Kitobni o'qish: «Ոսկե աքաղաղ»

Shrift:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա

Բ… գյուղի մեջ ամենի ուշադրությունը գրավել էր մի փոքրիկ տղա, որ դեռ նոր էր մտել իր տասներկու տարեկան հասակը: Ժամասեր գյուղացիները նրա ձայնովն էին զմայլած, դաշտից անցնելիս, նա էր, որ այնպես քաղցր երգելով, վաղ առավոտյան գառները արածացնելու էր տանում:

Նրա անունը Գալուստ էր, բայց գյուղացիները կրճատելով Կալո էին կոչում: Մի հաստ ու պինդ տղա էր Կալոն, որի ամուր կազմվածքը խոստանում էր հարուստ մարմնական զորություն: Կալոյի դեմքը նույնպես վատ չէր, արևից այրված և համարյա սևացած երեսի վրա կարելի էր տեսնել մի քանի գեղեցիկ և կանոնավոր գծեր, որոնց մեջ կրակոտ և վայրենի աչքերը արտահայտում էին խիստ զվարթ բնավորություն:

Կալոն որբ էր: Ծնողքը մեռել էին վերջին խոլերայից, թողնելով միակ զավակը դառն աղքատության մեջ: Նրա հորեղբայրը, բարեսիրտ Ավետը «հոգու համար» վեր առավ իր մոտ որբին և սկսեց հայրական խնամք տանել: Ավետը, որին բոլոր գյուղացիները «ապեր» (եղբայր) էին կոչում, վայելում էր առանձին հարգանք իր դրացիներից: Նա հանդարտ և աշխատասեր մարդ էր և քիչ չէր պատահում, որ խաղաղացնում էր զանազան վեճեր, որ ծագում էին իր դրացիների մեջ:

Ավետ ապոր ընտանիքը շատ մեծ չէր: Ինքը, իր կին Եղիսաբեթը և երկու փոքրիկ երեխաները կազմում էին ամբողջ գերդաստանը, որի գլխին բարձրացած էր, որպես ընտանիքի մայր, Շուշան տատը, յոթանասուն տարեկան մի պառավ, օր իր ծերության հեղինակությամբ իշխում էր բոլորի վրա: Պառավները առհասարակ բարեսիրտ են լինում, և մանավանդ Շուշան տատը, որ մի առանձին գութ ուներ դեպի իր թոռնիկը, Կալոն, որի մեջ գտնում էր մեռած որդու սիրելի պատկերը:

Փոքրիկ Կալոն տարվա երեք եղանակներում օգնում էր իր հորեղբորը նրա տնտեսական գործերի մեջ, իսկ ձմեռը գնում էր տերտերի մոտ և ժամագիրք էր կարդում: Կարդալ ասելով՝ պետք է հասկանալ, որ նա անգիր սերտել էր այս գրքից մի քանի «փոխեր», շարականներ, աղոթքներ, թեև տառերն անգամ չէր ճանաչում:

Կալոյի տնային ծառայությունները, նայելով, թե որքան շատ աշխատացնում են գյուղացի երեխաներին, մեծ չէին: Վաղ առավոտյան նա վեր էր կենում, աղբյուրից սափորով ջուր էր բերում, մարագից թոնիրի համար վառելիք էր բերում, գավիթը մաքրում էր և Եղիսաբեթին օգնում էր կովերը կթելու: Թեև այս գործերը աղջիկներն են կատարում, բայց Ավետ ապերը զուրկ էր աղջիկ զավակից, և նրա երկու որդիքը դեռ շատ մանրիկներ էին: Երբ տանը նրա համար այլևս գործ չկար, նա հագնում էր տրեխները և մի կտոր ցամաք հաց գրպանը դնելով, ձեռքն էր առնում հովվական ծանր ցուպը, որ իր հասակի կրկին երկարությունն ուներ, և գառները քշում էր դաշտը արածացնելու համար: Տանեցիք հազիվ էր պատահում, որ ծեծեին նրան, որովհետև չափազանց կամակատար տղա էր Կալոն:

Փոքրիկ հովիվը սիրելի էր և իր ընկերներին, որոնց հետ միանալով, գառները խառնում էին միասին և տանում էին Արաքսի ափերի մոտ արածացնելու: Այս գետից հեռու չէր նրանց գյուղը: Նա իր ընկերների ուրախությունն էր. ի՞նչ խաղեր ասես չէր սարքում նա, ի՞նչ հանաքներ ասես չէր անում նա: Շատ անգամ զվարճացնում էր նրանց իր քաղցր երգերով և շատ անգամ ուրախացնում էր նրանց իր եղեգնյա սրնգի ձայնով, որ բավական վարպետությամբ ածում էր: Կալոն իր ընկերների մեջ ստացավ հերոսական փառք, սկսյալ այն օրից, երբ մի անգամ, Արաքսի ծանծաղուտներում լողանալու միջոցին, խեղդվելուց ազատեց իր ընկերներից մեկին: Այնուհետև նա պաշտելի դարձավ:

– Կալո, ե՛կ մեր հացիցը կեր, դու մայր չունես… մեր մայրը կարագ է դրել, սեր է դրել, ե՛կ միասին ուտենք, – ասում էին երեխաները և նրան հրավիրում իրանց համեստ սեղանին բաժանորդ լինել, երբ կեսօրին նստոտում էին կանաչ խոտերի վրա ճաշելու:

Բ

Մեծ պասի վերջին շաբաթվա օրերից մեկն էր: Այս շաբաթում գյուղացիները իրանց բոլոր լավ բաները կրում են քաղաքը, որ հարուստները լավ զատիկ անեին: Ավետ ապերն էլ, աքաղաղը կանչելուն պես, կես գիշերին վեր կացավ, ճրագը վառեց, լվացվեցավ, երեսը խաչակնքեց և սկսեց իր էշերը համետել: Ամբողջ ընտանիքը դեռ քնած էր, միայն Եղիսաբեթը օգնում էր ամուսնին: Նա դեռ մի օր առաջ պատրաստել էր երկու տիկ յուղ, մի բեռ նոր պանիր, երկու կթոց ձվաներ և մի քանի հատ հավեր, որ պետք էր տանել քաղաք ծախելու համար:

Մի այսպիսի նշանավոր խորհուրդը չէր կարող ծածուկ մնալ Կալոյի հետաքրքիր ուշադրությունից, որ իր հորեղբոր առաջին ոտնաձայնը լսելով՝ գլուխը վեր բարձրացրեց վերմակի տակից և ճրագի պես վառվող աչքերը լայն բաց անելով ասաց.

– Ինձ էլ պիտի տանես: Ես էլ կգամ:

– Ո՞ւր, – հարցրուց հորեղբայրը մի փոքր վրդովված ձայնով:

– Քաղաք, – ասաց Կալոն:

Ավետ ապերը, չնայելով իրան հատուկ սառնասրտությանը, այն գիշեր ինչ-որ բանի վրա բարկացած էր և շատ տխուր էր երևում: Այսպիսի մարդիկ երբեմն իրանց բարկությունը թափում են մի բոլորովին անմեղ առարկայի վրա, և այդ առարկան եղավ ողորմելի Կալոն:

– Ձենդ կտրի՛, լակո՛տ, – գոռաց նա կատաղի կերպով. – քաղաք գնալդ էր պակաս…

Կալոն լռեց և գլուխը կրկին դրեց բարձի վրա, երեսը թաքցրուց վերմակի տակ և սկսեց խուլ ձայնով լաց լինել: Նրա ձայնը զարթեցրուց պառավ Շուշանին, որ միևնույն անկողնի մեջ իր թոռնիկի հետ միասին էր պառկած:

– Այ տղա՛, ի՞նչ կա, ինչո՞ւ ես լաց լինում, – հարցրուց նա:

Կալոն հայտնեց պատճառը:

Նույն միջոցին խրճիթը ներս մտավ Ավետ ապերը, մնացած վերջին բեռը դուրս տանելու համար:

– Ավետ, որդի, ինչո՞ւ ես լացացնում խեղճ տղային, – հարցրուց պառավը: – Ուզում է քեզ հետ գալ, դու էլ տար. էլ ինչո՞ւ ես սիրտը կոտրում:

– Ախար նրա ի՞նչ քաղաք գնալու ժամանակն է, – պատասխանեց Ավետը մի փոքր մեղմացած կերպով:

– Հրեն Պետրոսենց Գյուքին էլ է գնում… նա ինձանից խո մեծ չէ՞… – վերմակի տակից լսելի եղավ Կալոյի լալագին ձայնը:

– Տա՛ր քեզ հետ, որդի, – կրկնեց պառավը համոզական եղանակով: – Տա՛ր, թող աշխարհ տեսնի. խո աղջիկ չէ, որ միշտ առիքի տակը մնա, տնից դուրս չգա. տղա է, սիրտը ուզում է, բան կսովորի, աչքը կբացվի:

Պառավի խոսքերը առանց հետևանքի չմնացին, մանավանդ երբ Ավետի կինը՝ Եղիսաբեթը մյուս կողմից սկսեց իր ամուսնին համոզել, որ Կալոյին իր հետ տանե, ավելացնելով թե ճանապարհին պետք կգա, էշերը կքշե:

– Դե՛, վեր կաց գնանք, մի ուշացիր, – վերջապես ասաց Ավետ ապերը:

Զատկին մոտ օրերում քաղաք գնալը գյուղացի երեխաների համար մի մեծ զվարճություն է. այնտեղ նրանց համար գնում են արխալուղ, գդակ, տրեխներ և վերջապես մի բան, որ նրանց ուրախացնում է: Այս առաջին անգամն էր, որ Կալոն քաղաք պիտի տեսներ, և այս պատճառով նրա ուրախությանը չափ չկար, երբ ստացավ իր հորեղբոր համաձայնությունը: Նա ծտի պես դուրս թռավ իր քնաշորերի միջից, մի քանի րոպե այս կողմ և այն կողմ վազեց, ինքն էլ չիմանալով, թե ինչ բանի համար, և հետո սկսեց իր երկայն ցուպը պտռել:

Կալոյի համար երկար պատրաստություն պետք չէր, նա շատ չուշացավ, որովհետև իր սովորության համեմատ առանց հանվելու էր քնել. հարկավոր էր միայն տրեխները կապել, այնուհետև ամեն ինչ վերջացած էր: Րոպեական արագությամբ կատարվեցավ բոլորը, հետո նա վեր առավ իր հովվական ցուպը, մոտեցավ պառավ տատին և փաթաթվելով նրա վզին՝ հարցրուց.

– Քեզ համար ի՞նչ բերեմ քաղաքից:

Պառավը ոչինչ չպատասխանեց, միայն համբուրեց նրան, և խորշոմած աչքերը լցվեցան արտասուքով:

Ավանակները արդեն բեռնած, պատրաստ էին բակում. Եղիսաբեթը ճրագը ձեռին կանգնած էր այնտեղ, իսկ Ավետը մտել էր ոչխարների գոմը: Նա դուրս բերեց մի չաղ երկու ամսական գառն և կապելով բեռան վրա իր մտքումը ասաց. – էդ կտանենք «աղայի» համար…

Դեռ բավական ժամանակ կար մինչև լուսանալը, երբ փոքրիկ քարավանը ճանապարհ ընկավ:

Գ

Ճանապարհին միացան Ավետի հետ մի քանի ուրիշ գյուղացիներ, որոնք նույնպես ծախելու բան էին տանում քաղաքը, և հետզհետե նրանց խումբը ստվարացավ:

Եղանակը հանդարտ էր: Աստղերը խիստ անուշ ժպիտով փայլում էին պարզ երկնքից: Օդի մեջ տիրում էր գարնանային փափուկ թարմություն: Մի քանի օր առաջ եկած անձրևը բոլորովին ցամաքել էր, և ավանակները իրանց ծանր բեռների տակ կարողանում էին առանց խրվելու առաջ գնալ: Կալոն մի քանի իր հասակակից և իրանից մեծ տղերքի հետ քշում էին ավանակները, նրանց հետևից կամաց-կամաց գալիս էին նրանց հայրերը, որոնք նույն միջոցին զբաղված էին մի այսպիսի խոսակցությամբ.

– Տեսնենք ինչպես կգնա ալյուրը, – ասաց գյուղացիներից մեկը:

– Ասում են, գլուխը բարձրացել է (թանկացել է), – պատասխանեց մյուսը:

– Հիմա լավ չծախվի, ապա ե՞րբ պիտի ծախվի, – մեջ մտավ երրորդը, – այս ձմեռ ձյունի երես չտեսանք, ամառը վա՜յ մեր հալին… խմելու ջուր էլ չենք գտնի…

– Բայց այս վերջին անձրևը բանը շինեց, թե չէ արտերը իստակ կչորանային:

– Մի անձրևով ի՞նչ կդառնա. ուղտը քթալով չես ջրի… Մեր մեղքից երկինքը կապվել է:

– Տերտերն էլ խաչ-ավետարան չէ ման ածում, կարելի է աստված խղճա, – մեջ մտավ մի ուրիշ գյուղացի երեսը խաչակնքելով:

– Տերտերը անջախ անեծքի տոպրակը թևի տակը դրած, շուտ-շուտ «գործակալի» մոտն է վազում ու ամեն օր մի նոր հրաման է բերում՝ էս տվե՛ք, էն տվե՛ք… տալով հոգիներս դուրս եկավ… չես իմանում որի՞ դարդը քաշես… ամեն կողմից ուզում են… բայց մի` կոպեկի խեր չունենք…

Այս խոսքերը վիրավորեցին մի ծերունի գյուղացու ջերմեռանդությունը, և նա պատասխանեց.

– Դե էդպես եք խոսում, որ աստված բարկանում է, երեսը մեզանից դարձնում է, ո՛չ ձյուն է տալիս, ո՛չ անձրև: Տերտերը, ինչպես էլ որ լինի, մեր հոգևոր հայրն է, նրա աղոթքն է մեզ պահում:

– Յուղը, ասում են, շատ է թանկացել, – խոսակցությունը ընդհատեց մի ուրիշը: – Դու քանո՞վ ծախեցիր, Մարկոս:

– Տասը մանեթով:

– Ձո՞ւն քանով:

– Հարյուրը մեկ մանեթով:

– Լա՛վ է:

Այս բոլոր խոսակցության ժամանակ Ավետ ապերը լուռ էր, հետո նա էլ մեջ մտավ, ասելով.

– Ի՞նչ եք խելքներիդ զոռ տալիս. թե թանկ ծախեք, թե էժան ծախեք – դիփ մեկ է: Ի՞նչ պետք է տուն տանեք: Մենք որ կանք, քաղաքացիների ճորտերն ենք: Տարին-տասներկու ամիս աշխատում ենք, վարում ենք, ցանում ենք նրանց համար: Մեր ալյուրը, մեր յուղը, մեր պանիրը առնում են, ուտում են, փողն էլ իրանց ջիբն են դնում: Հին պարտքը մնում է ու մնում: Ամեն անգամ բեռներով քաղաք ենք գնում ու դատարկ ետ դառնում և ամոթով մտիկ ենք տալիս մեր կնիկների, մեր երեխերքի երեսին, երբ մեզանից հարցնում են, թե «քաղաքից» ի՞նչ բերեցիր մեզ համար:

Այս խոսքերը ամենի վրա տխուր ազդեցություն գործեցին, և կայծակնահարի նման բոլորը լռեցին: Ոչինչ բան այնքան դառն կերպով չէ խոցում գյուղացու սիրտը, որպես այն տխուր հիշողությունը, երբ նա միտն է բերում, թե պարտքեր ունի: Այստեղից հասկանալի էր Ավետ ապոր մի քանի ժամ առաջ ունեցած վրդովմունքի պատճառը, երբ նա իր ավանակները դեռ նոր էր բեռնում քաղաքը տանելու համար, երբ նա մտածում էր, թե այն բեռները, – իր քրտինքի և աշխատության արդյունքը, – իրան չեն պատկանում…

Բայց Կալոյի ուրախ խումբը, որ առաջ ընկած քշում էին ավանակների քարավանը, զբաղված էր բոլորովին այլ խոսակցությամբ: Նրանք ազատ էին իրանց ծնողների հոգսերից, որովհետև դեռ ոչ ոքի պարտամուրհակ տված չունեին:

– Սաքի, – հարցրուց Կալոն, – դու քաղաքը տեսե՞լ ես, այնտեղի գառները ո՞րտեղ են արածացնում:

Սաքին, որ հասակով իր ընկերներից մեծ էր, որ քանի տարի մնացել էր քաղաքում, պատասխանեց.

– Քաղաքացիները ոչխար չունեն, գառներ չեն պահում:

– Բա՛ նրանց տղերքը ի՞նչ են շինում, որ գառներ չեն արածացնում, – կրկին հարցրուց Կալոն:

– Կարդում են:

– Նրանց տերտերը ինչո՞վ է ծեծում, երբ դասը չեն սովորում:

– Նրանք տերտերից դաս չեն առնում, ըշկոլումն են կարդում:

– Ըշկոլն ի՞նչ է:

Սաքին չգիտեր ինչ պատասխանել և հարևանցիորեն ասաց.

– Ըշկոլը ըշկոլ է… չե՞ս իմանում:

Մի ուրիշ տղա հարցրուց.

– Քաղաքի տղերքը ով գիտի ինչ լավ տրեխներ կունենան:

– Նրանք տրեխներ չեն հագնում, սապոկներ են հագնում, – պատասխանեց Սաքին:

– Սապոկը ի՞նչ է:

– Այն էլ ռսի տրեխ է:

– Այնտեղ մոշ կա՞, զկեռ կա՞, – հարցրուց մի ուրիշը:

– Չկա, ծմակը հեռու է քաղաքից:

– Բա՛ քաղաքի տղերքը ի՞նչ են ուտում:

Սաքին չգիտեր ինչով գոհացնել իր ընկերների հետաքրքրությունը, որ դառնում էին նրան զանազան հարցերով: Նա կարճ կերպով նկարագրեց քաղաքի կյանքը, որքան իրան հասկանալի էր, ասաց, թե այնտեղ մեծ տներ կան, բազար կա, թե եզան ու գոմեշի տեղ ձի են լծում, սայլերը (կառքերը) բանեցնում են միայն նստելու համար և ավելացրուց, թե քաղաքացի տղերքը գյուղացի տղային ծաղրում են և պատահած ժամանակը ծեծում են:

Վերջին խոսքը գրգռեց Կալոյի բարկությունը, և նա իր երկայն ցուպը բարձրացնելով, սպառնացավ.

– Տեսնում ե՞ս մըհակս, էնպես կչափեմ նրանց բարակ մեջքից, որ «վա՛յ, նանի» կկանչեն:

Դ

Ե… քաղաքը գտնվում էր այն գետի ափի մոտ, որ իր սկիզբն առնում է Գեղամա լճից: Նա այն քաղաքներից մեկն էր, որ իսպառ չէր թոթափել իրանից պարսկական փոշին, և ուր հայն էլ թուրք է, իսկ թուրքն ավելի թուրք է, և որտեղ կնիկները իրանց ծամերը ներկում են հինայով, իսկ տղամարդիկը նեղ պանտալոնի հետ քոշեր են հագնում:

Երկրորդ ավուր երեկոյան պահն էր, երբ Ավետ ապերը գյուղից բերած մթերքը ծախելուց հետո եկել, կանգնել էր մի հարուստ կրպակի առջև և գլուխը ծռած, իր երկայն մահակը կուրծքին նեցուկ տված, անհամարձակ կերպով նայում էր դեպի խանութը, չիշխելով այնտեղ մտնել: Նա նույն ժամում նմանում էր մի մարդու, որ սպասում է իր դատապարտության վճռին:

Երկար սպասում էր նա, մինչև իր վրա ուշադրություն դարձնեին և ներս կանչեին: Նրա մոտ, նույնպես անմռունչ և հանդարտ կերպով, կանգնել էր աղայի համար բերած զատկացու գառը, կարծես նա էլ տխուր էր, կարծես նա էլ մոռանալով իր սովորական կայտառությունը, շատ չէր զանազանվում իր տերից, որ նույն միջոցում գտնվում էր հոգեկան դառն տրամադրության մեջ: Գառան մոտ նստած էր փոքրիկ Կալոն և բռնել էր նրա ոտից, որ չփախչե: Նա միայն ուրախ էր, նա միայն անհոգ էր և հետաքրքիր աչքերով նայում էր իր շուրջը, ուր ամեն մի առարկա նրան զարմանք և հիացում էր պատճառում:

– Ապեր, աղան պստիկ տղա ունի՞, – հարցրուց նա:

– Չունի, – պատասխանեց Ավետը անուշադիր կերպով:

– Բա՛ էդ գառան հետ ո՞վ պիտի խաղա:

Ավետը ոչինչ չպատասխանեց:

Նույն միջոցին մի ձայն զարկեց գյուղացու ականջներին:

– Հը՜մ, Ավետ ապեր, եկե՞լ ես:

Այս ձայնը արթնացրուց նրան, նա ետ նայեցավ և տեսավ իր մոտ մի պատանի, որը հարուստ կրպակի գործակատարներից մեկն էր: Գյուղացին ետ-ետ քաշվեցավ և խոնարհ կերպով գլուխ տվեց:

– Երևի աղային տեսնելու ե՞ս եկե՛լ, – հարցրուց պատանին:

– Առանց տեսնելու ո՞նց կարամ գնալ, – պատասխանեց Ավետը:

– Դրանի՛ց, դրանի՛ց բերե՞լ ես, – հարցրուց պատանին, աջ ձեռքի ցուցամատը և բթամատը միմյանց հետ շոշափելով:

Ավետը հասկացավ, որ փողի մասին էր հարցը, և դրական կերպով շարժեց գլուխը:

Պատանին մտավ կրպակը, և մի քանի րոպեից հետո Ավետին ներս կանչեցին մուտքի առջևը: Երկու զոհեր միասին սպասում էին մի ճակատագրական վախճանի…

Աննկարագրելի ահուդողով Ավետը ներս մտավ և հեռվից խորին կերպով գլուխ տվեց մի կարճահասակ ալևոր մարդու, որ նստած էր գրասեղանի մոտ և քրքրում էր իր առջևը ածած թղթերի կույտը:

Նրա առաջին երկրպագությունը աննկատելի մնաց, որովհետև աղան զբաղված էր: Հետո գյուղացին ծոծրակը քորելով, մի քանի անգամ հազաց, որ ցույց տա իր ներկայությունը: Աղան գլուխը վեր բարձրացրուց և տեսավ նրան: Ավետը կրկնեց իր երկրպագությունը:

Աղան քաղաքավարի էր և մանավանդ դեպի այն մարդիկը, որոնց հետ հաշիվներ ուներ: Հաշվի ժամանակ նրա մարդահաճությունը հասնում էր մինչև ցած կեղծավորության: Տեսնելով գյուղացուն, նա իր կոշտ դեմքի վրա ձևացրուց մի անսովոր ժպիտ և հարցրուց.

– Բարով, Ավետ ապեր, ո՞նց ես, լա՞վ ես, տղերքդ, տանեցիքդ լա՞վ են:

– Աղոթարար ենք, աղա, – պատասխանեց գյուղացին. – թո՛ղ տեր աստված մեր կյանքիցը կտրե, ձերի վրա դնե:

– Անասուններդ, ցանքերդ լա՞վ են:

– Անասունները, փառք աստուծո, վատ չեն, բայց ցանքերը, տերը ինքը մի ողորմություն անե, ցամաքել, մնացել են: Մեր մեղքից ջուրը պակասել է այս տարի. անձրև էլ չի գալիս. գնացին տերտերի մոտ, նա գիրը բացեց, ասաց, երկինքը կապել են…

Աղան մտածեց գյուղացու սնահավատությունից օգուտ քաղել:

– Ապա որ ես ձեզ ասում եմ, թե ինչ պարտք որ անում եք, իր ժամանակին բերեցեք, տվեցեք, բայց ձեր ականջը չէ մտնում: Տեսնում ե՞ս, աստված էդպես կբարկանա: Ասել են՝ «ա՛ռ և տո՛ւր, չեն ասել՝ ա՛ռ և կո՛ւլ»: Ձեր վրա չէ խոսքս, Ավետ ապեր, դու լավ մարդ ես, քո հանգուցյալ հայրն էլ լավ մարդ էր, բայց էն անիրավ Թաթոսենց Գևոն, մի տարի է երեսը չեմ տեսել, քսան մանեթս տարավ, ինքն էլ կորավ, փողս էլ:

– Սևերես է, աղա, – պատասխանեց գյուղացին ողորմելի ձայնով. – պետք է յոլա տանես, խեղճ է: Քուլֆաթի (ընտանիքի) տեր է, ի՞նչ անե, որ չունե. ունենա, կտա, իր հոգին կազատե:

– Ես խեղճ չե՞մ, ես քուլֆաթ չունե՞մ, – պատասխանեց աղան բարկացած ձայնով:

– Աստված ձեզ տվել է, թո՜ղ ավելի շատ-շատ տա, բայց նա աղքատ է:

– Չէ՛, Ավետ ապեր, դու խելոք մարդ ես, բայց այսքանը չես հասկանում, – գյուղացու խոսքը կտրեց աղան մեղմությամբ. – ախար ամեն մարդ, որ տարածը ետ չբերե, ես էլ ձեզ նման կլինեմ:

– Դրուստ ես հրամայում, աղա, բայց ոնց որ ըլի, պետք է յոլա տանես, գեղըցին փող չի ուտի, երբ ունենա, կտա: Մեր տերը դու ես, վերևում աստծուն ենք ճանաչում, ցածումը քեզ… չենք ուտում, չենք խմում, մեր երեխերքի բերնիցը կտրում ենք ու բերում քեզ տալիս, որ մեր հոգին պարտական չմնա:

Աղան կրկին սկսեց գրասեղանի վրա ածած թղթերի կուշտը քրքրել և նրա միջից գտնելով Ավետի պարտամուրհակը, տվեց գործակատարներից մեկին, ասելով.

– Գիտեմ, Ավետը փող բերած կլինի, նրա հաշիվը տե՛ս:

Գյուղացին հասկանալով, որ իր խոսակցությունը աղայի հետ վերջացած էր, մոտեցավ գործակատարին և հանելով իր ծոցից մի բուռն թղթադրամ, առանց համբարելու ածեց նրա առջևը:

Գյուղացու հաշիվը գործակատարին հանձնելը մի տեսակ խորամանկություն էր աղայի կողմից, որպես որսորդը երբեմն իր որսը շան առջևն է ձգում նրան լավ գզգզելու համար, որ իր բարակը ավելի խամռոտի1 և ավելի արյան սովորի:

Գործակատարը համբարեց իր առջևը ածած թղթադրամները, նայեց պարտամուրհակին, համրիչի հատիկները այս կողմը դարձրուց, այն կողմը դարձրուց և ապա ասաց.

– Բերած փողերդ դուրս գալուց հետո կմնաս հիսուն ռուբլի պարտական:

Գյուղացին սարսափի մեջ ընկավ:

– Իմ պարտքը առաջ հիսուն ռուբլուց ավելի չէր, – ասաց նա սրտի նեղությունիցը խեղդված ձայնով, – ապա էդ նոր տված փողերս ո՞ւր է գնում:

– Բա՛ տոկոսը չե՞ս հաշվում, – կոշտ կերպով պատասխանեց գործակատարը. – քո այժմ բերած փողը հազիվ տոկոսը կլրացնե:

Աղան նկատելով, գյուղացու և գործակատարի վիճաբանությունը, հեռվից ձայն տվեց.

– Ավետ ապեր, քեզանից հո ավել չեն առնի. որդի, ինչո՞ւ ես նեղացնում:

– Գրիգոր, – դարձավ նա դեպի գործակատարը, – տոկոսից մի բան բաշխիր Ավետին, մեր մարդն է, թո՛ղ շնորհակալ լինի: Դուքնիցն էլ մի բան տուր, թո՛ղ տանե իր երեխերքի համար, զատիկ օր է գալիս, թո՛ղ ուրախանան:

Հաշիվում ավելի վեր առնել, խաբել և կրպակից մի բան ընծայելով, գյուղացու աչքերը կապել, աղայի առևտրական տան հին սովորությունն էր: Ավետին ընծայեցին երկու գունավոր աղլուխ և մի քանի արշին էժանագին չիթ: Նա ընդունեց ընծաները և օրհնեց աղայի կյանքը:

Գործակատարը գրեց մի նոր պարտամուրհակ և գյուղացու առջև դնելով, ասաց, որ մատը թաթախե մելանի մեջ և կնիքի փոխարեն դնե թղթի վրա: Ավետը կատարեց պատվերը, որովհետև վաղուց սովորած էր այս գործողությանը:

Կալոն դրսումը վաղուց արդեն ձանձրացել էր, մենակ սպասելով, նա շուտ-շուտ գլուխը ներս էր բերում կրպակի դռնից, երկչոտ կերպով նայում էր և իսկույն ետ քաշվում, որ իրան չտեսնեն: Վերջացնելով իր գործը, Ավետը նոր հիշեց իր բերած գառը և կանչեց Կալոյին, որ ներս բերե:

– Զատիկվա համար գառն էլ ես բերել, շատ ապրիս, – ասաց աղան, հետաքրքիր աչքով նայելով Կալոյի վրա: – Այդ ո՞վ է, – հարցրուց Ավետից:

– Ձեր ծառայի, մեռած եղբորս որդին է:

– Տղա, արջի քոթոթ, մոտ եկ, տեսնեմ, – կանչեց աղան:

Կալոն ամաչելուց կարմրել էր, և քրտինքը կաթիլ-կաթիլ նրա ճակատից ցած էր թափվում: Նրա կյանքում առաջին անգամն էր, որ իր վրա ուշադրություն էին դարձնում այնպիսի մեծ մարդիկ:

– Քանի՞ տարեկան է, – հարցրուց աղան, դառնալով դեպի Ավետը:

– Տասներկուսի մեջ նոր է ոտ դրել, – պատասխանեց նա:

– Տեսնողը կասե տասնհինգ տարեկան է. ի՞նչ ասել է գյուղացի… անկարգ կերել է, անկարգ մեծացել…

Աղայի հետաքրքրությունը փոքրիկ Կալոյի մասին ուներ իր առանձին պատճառները. վաղուց նրա կինը միշտ ասում էր, որ մի գյուղացի երեխա գտնե տանը սպասավորություն անելու համար, պատճառ բերելով, թե քաղաքացի տղերքը շատ սատանա են լինում, ամեն բանից գողանում են, բայց անկարելի է լինում գողությունը բռնել, իսկ գյուղացին միամիտ կլինի և պարզ, նրան կարելի է ամեն ինչ հավատալ: Այս մտքով աղան մտածեց կորզել Ավետի ձեռքից նրա եղբոր որդուն:

– Գիտե՞ս ինչ կա, Ավետ ապեր, – ասաց նա իր սովորական մեղմ ձայնով, – քո հանգուցյալ եղբայրը շատ լավ մարդ էր, թո՛ղ աստված իր հոգին լուսավորե. դուն էլ լավ մարդ ես, բայց նա ուրիշ էր: Ես ուզում եմ իմ հոգու համար նրան մի լավություն անել, իմանում ե՞ս, լավությո՛ւն անել… ես ուզում եմ նրա որդին վերառնել ինձ մոտ պահել, մեծացնել և «մարդ» շինել… հասկանում ե՞ս, մարդ, ինձ նման մարդ, ոչ թե տգետ գյուղացի…

«Մարդ» բառը աղայի լեզվում բոլորովին ուրիշ նշանակություն ուներ. մարդ ասելով նա հասկանում էր հարուստ վաճառական, որովհետև, նրա կարծիքով, ով որ փող չուներ, նա մարդ չէր:

Լսելով աղայի խոսքերը, Ավետը մի քանի րոպե մտատանջության մեջ մնաց, չգիտեր, թե ինչ պետք է պատասխանել: Վերջապես անորոշ կերպով ասաց.

– Ինչ ասեմ, աղա, դու ես իմանում, ինչ որ քո ոտը գիտե, այն մեր գլուխը չգիտե:

– Օրհնյալ լինիս, որդի, լավ հասկացար, – խոսեց նա ծանր կերպով: – Դու խելացի մարդ ես, դու չես թողնի, որ քո եղբոր որդին անբախտ մնա: Մի բան էլ կա, էն էլ պիտի գիտենաս, երբ որ քո եղբոր որդին մեզ մոտ մնա, դու ավելի կշահվես մեզանից, կգաս, կգնաս, կուտես, կխմես, մեր դուռը քո առջևը միշտ բաց կլինի:

Կալոն համարյա չէր լսում, թե որպիսի վճիռ է կատարվում իր վիճակի փոփոխության վերաբերությամբ. նրա ուշադրությունը գրավել էին խանութում գտնված առարկաները: Նա իր աչքը չէր հեռացնում կարդոնից շինած փոքրիկ ձիուց, որ կանգնեցրած էր նեղ տախտակի վրա:

– Ի՜նչ լավ պստիկ ձի է, – ասաց նա իր մոտ կանգնած խանութի փոքրիկ աշակերտին: – Ի՞նչ է ուտում:

Փոքրիկ աշակերտը ժպտելով գյուղացու միամտության վրա, նկատեց, որ սուս կենա, ամոթ է:

– Հիմա հասկացա՞ր – շարունակեց աղան, – դու կթողնես այս տղային մեզ մոտ, կհագցնեմ, կպահեմ, ինչպես իմ որդիս, երբ մեծացավ, խելքը բանի հասավ, ամսական էլ կտամ:

Ավետը մի կողմից ուրախ էր, որ իր եղբոր որդին կբախտավորվի և, աղայի ասածին պես, «մարդ» կդառնա, բայց մյուս կողմից մտածում էր, թե ինքը կզրկվի մի լավ գործիքից, որովհետև Կալոն շատ բանում օգնում էր նրան: Բայց վերջին մտածությունը որքան և գործնական լիներ, այսուամենայնիվ նա արտահայտել չէր կարող, քանի որ ինքը պարտական էր աղային, «պարտականի երեսը սև կլինի, իսկ լեզուն – կարճ»:

Պայմանների մեջ համաձայնվեցան, և, իսկն ասած, ամենևին պայման չդրվեցավ, միայն աղան խոստացավ կերակրել, հագցնել Կալոյին և ժամանակով, երբ նա կարող կլինի «օրինավոր գործ» կատարել, ամսական մի բան կստանա: Եվ այսպես բոլոր հույսը մնաց ապագայի վրա…

Բայց Կալոյի կամքը ոչ ոք չէր հարցնում: Երբ Ավետը հայտնեց նրան իրա խորհուրդը, նա խիստ տհաճությամբ պատասխանեց.

– Ես այստեղ չեմ մնա:

Ավետը քաղցրությամբ նրան համոզել սկսեց, թե քաղաքը լավ էր գյուղից, թե աղայի տանը նրան լավ կպահեն, թե ինքը շուտ շուտ կգա նրան տեսնելու և ուրիշ շատ խոսքեր ասաց, բայց համոզել չկարողացավ:

– Ես այստեղ չեմ մնա, – կրկնեց երեխան: – Ես քեզ հետ կգամ:

Երբ հորեղբայրը սկսեց ավելի թախանձել, խեղճ տղայի աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Այդ արտասուքն էր, որ սկիզբն դրեց մի արտասվալի ապագայի…

Կալոյին համարյա զոռով բաժանեցին իր հորեղբորից և տարան աղայի տունը:

Հեռանալով քաղաքից, Ավետ ապերը միշտ այն տխուր մտածության մեջն էր գտնվում, թե ի՞նչ ասե Շուշան տատին, որպես հանգստացնե նրան: Որովհետև գիտեր, որ խեղճ պառավը առանց Կալոյին մի օր տեսնելու ապրել չէր կարող:

– Տարեցիր երեխիս, կորցրիր… – ասաց նա, երբ լսեց Ավետի խոսքերը:

Yosh cheklamasi:
12+
Litresda chiqarilgan sana:
26 iyun 2017
Hajm:
160 Sahifa 1 tasvir
ISBN:
9781772466928
Mualliflik huquqi egasi:
Aegitas
Yuklab olish formati:

Ushbu kitob bilan o'qiladi