Kitobni o'qish: «Թուրքի աղջիկը»

Shrift:

Զորություն կրոնի

Ամառն էկել էր, սիրտս էլի մթնել: Տարվան ո՛չ մեկ ժամանակը էնքան ինձ չի տանջում, ինչպես ամառը: Ձմեռվան ցուրտը, բուքը, սառը եղանակը, չանգը՝ ղորդ ա՝ ծանր են մարդի համար, բայց հենց արևը մեկ քաղցըր աչքով որ մտիկ չանում, բոլոր տխրությունը, բոլոր մեր սրտի մթությունը երկնքի հետ պարզում, անց ա կենում, – ու ո՞վ չգիտի՝ որ ցուրտը մարդի մարմինը պնդացնում, զորացնում ա: Ո՞վ չգիտի, թե ո՛րքան հիանալի ա աշխարը, ի՞նչպես ա մարդիս հոգին քաշում, վերացնում, զվարթացնում, երբ գարնան զովարար հովը փչում, սար ու ձոր իրանց մահվան քնիցը վեր կացնում, ձին ու սառից հալցնում, նոր հոգի, նոր կյանք տալիս բոլոր բնությանը: Ո՞ւմ սիրտը չի վերանամ, զարմանում, աչքը ծովանում, երբ Մայիսի առավոտը փանջարեն բաց անելիս՝ տունը անմահական հոտով ա լցվում, օթախը՝ երկնային լուսով, անկաջը՝ հազար տեսակ ձենով, աչքը հո՝ էն ալվան ծաղկները ու կանաչ խոտերը որ չի՛ տեսնում, ուզում ա թախտ, աթոռ, փառք, մեծություն, փափուկ տեղ ու բարձ թողա՛ ու դուս վազի, գետինն ու հողը լիզի, համբուրի, երեսին քսի, չոքի, Աստված փառաբանի, պառկի անույշ երազ տեսնի: Ո՛վ, ա՜խ, ով կուզեր՝ որ էն թագավորական լաջվարթ, ոսկեվարաղ ամարաթը, Էն սուփրեն ու սեղանը, էն սազն ու քյամանչեն՝ մեկ ձորի հետ փոխի՝ որ գարնան ժամանակին բացվում՝ հազար տեսակ ծաղկներով լցվում, զարդարվում ա, որ բյուր տեսակ թռչունք գլխավերևն են ծափ տալով՝ խայտում, ցնծում, երգում, պարզ, արծաթանման աղբրները աչքի առաջին են քչքչում, ու ճրագի պես վառվում, օդը մեկ կողմից ա իր կենդանարար հովը փչում, ամպը մյուս կողմից իր երկնային ցողը վեր ածում: Աշունքն էլ՝ ղորդ ա՝ իր տխրությունն ունի, մարդ չի կարում սրտին հուփ տալ՝ որ հանգստանա, դարդ չանի, չունքի բոլոր իր հույսն ու մխիթարությունը, իր գանձն ու դոլվաթը երկրին ա պահ տալիս և ձեռը ծոցին կանգնում, ղրաղիցը մտիկ անում, որ տերևները քիչ-քիչ դեղնում, թառամում, վեր են թափում, ծառերն իրանց պտղիցն ու զարդարանքիցն են զրկվում, դաշտ ու ձոր իրանց կանաչ ռանկիցն ու ալվան ծաղկներիցը: Քամին մեկ կողմիցն ա իր դառը շունչը ցույց տալիս, ամպերը մյուս կողմից իրանց նոթերը կիտում, գլխները բարձրացնում, թնդվում, չարանում – ամա աշունքն ա, որ մարդիս դառն աշխատության և քրտինքով դատած, վաստակած պտուղը հասցնում՝ իրան ա տալիս, որ աչքը կշտանա, սիրտը մխիթարվի, մարմինն էլ եդ զորություն ստանա, էլ եդ ուրախ ուրախ իր հանդին մտիկ անի, ա հույսը չի կորցնի, թե նրա աշխատությունը ձնի ու սառցի տակին կփթին, կփըչանան, իր աչքը մեկ խեր չի՛ տեսնիլ:

Բայց ամառը, տոթագին, կրակ ամառը, ղորդ ա՝ մեր պտղըները հասցընում, մեր սիրտն ումուդ ա քցում, բայց մեր հանդերն էլ հետն ա չորացնում, մեր աղբրներն ու գետերն էլ հետն ա ցամաքացնում, էրում, խաշում, երկրի երեսը, դաշտի խոտն ու ծաղիկն անձողի պես սևացնում, խորովում ու շատ անգամ՝ որ սիրտդ ու բերանդ բաց ես անում, որ շունչ առնիս, կրակ ա գլխիդ վեր գալիս, կրակ բերանդ թափում, բոց ոտիդ տակին վառվում, ցողի ու հովի տեղը մահվան տաք քամին երեսիդ փչում, շունչդ կտրում, արինդ ցամաքացնում:

Էսպես մեկ ամառվան օր էր, որ քաղաքի շոքն ու կրակը շունչս բերանս էր հասցրել, ինձ խեղդում էր, որ գժվածի պես ընկա փողոցե փողոց, քուչա քուչա, որ գնամ մեկ հով տեղ գլուխս վեր դնեմ, մի քիչ շունչ առնիմ: Շատ անգամ՝ որ ամառը թալանում, ինձանից գնում էի, ուզում էի գլուխս մահու տամ, որ պրծնիմ էս դառն աշխարքիցը, հենց կարծում էի, թե ես եմ մեղավորը, ես եմ չար անօրենը, որ էլ աշխարքի չէի կարող պետքը գալ, ուզում էի շուտով էլա ոտս քաշիլ, գնալ: Գիշերն երազն էր ինձ տանջում, ցերեկը իմ միտքը, իմ չար միտքը: Աստված, երկինք, դժոխք, արքայություն, սիրելի, բարեկամ սրտիցս էնպես էին քաշվում, ջնջվում, որ հենց իմանում էի թե էս դինումն ինձ մեկ չարա չի՛ ըլիլ: Քարերն ու անբան անասունքն էլ աչքիս գրող էին երեում: Ամեն մեկ ոտս փոխելիս՝ ամեն մեկ շունչս քաշելիս՝ էնպես էի կարծում, թե հազար թուր սիրտս են խփում, հազար ձեռ գլխիս բռնցկում, հազար թշնամի եդևիցս վազում, երկինք ու երկիր գլխիս փուլ գալիս՝ որ ինձ տակով անեն: Ում մեկ ծանր խոսք էի ասել, ով ինձ մեկ խեղ աչքով նայել էր, ինչ բարեկամից թուղթ էի ստացել, պատասխանը չի՛ գրել. ինչ մտքումս դրել էի ու չէի՛ կատարել, աշակերտի էի նեղացրել, ծառայի էի մեկ թթու ջուղաբ տվել. ծառայությունս չէի օրինավոր կատարել, յա մեկ գործ էս օր վաղը քցել, բոլոր, բոլոր գալիս՝առաջիս կանգնում էին ու հոգիս էլ՝ որ ասում էի տամ, հենց իմանում էի, թե էլի ինձանից ձեռ չեն վերցնիլ, էլի հողս նրանք կհանեն, կրակ կտան, բարեկամք ինձ երախտամոռ կկանչեն, գլխավորք ինձ ծույլ, անպիտան կհամարեն, ամենն էլ կուրախանան, որ ինձանից շուտով պրծան: Որ լսում էի՝ թե մեկ մարդի պատիժ տվին, յա բանդը քցեցին, որ ասում էին՝ թե Ռուսաստանիցը մեծ մարդ ա էկել, որ մեր երկրի ահվալն քննի, իմանա, որ կուսակալիցը, յա նախարարիցը (մինիստրիցը) մեկ թուղթ էր գալիս, որ կառավարաթյունիցը (դերեկցիիցը) ստորոժը գիրքը կռնատակին աչքիս չէ՛ր երևում, էնպես էի սարսափում, կարծում, թե էս ա, իմ վերջի օրը հասել, մոտացել ա, իմ արած չարությունը լիս ընկել, Պետերբուրգ, Մոսկով, Թիֆլիզ ինձանից գանգատով լցվել են, իմ բարեկամքը ինձանից ձեռք վերցրել, իմ թշնամիքը ինձ մատնել, ինձ պետք է՝ տանեն սաղ սաղ թաղեն, յա կախ տան: Աստված իմ թշնամուս չի՛ տա է՛սպես սիրտ, է՛սպես միտք: Երևակայությունը մարդիս ո՞ր դժոխքը չի՛ տանիլ, եդ բերիլ: Ինձ պահողը հենց էս էր որ ասում էի՝ թե մտքումդ դրել ես ազգին պետքը գաս, մեկ անուն թողաս, կմեռնիս, մեկ վրեդ կանգնող, ողորմի տվող էլ չի՛ ըլիլ: Ապրի՛ր՝ որ ասածդ անես, մուրազդ առնիս: է՛ս, է՛ս էր ինձ ամեն դժոխքից, պատուհասից ազատում, հոգիս եդ բերում, թե չէ Քուռը վաղուց կըլեր իմ գերեզմանը: Լսող, կարդացող՝ թո՛ղ ինձ ղնամիշ չանեն՝ որ իմ մեղքս իմ բերնովս եմ խոստովանում: Մարդ իրան սիրտը որ փակի, ո՞վ կիմանա, ո՞վ կզգա՝ թե նրանում ի՞նչ կա: Բայց էսպես դժոխք սիրտ՝ Աստված ո՛չ տա, ո՛չ ստեղծի:

Մեկ օր էլ էս կրակը ջանս էր ընկել, սիրտս էրում, փոթոթում, ինչպես ասեցի, որ տանից, տեղից, դուս ընկա, ու դեպի թագավորական՝ բաղնիսների եդևի բաղը երըմիշ էլա: Քուշա, փողոց գերեզմանատուն էր դառել: Երկնքիցը կրակ էր վեր թափում, երկիրը տաքացած պղնձի պես ոտիս տակը կրակում: Ամենը քուն էին մտել, որ ճաշվա շոքն անց կենա: Բաղի մուշա կամ ջուր կրող էին մնացել էս մեռլատան բնակիչն ու շունչ քաշողը, որ իրանք էլ գերեզմանից դուս քաշած հարիր տարվան մեռլի պես շունչ ու ռանկ կորցրած՝ կամ կիսաջան ոտը ոտի առաջն էին դնում, կամ մեկ բարի վրա նստում, շունչ քաշում, գտակները վերցնում, քրտինքները սրբում, կամ թե ա՜խ ու ո՜խ քաշելով, դես ու դեն տմբտմբալով, օրորվելով իրանց ճամփեն գնում:

Իմ բախտիցը թագավորական բաղի դուռը բաց էր: Մտա ներս, բաղմանչուն գլուխ տվի. Սուտ, որ ինչ ա, չբարկանա ու ծառին, քոլին մտիկ տալով, ընկա դարըդուս, որ կարծիք չտանի, թե բան կգողանամ: Հասարակ մարդիքը ի՜նչպես արդար են ու պարզամիտ: Էնպես էի անում, որ իմանա՝ թե ես մեկ գիտուն մարդ եմ, գնացել եմ, որ սար ու ձորին մտիկ տամ, յա սիրտս բացվի, յա մեկ նոր շնորք վեր առնիմ: Բոլոր մհանա էր: Աստված որքան ողորմած ա, որ մարդիս Էնպես սիրտ ա տվել, որ փոքր բանով էլ, իսկույն իր տրտմությունը ցրվում, միտքն ուրիշ տեղ ա քցում: Օգոստոս ամիսը, հավողի ճթերը հազար տեղից կախ ընկած, ես էլ մրգի գերի, փորի գերի, ո՞վ ըլի, որ սրտի ծերը չէրի: Քարափի տակի ընկուզի ծառն ու հավողը աչքիս տակն էի առել, ու դեմը գնում, դեմը աչքըս եդևս, չորս կողմս քցում, որ տեսնեմ, թե բաղմանչին հո չի՛ գալիս, ծառերի տակին հո մարդ չկա, որ ինձ տեսնի: Հարամ ըլի Էսպես ահն էլ, էսպես իշտահն էլ: Մեր փորը փոր չի , ջրհոր ա. ձեն տաս ձեն չի՛ տալ. ինչ տիլ ու ախպ միջիցն էլ հանես, իստակես, էլի մյուս օրը իրան իրան կլցվի, ընչանք տերը հանգը հունգ կանի: Ինչ և իցե, աչքդ ուզածդ չտեսնի, թե չէ՛ սիրտդ՝ չաքուջն առած, գլխիդ կանգնած ա, կտաս, շնորհակալություն չանիլ, չե՛ս տալ, գլուխդ կպատռվի – լավն էն ա, որ մարդու ո՛չ աչքը բան տեսնի, ո՛չ սիրտն ուզի: Ամա էդ էս աշխարքումը ո՛չ պատահել ա, ո՛չ կպատահի: Քանի աչքդ բաց ա, փակ չի, մեջքդ լեն, շլինքդ վրեն, ինչքան ուտես, էնքան կուզես: