ, որ ամբողջ Իտալիայով մեկ տարածվեց նրա համբավը։ Չգիտեին, որ նա աղջիկ Է։ Եվ նա, մեծանալով, գնաց մտավ իմաստասերների շրջապատը։ Այնպես վարժ և կիրթ պահեց իրեն իմաստունների և ուսուցչապետների շրջանում, որ բոլորը միաբերան արժանի համարեցին նրան դառնալու եպեսկոպոս ու մտնելու կարդինալների կարգը: Եվ իբրև եպիսկոպոս ու կարդինալ նա որոշ ժամանակ մնաց պապի վեհարանում։ Ժամանակ անց՝ մեռնում է պապը։ Կարդինալները, որոնք այլ կերպ ասած արքեպիսկոպոսներ են և մեկ աստիճանով են ցածր պապից, իրենց ընտրությամբ ու ցանկությամբ նշանակում են նրան պապ և նստեցնում գահին, այսինքն՝ դարձնում են ամբողջ ազգի հայրապետ կամ կաթողիկոս: Այսպես նա մնաց շատ ժամանակներ և ոչ ոք գլխի չէր ընկնում, որ նա կին է:

Մի օր, մենակ մնալով եկեղեցու սարկավագի հետ, նա դիմում է նրան, ասելով.

– Ո՛վ մարդ, դա կարո՞ղ ես պահել մի գաղտնիք, որ քեզ խոստովանել եմ ուզում։

– Ինչպե՞ս կհամարձակվեմ ես` ծառաս ու հողս, խոսել տիրոջս մասին։

– Իմացած եղիր, որ ես կին եմ, և ոչ–ոք չգիտե այդ։ Այն օրվանից, որ եկել ես դու իմ դուռը, ցանկացել եմ քեզ, բայց չեմ կարողացել, որովհետև հնարավորություն չի եղել։ Այժմ մենք մենակ ենք, պրտի կատարես իմ կամքը։

Համաձայնելով, սարկավագը ապականեց կարծեցյալ պապին։

Դրանից հետո հղիանալով պապը թաքցնում էր իրեն, չէր երևում մարդկանց աչքերին, որպեսզի չիմանան։

Իսկ հռոմեացիները սովորություն ունեն տարին երկու կամ երեք անգամ եպիսկոպոսներով, կարդինալներով հավաքվել պապի մոտ կամ գնալ մի ապահով տեղ քաբիթ, այսինքն՝ ժողով անելու։ Մինչ եպիսկոպոսները ողջ ժողովրդի հետ մեկտեղ պապի առջև հավաքված պատրաստվում էին քաբիթն սկսելու, կարծեցյալ պապի ծննդաբերության ժամանակը հասավ, և նա ծնեց մի արա մանուկ: Այդ ժամանակ եպիսկոպոսներն ու կարդինալները չկարողացան թաքցնել խայտառակությունը։ Բազմախուռն ամբոխը հարձակվեց, քարկոծեց պապին ու նորածին մանկանը։

Եվ այնուհետև, ապահովության համար սահմանեցին նոր կարգ, կառուցել մի բարձր տախտակամած, որ նոր պապ ընտրելիս, թեկնածուն մերկացած նստի նրա վրա բացված անցքին, որպեսզի բոլորը, ովքեր հավաքվում են տախտակամածի տակ, տեսնեն նրան և ձայն տան միմյանց, «Արո՜ւ է, արո՜ւ է, արո՜ւ է…», և այնուհետև հաստատեն հայրապետական գահին։

Այս սովորությունը պահպանվում է մինչև այսօր։

Եվրոպացիների հոգևորականները՝ ամենքը, սովորություն ունեն նաև սափրել մորուքները: Այս օրենքը նրանց համար սահմանվել է այն ծննդկան պապը, որպեսզի բոլորն անմորուս լինեն իր նման…

Բայց ոչ ոք թող չկարծի, թե սրանք ստեր են և գրված են նախանձից դրդված, որովհետև լսել եմ հենց ֆռանկի բերանից, որը ո՛չ հայերեն գիտեր և ո՛չ պարսկերեն, այլ պատմեց իտալերեն և ինքն էլ կարդացել էր պատմությունը։ Նա մեզ պատմեց չկասկածելով, ու մենք գրի առանք, հավատալով նրա վկայությանը:

ԿՆՈՋ ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Մի մարդ երկրից երկիր էր շրջում, գրի առնելով կանանց խորամանկությունները։ Այսպես կազմեց երեք մեծ հակ ու դեռ շարունակեց հավաքելը։ Նա գնաց, մտավ մի քաղաք ու հանդիպեց մի շատ խորամանկ կնոջ:

– Բարի՛ եկար, – ասաց կինը նրան ու առաջնորդեց իր տուն, մտածելով, թե բեռների մեջ կերպաս, ոսկի ու արծաթ շատ կա։ Երեկոյան կինը դիմեց հյուրին։

– Բեռներդ ի՞նչ են, ուզում եմ ինձ անհրաժեշտ բաներ գնել։

– Ծախու ոչինչ չունեմ, – պատտասխանեց մարդը։

– Հապա ունեցածդ ի՞նչ է։

– Կնոջ խորամանկություններն են, – ասաց հյուրը, – շրջել եմ երկրից երկիր, գրի առել։ Եկա այստեղ, որ էլի գրեմ։

Եվ կինը որոշեց վառել նրա բեռները։ Հնարը գտավ։ Տան մեջ կար մի մեծ փուռ, որ երեք բեռ թուղթ էր տեղավորում։ Կինը փուռը վառեց ու վերադառնալով՝ ձուկ տապակեց: Նա տապակած ձուկը դրեց հյուրի առջև ու փակեց տան երեք դռները։ Հյուրն սկսեց ձուկն ուտել։ Իսկ ինքը, օգնություն կանչելով, սկսեց ճչալ բարձր ձայնով։ Հարևանները սրեր ու բահեր առած եկան բախեցին դուռը:

– Վառի՛ր թղթերդ, թե չէ սպանել կտամ քեզ, – ասաց կինը հյուրին։

Մարդն ստիպված վառվող փռի մեջ նետեց բոլոր թղթերը։ Կինը գնաց, բացեց դուռը և ասաց հավաքված հարևաններին.

– Այս քանի տարի է, չէի տեսել իմ միակ հորեղբորորդուն։ Նա եկավ իմ տուն, ու ես հյուրասիրեցի ձկով: Փուշը մտավ կոկորդը, և նա մեռնելուց հազիվ ազատվեց։

Հարևանները՝ ներս մտան, տեսան, որ, իսկապես, ձուկ կար դրված սեղանին։ Հավատացին ու գնացին։

ԲԱՐԻ ՄԱՐԴՆ ՈԻ ՆՐԱ ԷՇԸ

Մի բարի մարդ ամբողջ ունեցվածքը բաժանեց աղքատներին, բայց իրեն պահեց միայն մի էշ, որով տեղ–մեղ էր գնում։ Մի օր գնաց եկեղեցի աղոթելու և էշը կապեց եկեղեցու դռանը։ Երբ սկսեց ասել, «Հայր մեր, որ հերկինս», միտքն ընկավ, որ էշը դռանն է։ «Սուրբ եղիցի անուն» ասելուն պես մտածեց, որ մեկը կարող է գողանալ էշը։ Եվ երբ մրմնջաց՝ «եկեսցե արքայություն», եզրակացրեց, որ եթե էշը գողանան, ինքը կդժվարանա ոտքով ման գալ։ Եսկ երբ ասաց, «եղիցին կամք քո», հիշեց, որ էշը քաղցած է.

Դուրս ելնելով եկեղեցուց, ասաց.

– Է՛, իմ պարոն էշ, դու ավելի շատ հիշվեցիր աղոթքիս մեջ, քան աստված. Ով որ էշ ունի, ծառա է իշուն։

Եվ էշը տալով հիվանդ աղքատներին, ինքն ազատվեց հոգսից։

ԿՈՂՈՊՏՎԱԾ ԿՈՒՅՐԸ

Երզնկայում ապրում էր մի կույր մարդ, որն ուներ վաթսուն հազար դեկան ու միշտ ուրախանում էր իր ունեցվածքով։ Մի թուրք գողացավ նրա հարստությունը։ Կույրն աղաղակ բարձրացրեց։ Մարդիկ եկան նրան մխիթարելու։ Անօրեն գողը նույնպես եկավ մխիթարելու, բերելով մի հաց։ Կույրը սկսեց հացն ուտել, ապա բռնելով նրան, գոչեց.

– Սա է գողացել իմ փողը։

– Ինչի՞ց իմացար, – հարցրին մարդիկ։

– Հացը դառնացավ կոկորդումս, – պատասխանեց կույրը։

Եվ Երզնկայի իշխան Թախրաթանը թուրքից վերցնելով քառասուն հազարը՝ վերադարձրեց տիրոջը։

ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

Ոմն թագավոր, մի օր որոշելով բարեգործություն անել ու ազատել քրեական հանցագործներից մեկին, գնում է բանտ, սկսում մեկ առ մեկ հարցաքննել կալանավորներին։ Իսկ նրանք բոլորը չքմեղ լինելով, պատմում են, որ իրենք անմեղ ու համեստ մարդիկ են, անարդար կերպով են բանտ ընկել:

Մի երիտասարդ կալանավոր, անկեղծորեն պատմելով իր գործած հանցանքների մասին, նշեց, որ ինքը արժանի էր մահվան, բայց իշխանությունը, խղճալով` կյանք էր շնորհել ու դատապարտել ցմահ բանտարկության։

Թագավորը կեղծ բարկությամբ հրամայում է բանտի վերակացուին.

– Այսքան համեստ ու անմեղ մարդկանց միջից անմիջապես դուրս արեք այս գայլին, որպեսզի չմնա նրանց հետ ու իր վատ վարքով չապականի բոլորին։

ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ԾԵՐՈԻՆԻՆ

Բաբելոնի թագավորը մեծ զորաբանակով քաղաք մտնելիս տեսավ մի ծերունու, որ արմավենի էր տնկում։

– Ով ծերունի, – ասում է թագավորը, – ինչո՞ւ ես տնկում: Չէ՞ որ դա քառասուն տարի հետո պիտի պտուղ տա, իսկ դու այսօր–վաղը գնալու ես։

– Թագավո՛ր, – պատասխանում է ծերուհին, – մի մարդ տնկել էր արմավենի, ես վայելեցի պտուղը, ես էլ տնկում եմ, որ մեկ ուրիշը վայելի:

– Տվեք նրան հազար դրամ, – հրամայում է թագավորն իր ենթականերին, – որովհետև բարի ու լավախոհ մարդ է:

Վերցնելով դրամը, ծերունին գոհ եղավ ճակատագրից։

– Ինչո՞ւ գոհ եղար, – հարցնում է թագավորը։

– Որովհետև, – պատասխանում է ծերունին, – ամեն ծառ տնկող քառասուն տարին լրանալուց հետո է վայելում, իսկ ես այսօր վայելեցի։

– Դարձյալ տվեք նրան հազար դրամ, – հրամայում է թագավորը:

Ծերունին նորից արտահայտեց իր գոհունակությունը:

– Ինչո՞ւ կրկին հայտնեցիր գոհունակություն, – հարցնում է արքան։

– Գոհ եղա ճակատագրից, որովհետև ամեն տունկ տարին մի անգամ է պտուղ տալիս, իսկ իմ ծառը այսօր երկու անգամ պտուղ տվեց։

Թագավորին հաճելի թվաց ծերունու պատասխանը։

ԹԱԳԱՎՈՐՆ ՈԻ ՆՐԱ ՈԻՍՈԻՅԻՉԸ

Մի թագավոր, վեճ ունենալով սահմանակից երկրի թագավորի հետ, որոշեց մի համարձակ ու հմուտ դեսպան ուղարկել նրա մոտ, որպեսզի իր կողմից հանդիմանություն ու սպառնալիք կարդա նրան։ Ընտրությունը կանգ առավ մի իմաստուն մարդու վրա, որն իր ուսուցիչն էր եղել ու հավատարիմ մարդը։ Թագավորը հայտնեց նրան իր դիտավորությունը և այն բոլոր հոխորտանքները, որ պիտի հաղորդվեր։

Ուսուցիչը, որ շատ լավ գիտեր հակառակորդ թագավորի ցասկոտ բնավորությունը և անզուսպ վարքը հրաժարվեց։

– Խնդրում եմ, արքա, ազատիր ինձ այդ դեսպանությունից, հակառակ դեպքում նա գլուխս կտրել կտա։

– Բոլորովին մի՛ վախեցիր, – քաջալերելով նրան ասում է թագավորը, – եթե նա քո գլուխը կտրի, ես խոստանում եմ, այստեղ իմ տերության մեջ գտնել նրա բոլոր հպատակներին և գլխատել:

– Ճիշտն ասած, արքա, հավատում եմ քեզ, որ կարող ես անել այն, ինչ ասում ես, – պատասխանում է ուսուցիչը, – Բայց աղաչում եմ հավատալ, որ նրա հպատակների այդքան կտրած գլուխների մեջ չես կարող գտնել մի այնպիսի գլուխ, որ այնքան հարմար լինի իմ անձին, ինչպես իմ գլուխը։

ԻՄԱՍՏԱՍԵՐՆ ՈԻ ԳԻՆԻՆ

Մի իմաստասերի հրավիրեցին թագավորական խնջույքի։ Նա իշխանների հետ սեղան նստեց, և մատռվակը ոսկե բաժակով գինի մատուցեց նրան։

– Ո՛վ բարի թագավոր, – ասաց նա ոտքի կանգնելով, – խմում եմ այս գինին հանուն քո՛ փառքի: – Ու գինին թափեց գետնին:

– Հիմարացա՞ր, ով իմաստասեր, – ծիծաղելով հարցնում են, իշխանները։

– Դուք եք ծիծաղելի, – ասաց իմաստասերը, – ես գետնին թափեցի գինին, եթե խմեի՝ գինի՛ն պիտի ինձ գետներ:

ԳԻՆՈՒ ՎՆԱՍՆԵՐԸ

Երեք ճգնավոր, մի անապատում աղոթում էին: Մանկությունից էին նրանք տարվել անապատ և չգիտեին աշխարհի ինչ լինելը: Եվ մի օր թողին աղոթելն ու ճգնությունը և միասին նստած հարցրին իրար, թե ինչ է փառքը աշխարհի։ Առաջինն ասաց, թե գինին են գովում, որովհետև նա սիրո օրինակն է։ Մյուսն ասաց, թե միսն են գովում բոլոր կերակուրների մեջ։ Երրորդն ասաց, թե պոռնկությունն են գովում։

Եվ թողնելով հոգևոր մշակությունը, առաջինն ասաց՝ գնում եմ գինի խմելու, տեսնեմ, թե գինին ինչ հաճույք կամ բնույթ ունի։ Երկրորդն ասաց, միս ուտեմ և իմանամ նրա համն ու բնույթը: Մյուսն ասաց՝ ես գնամ կնոջ մոտ և մեղքի համն առնեմ:

Եկան քաղաք։ Նա, որ ասաց միս ուտեմ, գնաց խոհակերանոց և հոտած մսի գարշ հոտն առավ, ասաց.

– Թե սա է միսը, որ գովում են, սա ինձ համար չէ, – ու վերադարձավ անապատ։ Նա, որ գնաց կնոջ մոտ, տեսավ, որ կանայք ու տղամարդիկ առանց ամոթի ու պատկառանքի չար գործ են անում, ասաց.

– Վայ ձեր կյանքին, որ անցավոր կյանքի համար զրկվում եք անանց փառքից, – և դժոխքի հոտն առնելով փախավ։

Այն, որ ասաց գինի խմեմ, գնաց գինետան դուռը, տեսավ՝ շատ գեղեցիկ երիտասարդներ նստած մեղաց գինին են ըմպում։ Սիրով մեծարեցին նրան, և երբ գինով հարբեց, միս կերավ, և երբ փորը լցրեց մսով ու գինով, գնաց շնացավ։

Այսպես այն երկուսն ազատվեցին, իսկ գինեխումը կործանվեց։ Պարզ է, որ գինին է բոլոր մեղքերի մայրը և բոլոր մեղքերը գինին է գործել տալիս։