Kitobni o'qish: «Կայծեր Մաս 2»

Shrift:

Ա
ՎԱՆ

Հասնելով Վան, մենք իջևանեցինք Այգեստան կոչված արվարձանում, որ կից է այդ քաղաքին: Մեզ ընդունեց իր տանը թաղի նշանավոր անձիքներից մեկը, որ կոչվում էր վարպետ Փանոս: Այդ պարոնը արհեստով ներկարար էր:

Տան տերը առաջին անգամից երևաց ինձ բարի և ազնիվ մարդ, բավական վայելչակազմ մարմնով և պայծառ դեմքով: Արևելքում մարմնի բարեձևությունը շատ անգամ մարդու հառաջադիմության պատճառ է դառնում: Բայց վարպետ Փանոսը, բացի դրանից, ուներ և ճարտար լեզու և, որպես երևում էր, բավական փորձված ու խելացի մեկն էր: Երևի այդ էր պատճառը, որ չնայելով նրա երիտասարդությանը, նա ընտրված էր թաղական խորհրդի անդամ, ուր ծերությունը և սպիտակ մորուքը ավելի մեծ նշանակություն ունեին, քան խելքը:

Բոլորովին մութն էր, երբ հասանք Այգեստան:

Ասլանը սկսել էր այժմ, որպես ասում են, ինձ փոքր ի շատե մարդու տեղ դնել: Երբ մտանք վարպետ Փանոսի հյուրանոցը, նա իսկույն ինձ ծանոթացրեց տան տիրոջ հետ, ավելացնելով, թե իր մանկության ընկերներից մեկն եմ եղել և այժմ նրա լավ բարեկամն եմ: Վարպետը իր սուր և թափանցող աչքերով ոտքից ցգլուխ չափեց ինձ, հետո խիստ մտերմաբար հայտնեց իր ուրախությունը ինձ տեսնելու համար:

Որպես երևում էր, վարպետը նախածանոթ էր Ասլանի հետ և իր տան մեջ հենց այն գիշեր սպասում էր նրան: Նա գիտեր և այն, թե որտեղից էր գալիս Ասլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց.

– Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը…

– Այդպես պատահեց… – պատասխանեց Ասլանը նույն եղանակով:

– Հուսով եմ, որ սուրբ աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը…

– Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից…

– Ուրա՜խ եմ… – ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության: – Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար:

– Վատ չէր լինի, – ասաց Ասլանը, – միայն ոչ առանց նախաճաշելիքի: Մենք բավական սոված ենք:

– Այդ ինքնըստինքյան հասկանալի է, – ասաց վարպետը ժպտալով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու:

Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ – ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր: Նա ընկղմված էր մտածությունների մեջ: Առանց մտածությունների չէի և ես: Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ Վանա հռչակավոր կատուները: Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ ու այն կողմ: Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր: Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով: Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին: Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ: Կարծես, այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի: Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ դլուխը, մեջքն ու ագին: Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությանը: Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրըխկճրըխկում էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի:

– Այդ ի՞նչ է, – հարցրի ես:

– Կայծեր են… – պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները, թե որպես շփումից առաջ է գալիս կրակը:

Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ: Երեխաները, երևի, քնած էին. նրանց ձայնն անգամ չէր լսվում: Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին:

Այգեստանը արժանի էր իր կոչմանը: Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն է, բաժանված լայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով: Դրսից տները չեն երևում. ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը: Ամեն մի տուն կենտրոնացված է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով: Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ:

Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում: Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված: Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ: Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին Ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին: Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով: Կային և բազմաթիվ նարգիլեներ ու չիբուխներ՝ երկայն ծխաքարշներով` հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված: Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ ու նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային: Երևում էին և զենքեր: Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները: Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ` սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն: Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար: Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես թվում էր ինձ, հին դարերի գործ պետք է լինեին: Արդյոք ու՞մ պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թաղավորների, իշխանների պատկերներ լինեին, գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում: Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը: Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրանց գեղեցկությունը: Ես թողնում եմ ուրիշ մանր-մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով: Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ: Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես. մի երիտասարդ, փղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ. շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ. վագրը իր առջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ. երիտասարդը իր նիզակի ծայրը սրել էր նրա կողքը: Մի այլ տեղ կատարվում էր սալամի հանդես. Արևելքի թագավորներից մեկը, շողշողուն գոհարներով զարդարված, նստած էր փառավոր գահի վրա. հարյուրավոր գլուխներ խոնարհված էին նրա առջև. արքունիքի հռետորը, գահի մոտ կանգնած, ձեռքը ոգևորությամբ բարձրացրած, ճառախոսում էր, գովաբանելով արքայի ողորմածությունը և չկատարած սխրագործությունները: Մի տեղ ուժից ընկած. ծերունի մահմեդական էֆենդին, թիկն տված թավիշյա մութաքաներին, պառկած էր փափուկ օթոցի վրա. նարգիլեի օձապտույտ ծխաքարշը թույլ կերպով մխում էր նրա բերնում. երկու մանկահասակ կանայք փայփայում էին նրա մեկնած ոտները, երրորդը արմավենու տերևից կազմված հովհարով զովացնում էր զառամյալ դեմքը: Մի այլ տեղ չորս սևամորթ ստրուկներ, կիսամերկ, բոբիկ ոտներով, թևքերի վրա տանում էին մի շքեղ պատգարակ, որի մեջ նստած էր նրանց տերը, նախշուն, ոսկենկար զգեստներով: Վերջին երկու պատկերները բոլորից ավելի գրավեցին իմ ուշադրությունը:

Ինձ պատահել էր տեսնել Պարսկաստանի հարուստ հայերի տներում նկարներով զարդարված սենյակներ, բայց նրանց նկարները ոչինչ միտք չունեին, պատկերացնում էին ծաղիկներ, ափսեների մեջ դրած պտուղներ, պարտեզներ և սիրուն կանանց դեմքեր: Իսկ այստեղ, վարպետ Փանոսի հյուրանոցում պատկերների մեջ ես իմաստ էի տեսնում, կարծես նրանք դիտմամբ պատվիրված լինեին:

Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսիաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ: Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին: Անկողինները, ծալած, փաթաթած, առանձին-առանձին դրած էին պատերի մոտ: Նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը ո՛րքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում: Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում:

Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավարված տանձի ու ծիրանի ծառերով: Խաղողի որթը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք: Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր: Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա: Սկսեցի նայել դեպի այգին: Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ. ոչ մի տերև չէր շարժվում: Ամեն ինչ լուռ էր, միայն անհանգիստ ճպուռը իմ մերձակայքում եղանակում էր իր միակերպ, տաղտկալի երգը:

Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում: Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը: Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում: Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո: Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում: Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն՝ վառվում էր մի ճրագ: Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից:

Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում: Ընթրիք էին անում կտուրների վրա. սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրանք ևս մի բան ուտեն: Աղջիկները նույն կտուրների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները: Ա՜խ, ո՛րքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը… ո՛րքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ… Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման, ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ:

Մի քանի կտուրներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր: Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը, և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ: Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրացության, երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ և զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը: Տեղ-տեղ ածում էին չոնգուրների վրա: Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառն մրմունջներ: Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ…

Երկար լսում էի ես: Երբեմն գիշերային խաղաղությունը վրդովվում էր խառնաշփոթ աղաղակներով: Աղմուկը հետզհետե սաստկանում էր: Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում, և իսկույն տիրեց խորին լռություն…

– Էլի կատաղե՜լ են անզգամները, – ասաց վարպետը՝ շտապով իմ մոտից անցնելով: – Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ մի քանի վիրավորվածներ…

Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում:

Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով բավականացող մարդիկներից չէր: Նա մտավ սենյակը, դրեց Ասլանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տարեխ և, խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավ:

– Ո՞ւր եք գնում, – հարցրեց Ասլանը:

– Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու` ի՛նչ է պատահել, – պատասխանեց նա և, մի բան մտաբերելով, կանգ առեց շեմքի վրա: – Ձեր անունով նամակներ են ստացված, – ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ:

Նա վազելով ցած իջավ սանդուղքներից:

Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ: Ես հեռու նստած, հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները: Նրա սիրտը խռովության մեջ էր: Այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով: Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը և նամակներից մեկը, դեռ չվերջացրած, նետեց հատակի վրա և ձեռքը հուսահատական կերպով տարավ դեպի ճակատը, բռնեց աչքերը: Ի՞նչ էր պատահել: Նրա դողդոջուն շրթունքները մեքենաբար արտասանեցին միայն մի բառ` «թշվառակա՜ն»… Սի մեծ անհաջողություն միայն կարող էր Ասլանին այդ աստիճան զայրացնել: Նա կրկին վեր առեց չավարտված նամակը և շարունակեց կարդալ: Հետո բռնեց ճրագի վրա, և բարակ թուղթը մի վայրկյանում մոխիր դարձավ: Նա սկսեց կարդալ մնացած նամակները: Այժմ նրա դեմքը փոքր-ինչ խաղաղ էր: Բայց ճակատի վրա տակավին նշմարվում էին կնճիռներ: Երբեմն նամակը ցած էր գնում և իր հիշողության տետրակի մեջ ինչ-որ գրում էր, երբեմն մատների վրա թվեր էր հաշվում: Բայց ինձ զարմացրեց մի բան, երբ նա նամակներից մեկի վրա քսեց մի հեղուկ, և իսկույն առաջվա տողերի մեջտեղում հայտնվեցան նոր տողեր` բաց-կանաչագույն տառերով: Ո՞րտեղ էին թաքնված այդ տառերը: Ես չհամարձակվեցա հարցնել, երբ նկատեցի, որ նա դեռ ոչ բոլորովին հանգստացած էր:

Նամակները կարդալուց հետո նա բոլորը այրեց: Այժմ միայն ուշադրություն դարձրեց իր մոտ դրած տառեխների և օղիի շիշի վրա:

– Վանա տառե՜խ… որքան ընտանիքներ ապրում են միայն այդ փոքրիկ ձկներով, – բացականչեց նա և սկսեց ուտել: – Դու չե՞ս սիրում, – դարձավ դեպի ինձ:

Ես ախորժակ չունեի մի բան ուտելու: Ճանապարհի հոգնածությունից սաստիկ ջարդված էի: Հանգիստ և երկարատև քունը միայն կարող էր փոքր ի շատե կազդուրել ինձ: Բայց Ասլանի հոգը չէր. այդ երկաթի մարդը չգիտեր, թե ի՞նչ է հանգստությունը: Նա անհամբերությամբ սպասում էր վարպետին: Շատ չանցավ, վերադարձավ նա և, տարած զենքը իր տեղը դնելով, մի քանի անգամ անցուդարձ արեց սենյակի մեջ, ինքն իրան կրկնելով.

– Անտանելի՜ է… անտանելի՜ է… մինչև ե՞րբ… համբերություններս հատավ…

– Ի՞նչպես վերջացավ ձեր արշավանքը, – հարցրեց Ասլանը ժպտելով:

– Մինչև իմ հասնելը` ամեն ինչ վերջացած էր, քրդերը իրանց գործը կատարել էին… – պատասխանեց նա` լեղակի կարասների մեջ կապույտ գույն ստացած ձեռքերը տրորելով և միևնույն խոսքերը կրկնելով: – Համբերություններս հատավ… էլ համբերություն չմնաց… մինչև ե՞րբ…

Ասլանի մեղմ ժպիտը ծիծաղի փոխվեցավ:

– «Համբերությունը կյանք է», այդ խրատը ավանդեցին մեզ մեր պապերը, – ասաց նա, հեգնական կերպով նայելով վարպետի վրա:

– Այո՛, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի, – պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել: – Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է, և ավելի ոչինչ:

Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց:

– Պատմեցեք, բանը ինչումն է, – հարցրեց նա:

– Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է, – պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ:

– Այգիներից միրգ էին գողանում: Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրանց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները: Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը: Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրանց կոտրած գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում, և, գիշերը մտնելով այգին, կտրում են և տանում: Տիրոջ տարիներով խնամած ու հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է: Իսկ ո՛րքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին: Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրանց սիրելի ծառերի կտրած բների մոտ, լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա:

Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառն կերպով վերաբերվեցավ: Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակամ, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է. սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը:

– Փոխանակ իրանք լաց լինելու, լավ չէ՞ր լինի, որ կտրողներին լացացնեին, – ընդհատեց Ալանը վարպետի խոսքը:

– Լավ կլիներ, – պատասխանեց վարպետը խորին կերպով հոգոց հանելով: – Բայց այդ դժվար է… շատ դժվար է… նրանց կողմումն է վայրենի ուժը… նրանց կողմումն է անպատիժ բարբարոսությունը… Մեր ձեռքերը կապել են, իսկ նրանցը` բաց թողել… Մեր ձեռքում մի փայտի կտոր անգամ չեն թողել, իսկ նրանք սուր են կրում… Մենք զրկված ենք անձնապաշտպանության ամեն միջոցներից: Եթե այգետերը մի ամենափոքր ընդդիմադրություն ցույց տա և թույլ չտա, որ իր ծառը կտրեն, հավատացած եղեք, որ մյուս գիշերը կմտնեն նրա տունը և նրա պարանոցը կկտրեն: Եվ այս տեսակ չարագործները կմնան անպատիժ, որովհետև այստեղ հայի գլուխը մի սոխի գլխի չափ արժեք չունի:

– Եթե ամեն հայ իր սենյակում այդպես զենքեր ունենար, էլ նրա գլուխը չէին կտրի սոխի նման, – նկատեց Ասլանը:

– Այո՛, եթե ունենա՜ր… – պատասխանեց վարպետը վրդովված ձայնով: – Բայց հայը երբ երկու ղուրուշ ունի, միշտ մտածում է այդ բանի վրա, թե ի՞նչ գնեմ ու ի՞նչ ծախեմ, որ երկուսը երեք դարձնեմ: Նա այլևս ուրիշ բանի վրա չէ մտածում: Եվ կառավարությունը սովորել է նրան միշտ այդպես տեսնել, և երբ նրա ձեռքում մի զենք է նկատում, իսկույն խլում է՝ ասելով, «այդ քո գործը չէ, դու գնա քո արշինով պարապի՛ր»… Եվ հայը մնում է, որպես մի անպաշտպան որս քրդի և տաճկի ձեռքում: Նրա հունձքի արտերը այրում են, նրա այգիները կտրատում են, և տերը կանգնած, ձեռքերը փակած, միայն բաց աչքերով նայում է ու ա՜խ քաշում…

– Մի՜թե այդ աստիճան անարդար է կառավարությունը, – հարցրի ես:

– Ի՜նչ կառավարություն: Այստեղ կառավարություն չկա, այստեղ կան միայն կեղեքիչ և ինքնակամ կառավարիչներ, որոնք միևնույն բարբաբոսություններն են գործ դնում: Լսեցեք, ես ձեզ կպատմեմ մի փաստ, որից կարել է հասկանալ, թե ինչ պտուղներ են մեր կառավարիչները: Մեր քաղաքը վաղուց անտի զինվորանոց չուներ: Զինվորներին սովորաբար բաժանում էին շրջակա գյուղերի հայոց տներում, և ամեն մի ընտանիք պարտավոր էր մի քանի զինվորներ պահել: Կարող եք երևակայել, թե ի՞նչ բան է անկարգ բաշիբոզուկը հայ ընտանիքի մեջ: Նա իրան կատարյալ տան տեր է համարում և թույլ է տալիս ամեն տեսակ կամայականություն: Գյուղացիները, չկարողանալով համբերել, դիմեցին նահանգապետ փաշային, խոստացան, թե իրանց ծախքով պատրաստ են քաղաքի մոտ մի զինվորանոց կառուցել, միայն թե ազատվեն իրանց անկարգ հյուրերից: Փաշան ընդունեց: Հավաքվեցան, խորհեցին, հաշվեցին շենքի ծախսերը, և բաժանելով իրանց մեջ, վճարեցին ամբողջ գումարը: Փողերի մեծ մասը դրա ու նրա կոկորդն անցավ, և վերջը շենքի բոլոր փայտեղենները դարձյալ գյուղացիների այգիներից կտրեցին:

– Ձրի՞:

– Այո՛, ձրի: Եվ մեծ անգթությունը նրանումն էր, որ տապարը ծառի տիրոջ ձեռքը տալով և նրա գլխին ծեծելով, հենց իրան` տիրոջն էին ստիպում կտրել իր սիրելի ծառը, որպես դանակը հոր ձեռքը տալով` ստիպում են կտրել սիրելի որդու պարանոցը:

– Ապա ի՞նչ էին շինում ձեր քաղաքի սրբազան առաջնորդը և ձեր էֆենդի աղաները: Ինչո՞ւ ժողովրդի այդ պատվելի ներկայացուցիչները չբողոքեցին:

– Հենց այդ էֆենդի աղաներն էին կտրել տվողները, որովհետև նրանց գլխավորները կապալով հանձն էին առել շենքը կառուցանելու: Իսկ սրբազան առաջնորդը նրանց բարեկամն է…

– Հիմա ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեղավորը:

– Իհարկե, մերոնք, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ ավելի վնասակար են, քան թե թուրքը ու քուրդը:

Ասլանը և վարպետը դեռ երկար խոսում էին: Ես արդեն սկսել էի ձանձրանալ. եթե չամաչեի` կպառկեի ու կքնեի: Աչքերս դժվարությամբ էին բացվում, գլուխս այնքան ծանրացել էր, կարծես արճիճով լցված լիներ: Ի՞նչ մի առանձին բավականություն են գտնում այդ տեսակ վիճաբանությունների մեջ, մտածում էի ես, միշտ միևույն խոսքերը, միշտ միևնույն դատողությունները. մեկը հարստահարված է, մյուսը հարստահարող է, մեկը հալածված է, մյուսը հալածող է, ի՞նչ պետք է անել, որ նեղյալների դրությունն ավելի բարվոքվի, ի՞նչպես պետք է թեթևացնել ճնշվածների ծանր բեռը և այլև: Կարծես դրանք այն մեծ աստվածորդու աշակերտները լինեին, որ հրավեր կարդաց նեղված մարդկության` ասելով, «Եկա՛յք առ իս ամենայն նեղեալք և ծանրաբեռնեալք, և ես հանգուցից զձեզ»:

Ընթրիքի սեղանը վերջապես աղատեց ինձ նրանց խոսակցություններից. վիճաբանության թելը ընդհատվեցավ: Վարպետի տան սպասավորները նրա գործարանի աշակերտներն էին: Ներս մտան մի խումբ զանազան հասակի պատանիներ, յուրաքանչյուրը ձեռքում մի բան բերելով. մեկը աղ, մյուսը հաց, երրորդը գինի, չորրորդը կերակուրներ, մի խոսքով, ինչ որ պատրաստված էր, բոլորը միանգամից դրվեցավ սեղանի վրա: Նրանց տեսնելով, ես բոլորովին սթափվեցա, այլևս չէի նիրհում, մանավանդ երբ նկատեցի, որ այդ չարաճճիները մի առանձին հեգնությամբ էին նայում իմ վրա: Մեկը նրանցից մինչև անգամ դիտմամբ կոխեց իմ ոտքը: Բայց ես ավելի պատճառներ անեի նրանց վրա ծիծաղելու: Բոլորի ձեռքերը, սկսած մատներից մինչև արմունկները, կապույտ գույն ունեին, կապույտ գույնով ներկված էին և նրանց երեսներն ու քթերը: Հեշտ բան չէր ներկարարի աշակերտ լինել և չթաթախվել ներկերի մեջ: Բայց ե՞ս… ե՞ս ում աշակրտն էի… իմ ձեռքերն ի՞նչ գույնով պիտի ներկվեին… Այդ հարցերը իմ գլխում ծագելու ժամանակ ես ամբողջ մարմնով դողում էի…

Ընթրիքից հետո ես խնդրեցի վարպետից, որ ինձ մի տեղ ցույց տային քնելու: Նա իսկույն հրամայեց աշակերտներից մեկին, և նա ինձ համար անկողին պատրաստեց միևնույն սենյակում, ուր մեզ ընդունել էին: Տնային բարեկեցության գլխավոր հատկանիշներից մեկը երևում է անկողնի մաքրությունից: Ես այն տեսակ անկողին չէի տեսել իմ կյանքում: Գլուխս փափուկ բարձի վրա դնելը և աչքերս փակվելը` միևնույն րոպեում կատարվեցան:

Գիշերվա կեսին ես զարթեցա. սաստիկ ծարավ էի: Վանա աղի տառեխը ուտելը հեշտ բան չէ, այն ևս գիշերը: Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա, որ Ասլանը դեռ քնած չէր: Նա նստած էր աշտանակի հանդեպ, որի վրա վառվում էր յուղային ճրագը: Ինչ-որ գրում էր:

– Այդ ի՞նչ ես գրում, – հարցրի նրանից:

– Նամակներ, – պատասխանեց նա: – Վաղը առավոտյան մեր թղթատարը մեկնելու է…

Արդյոք դեպի ո՞ր կողմը, արդյոք ո՞ւմ պետք է նամակ տանե, – այդ մասին նա ոչինչ չխոսեց:

– Եթե որսորդին գրելու լինես, իմ կողմից ողջունիր, – խնդրեցի նրանից:

– Լավ, – ասաց նա և շարունակեց իր գործը:

Ես նկատեցի, նա չէ ուզում, որ ես նրան խանգարեմ: Լուռ կացա: Քունը փախավ իմ աչքերից: Անկողնիս մեջ պառկած, մի առանձին ապշությամբ նայում էի Ասլանի վրա: Նա երևում էր ինձ որպես մի մարմնացած գործունեություն: Բայց ի՞նչ նպատակի համար էր գործում այդ անխոնջ, մշտապտույտ ուժը, ես հասկանալ չէի կարողանում: Փետուրյա գրիչը երբեմն թղթի վրա սլանում էր, որպես նրա սրաթռիչ միտքը, իսկ երբեմն նա շարժվում էր դանդաղ, շրջանկատ կերպով, որպես հեռատես զգուշություն: Եթե ես վեր առնեի այն նամակներից մեկը, անտարակույս, կարդալ չպիտի կարողանայի, թեև նրանք գրված էին հայոց տառերով և հայերեն լեզվով: Գրելու այդ ձևը ես հետո սովորեցի, դա պայմանական մի ձև է, որ միայն նամակի գրողին և ստացողին է հայտնի:

Ասլանը գրում էր: Ես շարունակում էի նայել նրա վրա, և միևնույն ժամանակ զանազան մտածություններ զբաղեցնում էին իմ անփորձ գլուխը: Այդ մտածություններն այնքան խառն, այնքան անկապ էին, որ անկարելի էր նրանցից մի որոշ եզրակացություն դուրս բերել: Իմ երևակայության մեջ, որպես անրջական տեսիլքներ, պատկերանում և դարձյալ աներևութանում էին այն փոփոխությունները, թե ո՛րքան անգամ և ո՛րպիսի տարբեր կերպարանքներով այդ խորհրդավոր երիտասարդը հայտնվել էր ինձ: Երբեմն տեսնում էի նրան արաբական մինարեթում, այն ամայի, մշտալուռ ավերակների մեջ, իր ավազակային խմբով, բոլորված բոցավառ փայտակույտի շուրջը, անքուն սպասում էին, որ գիշերային խավարը թանձրանա, որ ճանապարհների անցուդարձը դադարի, որ մարդիկ հանգստանան խաղաղ քնով, իսկ իրենք կատարեն մի խավար գործ… Երբեմն տեսնում էի նրան նույն աբեղայական կերպարանոքվ, որպես երևաց ինձ «Կաթնաղբյուրի» ձորում: Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա իմ մոտից և իբրև մի խաբուսիկ ուրվական, անհայտացավ ժայռերի մեջ: Կարծես և այժմ լսում էի նրա այն տխուր, անապատական երգը, որ դուրս կոչեց պառավ կախարդին փոքրիկ Հյուբբիի հետ տերևախիտ թուփերի միջից: Երբեմն տեսնում էի նրան վանեցի մանրավաճառի հագուստով, եզիդիների իշխանի վրանում: Գեղեցիկ Թուլթին, վրանի վարագույրի ետևից, սիրաբորբոք ալքերով նայում էր նրա վրա, առանց հասկանալու, որ այդ անգութ, խստաբարո երիտասարդի սրտում կնոջ սիրո համար տեղ չէր մնացել: Երբեմն տեսնում էի նրան «Գժի» տանը, կարծես և այդ րոպեում, ներկայանում էր ինձ այն զայրացած դեմքը, թե որպիսի խորին վրդովմունքով լսում էր նա բարեսիրտ քահանայի տխուր պատմությունները` հոգևոր առաջնորդի անկարգությունների մասին: Իսկ այժմ տեսնում էի նրան մի օտարոտի արհեստավորի տանը: Այստեղ նա բժիշկ էր, եվրոպական բարձր ուսում ստացած բժիշկ և ինձ հրամայել էր թաքցնել իր հայությունը: Ինչո՞ւ էր նա փախչում հայ անունից, ինչո՞ւ էր նա այդպես տեղերի և հանգամանքների համեմատ անդադար կերպարանափոխ լինում: Ահա այդ գաղտնիքը երկար զբաղեցնում էր իմ միտքը, և ես մի որոշ եզրակացության հասնել չէի կարողանում:

Մի բան, որ ավելի պարզ կերպով նկատում էի, սկսյալ այն օրից, որ ճանապարհորդում էի Ասլանի հետ` այն էր, որ նրա խորհրդավոր տեսակցությունները, ամեն տեղ և ամեն դեպքում, այնպիսի անձինքների հետ էին լինում, որոնք բողոքում էին երկրի ընդհանուր անկարգության դեմ: Եվ այդ տարբեր, զանազան ցեղերին պատկանող անձինքների մեջ կարծես թե տարածված էր մի գաղտնի թել, որ կապում էր բոլորի սրտերը, բոլորի կամքերը միմյանց հետ: Բայց ո՞ւմ ձեռքումն էր գտնվում այդ թելի ծայրը, ո՞վ էր դարձնում բոլորի կամքերը դեպի մի որոշ նպատակ, այդ գաղտնիքը և մինչև այսօր մնաց ինձ համար անհայտ: Կարոն, Ասլանը, Որսորդը և նրանց բոլոր համախոհները մի-մի գործիքներ էին, որ բաղկացնում էին մի բավականին բաղադրյալ մեքենայի կազմվածքը: Բայց այն ի՞նչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս: Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց սրտերը, մարդկանց մտքերը և նրանց ուղղություն է տալիս…

Ասլանը վերջացրել էր նամակները. նա այժմ սկսել էր կնքել ծրարները: Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գուլնաթափ դեմքը: Նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ, և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ: Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը: Այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը, շատ հավանական էր, ստացվել էր հրացան գործիքից: Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա: Չգիտեմ, ինչո՞ւ վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում: Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները: Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը: Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր: Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում: Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ: Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ի՞նչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա:

– Ինչո՞ւ ես հարցնում, – մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը:

– Այնպես… ուզում եմ իմանալ…

– Դրանից ի՞նչ օգուտ քեզ:

Ես լուռ կացա: Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ.

–Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել: Եթե դու հարցնեիր, թե ի՞նչպես է կազմված իմ կուրծքը, ո՞ր կողմումն է գտնվում իմ սիրտը և ի՞նչ պաշտոն է կատարում, կամ ո՞րպես են դասավորված իմ թոքերը, ես բոլորը կբացատրեի քեզ, որովհետև դրանից մի բան կսովորեիր: Բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա, կարծեմ, մի առանձին օգուտ չի բերի քեզ:

Ես ավելի վիրավորվեցա, ասելով.

– Դու միշտ համարել ես ինձ մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ, բացի կատակներից, ուրիշ բան չէ կարելի խոսել:

– Ես կատակ չեմ անում: Բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես…

Yosh cheklamasi:
12+
Litresda chiqarilgan sana:
26 iyun 2017
Hajm:
570 Sahifa 1 tasvir
ISBN:
9781772467086
Mualliflik huquqi egasi:
Aegitas
Yuklab olish formati:
Matn
O'rtacha reyting 4,4, 631 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,6, 389 ta baholash asosida
Matn, audio format mavjud
O'rtacha reyting 5, 1 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 5, 10 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,7, 185 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 3, 2 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 5, 5 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,8, 17 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,7, 7 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,8, 11 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,9, 48 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 5, 4 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,5, 10 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 5, 4 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,5, 6 ta baholash asosida
Matn
O'rtacha reyting 4,8, 6 ta baholash asosida