Kitobni o'qish: «Բանաստեղծություններ»
Shrift:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Ազատն Աստուած այն օրից ,
Երբ հաճեցաւ շունչ փչել
Իմ հողանիւթ շինուածքին ,
Կենդանութիւն պարգեւել.
Ես անբարբառ մի մանուկ ՝
Երկու ձեռքս պարզեցի ,
Եւ իմ անզօր թեւերով
Ազատութիւնն գրկեցի ։
Մինչ գիշերը անհանգիստ ՝
Օրօրոցում կապկապուած ,
Լալիս էի անդադար ,
Մօրս քունը խանգարած ,
Խնդրում էի նորանից
Բազուկներըս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատութիւնը սիրել ։
Թոթով լեզուիս մինչ կապերն
Արձակուեցան , բացուեցան ,
Մինչ ծնողքըս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան ,
Նախկին խօսքն , որ ասացի ,
Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ.
“ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ
Իմ մանկական բերանից ։
“ Ազատութի՞ւն ” ՝ ինձ կրկնեց
Ճակատագիրն վերեւից.
“ Ազատութեան դու զինուոր
Կամի՞ս գրուիլ այս օրից ։
Ո՛հ , փշոտ է ճանապարհդ ,
Քեզ շատ փորձանք կը սպասէ.
Ազատութիւն սիրողին ՝
Այս աշխարհը խիստ նեղ է ” ։
– Ազատութի՜ւն , – գոչեցի , —
Թող որոտայ իմ գլխին
Փայլակ , կայծակ , հուր , երկաթ ,
Թո՛ղ դաւ դնէ թշնամին.
Ես մինչ ի մահ , կախաղան ՝
Մինչեւ անարգ մահու սիւն ,
Պիտի գոռամ , պիտ կրկնեմ ,
Անդադար՝ Ազատութի՜ւն
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ
“Մեր հայրենիք, թշվառ, անտեր,
Մեր թշնամուց ոտնակոխ,
Յուր որդիքը արդ գանչում է
Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”:
“Մեր հայրենիք շղթաներով
Այսքան տարի կապկապած,
Յուր քաջ որդոց սուրբ արյունով
Պիտի լինի ազատված”:
“Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ,
Որ իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի”
“Նայի՛ր նորան, երեք գունով,
Նվիրական մեր նշան,
Թո'ղ փողփողի թշնամու դեմ,
Թո'ղ կործանվի Ավստրիան”:
“Ինչքան կին մարդ, մի թույլ էակ,
Պատերազմի գործերում
Կարե օգնել յուր եղբորը,
Զանց չարեցի քո սիրու”:
“Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ,
Շուտ ձի հեծի'ր քաջի պես,
Գնա' փրկել մեր հայրենիք,
Պատերազմի վառ հանդես”:
“Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե.
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կը զոհվի”:
“Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս,
Ազգի սերը քաջալեր,
Գնա', թեև չեմ կարող գայ,
Բայց իմ հոգին քեզ ընկեր”:
“Գնա՛ մեռիր դու քաջի պես,
Թող չտեսնե թշնամին
Քո թիկունքը, թող նա չասե
Թե վատ է իտալացին”:
Ասաց. տվեց օրիորդը
Յուր եղբորը մի դրոշ,
Մետաքսից էր, ազնիվ գործած,
ՈՒր երեք գույն կան որոշ:
Եղբայրն առավ և ողջունեց
Յուր սիրական քնքուշ քույր,
Առավ զենքը, սուր, հրացան,
Հեծավ յուր ձին սևաթույր:
– Քույրի՜կ, – գանչեց քաջ պատանին, -
Մնա՛ս բարյավ, սիրական,
Այս դրոշակին պիտի նայի
Ամբողջ բանակն իտալյան:
Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված
Արտասուքով ու կնքած,
Դու հանձնեցիր ինձ հիշատակ,
Հայրենիքի նվիրված:
Թե մեռանիմ, դու մի՛ սգար,
Իմացի'ր որ տարեցի
Դեպի մահու արքայություն
Իմ հետ քանի թշնամի:
Ասաց, վազեց դեպի հանդես
Ավստրիացոց հանդիման,
Յուր արյունով գնել հավերժ
Ազատություն իտալյան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է
Տեսանելով այսպես սեր
Դեպի թշվառ մի հայրենիք,
Որ ոտնակոխ եղած էր:
Սորա կեսը, կեսի կեսը,
Գեթ երևեր մեր ազգում.
Բայց մեր կանայք… ո՜ւր Եղիշե,
Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն:
Ո՛հ… արտասուք ինձ խեղդում են,
Այլ չեմ կարող բան խոսել.
Չէ՛… թշվառ չէ Իտալիան,
Եթե կանայք այսպես են:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու.
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,
Ընդունակ միայն ուրախացնելու:
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն:
Գիտակցությունը հաջորդեց սորան.
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս…
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը,
Որպես փարատիչ տրտում ցավերիս:
Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը.
ՈՒրախացուցիչ չգտա մի լար:
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ:
Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիթյան.
Ես այն ժամանկ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան:
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը.
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը:
Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ,
Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան,
Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան:
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով.
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով:
Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին.
Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի.
Թո'ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի:
Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը,
Թո'ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում:
"Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին.
Մի' տար զոհ գնալ թշնամիների".
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
որ ապրել է դարէ դար
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան ։
Ահա՛, եղբայր, քեզ մի դրօշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
իշերները ես քուն չեղայ,
Արտասուքով լուացի ։
Նայիր նրան երեք գոյնով,
Նուիրական սուրբ նշան,
Թող փողփողի թշնամու դէմ,
Թող միշտ պանծայ Հայաստան ։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պիտ՛ մեռնի,
Բայց երանի՝ որ իւր ազգի
Ազատութեան կը զոհուի :