Kitobni o'qish: «Պաղտասար աղբար»
ԱՆՁԻՆՔ
ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ – Անույշի էրիկն
ԱՆՈՒՅՇ – Պաղտասարի կինը
ԿԻՊԱՐ – Անույշի սիրականը
ՕԳՍԵՆ – Փաստաբան
ՓԱՅԼԱԿ -
ԵՐԿԱԹ – } Դատաստանական խորհրդի անդամք
ՍՈՒՐ -
ԹԱԳՈՒՀԻ -
ՄԱՐԹԱ – } Պաղտասարի դրացիները
ՍՈՂՈՄԵ – Պաղտասարի սպասուհին
Տեսարանն է Պաղտասար աղբարի տունը
ԱՐԱՐՔ ԱՌԱՋԻՆ
(Թատրոնը կներկայե ընդարձակ և ճոխ կարասիներով զարդարված սրահ մը, աջ և ահյակ երկ-երկու սենյակ, պարտեզի և փողոցի վրա պատուհաններ, միջին դուռ մը):
ՏԵՍԻԼ Ա
ԱՆՈՒՅՇ – (Փողոցին վրա պատուհանին առջև նստած թաշկինակ ի ձեռին):
Կիպար, հետո ՍՈՂՈՄԵ
ԿԻՊԱՐ – Տիկին, գործելու ժամ է և ոչ լալու, սրբե արտասուքդ և վայրկյան մը ինձի մտիկ ըրե:
ԱՆՈՒՅՇ – (Աչքերը սրբելով) Կխոստանա՞ս ուրեմն պաշտպանել զիս:
ԿԻՊԱՐ – Վատությանց ամենեն սոսկալին գործած կըլլայի, եթե վայրկյան մը իսկ մտաբերեի լքանել, թողուլ զքեզ, զոր տասն տարիներե հետե պաշտած եմ և որուն երկիր պիտի պագնեմ հավիտյան: Հանդարտ եղիր, ամեն վարպետություն պիտի բանեցնեմ ի դերև հանելու համառ ամուսնույդ բոլոր հնարքներն և պիտի ստիպեմ զինքն հուսահատելու և նույնիսկ քեզմե ներումն խնդրելու:
ԱՆՈՒՅՇ – Դյուրավ հուսահատողներեն չէ, մանավանդ թե սովորականեն ավելի համառ ըլլալով` բոլոր ճիգը պիտի թափե զիս վատահամբավելու համար… Ահ, սիրելիդ իմ Կիպար, ինձ ամենեն ավելի ցավ պատճառողն անբարոյականության հանցանոք ամբաստանված Դատաստանական Խորհրդո ներկայանալու փափուկ կետն է և…
ԿԻՊԱՐ – Անբարոյականության նշույլն անգամ չեմ նշմարեր ես. Աստված մի արասցե, որբոց իրավո՞ւնքն հափշտակած ես, այլոց ժառանգությո՞ւնն կորզած ես, գողությո՞ւն ըրած ես, մա՞րդ սպաննած ես… բնավ երբեք, քավ լիցի… այլ պարզապես էրիկդ չես սիրեր և անոր տեղ զիս կսիրես, այս չէ՞ բոլոր թերությունդ, եթե երբեք կրնա թերություն համարվիլ այսպիսի վարմունք մը:
ԱՆՈՒՅՇ – Այո, զքեզ, զքեզ միայն սիրած եմ…
ԿԻՊԱՐ – Եվ ինչպես կրնայիր սիրել Պաղտասար աղբարի պես տգեղ, տգետ, տձև և տմարդի մը, որու հետ ամեն բանի մեջ հակապատկեր մը կներկայացնես. տրամաբանության դեմ, հասարակաց կարծյաց դեմ, ճաշակի դեմ, զգացմանց դեմ, բնության դեմ սոսկալի անիրավություն մը գործած կըլլայիր, եթե ինքզինքդ Պաղտասար աղբարի համար ծնած կարծեիր… ոչ, ոչ, տիկին, այդ կապուտակ աչքերն, որ քանի նային կնվաղին, այլ չեն մարիր երբեք, չեն ստեղծված ի վայելս և ի պետս Պաղտասար աղբարի պես կոշտ մարդու մը: Բնությունն ինձ սահմանած է զքեզ, իսկ դիպվածը Պաղտասար աղբարին տված է զքեզ… Պաղտասարն հափշտակիչ մը է այսօր, ավազակ մը է, որ հափշտակած է զքեզ, որ իմս ես… կախաղանի արժանի է Պաղտասարն, որ իր զգացմանց համապատասխա – նող, յուր վիճակին հարմար կին մը առնելու տեղ, հանդգնած է հափշտակել զքեզ, որ բարձր դասու ընկերությանց մեջ գոհարի պես փայլելու կոչված էիր…
ԱՆՈՒՅՇ – Ոհ… սիրտ առի քիչ մը քու խոսքերուդ վրա, սիրելիդ իմ Կիպար:
ԿԻՊԱՐ – Հանդարտեցուր ուրեմն խղճմտանքդ, դուն անմեղ ես և քու դատդ սուրբ է, քաջալերվե, հրահանգացս համաձայն շարժե ու մի վախնար, այնպիսի խաղեր պիտի խաղամ անոր, որ զղջա ըրածին վրա:
ԱՆՈՒՅՇ – Այո, խայտառակենք զինքն:
ԿԻՊԱՐ – Թող աշխարհիս բոլոր փաստաբաններեն խորհուրդ հարցնե, ոչինչ պիտի կրնա ապացուցանել, յուր բոլոր փաստն սա է, թե իրեն անծանոթ տուն մը ձեր դուրս ելնելն տեսած է, և այս փաստը շատ անզոր է կին մը արձակելու համար… խնդիրը շատ փափուկ է:
ԱՆՈՒՅՇ – Թեև զքեզ սիրելով ինձի դեմ ապստամբող զգացմանցս միայն հպատակած եմ, թեև ես ալ գիտեմ թե անհնար է սրտի հոսանաց դիմադրել, թեև համոզված եմ թե անմեղ եմ այս գործին մեջ, բայց դարձյալ կուզեմ, որ ամեն մարդ կարծե, թե բնավ սիրած չեմ զքեզ և թե միշտ հավատարիմ գտնված եմ ամուսնույս:
ԿԻՊԱՐ – Անշուշտ… պիտի աշխատինք, որ իբրև զրպարտիչ դատապարտվի:
ԱՆՈՒՅՇ – Իսկ եթե չհաջողի՞նք…
ԿԻՊԱՐ – Անպատճառ պիտի հաջողինք, բավական է, որ հրահանգացս համաձայն վարվիս:
ԱՆՈՒՅՇ – Կխոստանամ:
ԿԻՊԱՐ – Ահավասիկ իմ հրահանգներս, նախ…
ԱՆՈՒՅՇ – (Ամուսնույն գալը տեսնելով պատուհանեն) Երթամ, ահա կուգա:
ԿԻՊԱՐ – Գնա, վերջը կտեսնվինք… Կամ Սողոմեին հետ կը ղրկեմ քեզ հրահանգներս:
ԱՆՈՒՅՇ – Բաժանվեցեք… վազելով կուգա… (Անույշ կմեկնի) Քիչ մը խրատեիք ու հորդորեիք զինքն, որ շատ չի հուզվի:
ԿԻՊԱՐ – Կամաց կամաց կը վարժվի…
ԱՆՈՒՅՇ – Երեկ գիշեր տեսնելու էիք խեղճն… դիմանալու բան չէր… ժամերով լացավ… քուկին Պաղտասար աղբարդ ալ խենթ կով դարձած էր… կատղած էր, բան մը ալ ըլլա՞ր գոնե… փառք Աստուծո, ի՞նչ կա բարկանալու, մարդ Աստուծո,կերակո՞ւրդ պատրաստված չէր, լաթե՞րդ լվացված չէին… անկողի՞նդ շտկված չէր… տուն եկար, շենքով շնորհքով կերակուրդ կեր, գնա տեղդ պառկե… չէ, չէ, առաջվնե ի վեր բծախնդիր է Պաղտասար աղբարն… պզտիկ բանի մը համար շուտ մը կրակ կկտրի…
ԿԻՊԱՐ – Այս անգամվանը բոլորովին բծախնդրություն է:
ՏԵՍԻԼ Բ
ԿԻՊԱՐ և ՊԱՂՏԱՍԱՐ
ՊԱՂՏԱՍԱՐ – (Արագաքայլ մտնլով) Ինձի Պաղտիկ կըսեն… (Առ Սողոմե) Դուրս գնա, դուռն ալ գոցե և թող մի տար, որ ուրիշ մարդ ներս մտնե, շուտ ըրե, շուտ դուրս գնա, շուտ… Ներեցեք, պարոն Կիպար, զձեզ կանչել տալուս համար: Երբ մարդս փորձանքի մը կհանդիպի, բնականաբար իր ամենեն մոտ բարեկամներուն կդիմե, անոնցմե խելք սորվելու համար: Սարսափելի փորձանք մը եկավ գլուխս, երեկ իրիկվնե ի վեր խելքս կորուսած եմ, ոչ ըրածս գիտեմ, ոչ ըսածս, ընտանեկան գաղտնիք մը ունիմ քեզ հաղորդելու, քեզ` որ միակ բարեկամս ես, քեզ` որո անկեղծությանը կատարելապես վստահ եմ:
ԿԻՊԱՐ – Շնորհակալ եմ, այդ ձեր ազնվությունն է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ամեն մարդու գաղտնիք չեմ բանար, թեպետև դրսեն կոշտ ու ապուշ մեկը կերևամ, բայց առաջ Աստված, թշնամիս ալ կճանչնամ, բարեկամս ալ, ինձի Պաղտիկ կըսեն, գործս գիտեմ ես:
ԿԻՊԱՐ – Այո:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վստահ եմ, որ ձեզի հաղորդելիք գաղտնիքս ձեր քովը պիտի մնա:
ԿԻՊԱՐ – Անշուշտ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուստի ավելորդ է աղաչել ձեզի, որ գաղտնիքս ուրիշին չզրուցեք:
ԿԻՊԱՐ – Ավելորդ է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գաղտնիքս այս է, թե կինս սիրական մը ունի…
ԿԻՊԱՐ – (Բարձրաձայն) Կինդ սիրակա՞ն մը ունի…
ՊԱՂՏԱՍԱՐ – Մի պոռար, Սողոմեն կիմանա, և ես չեմ ուզեր, որ ընտանեկան գաղտնիքս իմանա Սողոմեն, կամաց խոսե:
ԿԻՊԱՐ – Կինդ սիրակա՞ն մը ունի, ըսիք… ահ անհավատալի է այս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հավատալի է, սիրելիս, հավատալի:
ԿԻՊԱՐ – Ո՞րչափ ատեն ի վեր ունի այս սիրականը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Քանի մը շաբաթե ի վեր, կարծեմ, թող կուտա՞մ, որ երկար ժամանակ սիրական մը ունենա կինս, անմիջապես կիմանամ ես, դուն աղեկ նայե ինձի… ի՞նչ, ուրիշ էրիկներու պես ապո՞ւշ գիտեիր զիս, կկարծեիր, որ անառակին մեկը կինս պիտի սիրեր, ու ես պիտի չիմանայի՞, խելքդ սիրեմ…
ԿԻՊԱՐ – Ով է ուրեմն այս անառակը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ալ կուզեմ գիտնալ, թե ո՞վ է այդ անառակն, այդ լիրբն, այդ օձն, որ պատճառ եղավ տունս կործանելու: Ուստի կաղաչեմ քեզի, որ այդ անառակն գտնելու համար օգնես ինձ: Դուն կրնաս վարպետությամբ տիկնոջս բերնեն առնել այդ անառակին անունը:
Գնա տիկնոջս քով և սատանայությամբ հասկցիր սա լիրբին ով ըլլալը:
ԿԻՊԱՐ – Շատ լավ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Թեպետև ես մարդ ղրկած եմ այն գեշ ու վատահամբավ տունն, ուսկից մեր համեստափայլ տիկինն դուրս եկավ երեկ…
ԿԻՊԱՐ – Ի՞նչ կըսեք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինձի Պաղտիկ կըսեն, ըսի քեզի… մարդ ղրկեցի այն տունն ստուգելու համար, թե տիկին Անույշին հետ երեկ ո՞վ կար հոն:
ԿԻՊԱՐ – (Մեկուսի) Խնդիրը բավական հառաջ գացած է, եթե իմ անունս տան` գործն ուրիշ կերպարանք պիտի առնու:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ կխորհիս:
ԿԻՊԱՐ – Ոչինչ: (Մեկուսի) Եթե անունս տվին…
ՊԱՂՏԱՍԱՐ – Շուտ գնա ուրեմն անդիի սենյակն ու ջանա հասկնալու այդ անառակին անունն ու մականունը: Բայց մի ըսեր տիկնոջ, թե ուրիշ միջոցներ ձեռք առած եմ յուր սիրեկան ճանչնալու համար: Աճապարե, գնա, սորվե, եկուր… սա երկու լիրբն ալ դատարաններ քաշեմ այսօր, որ հասկնան, թե ինձի պես մարդու մը պատիվն արատավորելը դյուրին չէ:
ԿԻՊԱՐ – Ի տեսություն: (Մեկուսի) Նախ և առաջ փութանք մեր գործը կարգադրելու: (Կմեկնի):
ՏԵՍԻԼ Գ
ՊԱՂՏԱՍԱՐ, հետո ՕԳՍԵՆ ու ՍՈՂՈՄԵ
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչպես վազելով կերթա իմ գործիս համար, մարդ մը, որ ինձի համար հոգին կուտա, բարի, պարկեշտ, ազնիվ ու վստահելի անձ մը, որու նմանն գտնելը խիստ դժվար է ժամանակիս մեջ…
ՍՈՂՈՄԵ – (Դրսեն) Թող չեմ տար որ մտնես:
ՕԳՍԵՆ – (Դրսեն) Պիտի մտնեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Օգսենն է, մոռացանք ապս…
ՍՈՂՈՄԵ – (Դրսեն) Ոչ:
ՕԳՍԵՆ – (Դրսեն) Այո: (Դուռը հրելով կբանա ու կմտնե) Ի՞նչ խայտառակություն է աս, Պաղտասար աղբար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ներեցեք, խելքս գլուխս չէ…
ՕԳՍԵՆ – Պաղտասար աղբար, ի՞նչ խայտառակություն է աս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հանցանքն իմս է…
ՕԳՍԵՆ – ի՞նչ նախատինք, ի՞նչ անարգանք, ի՞նչ թշնամություն է աս, Պաղտասար աղբար, զիս տուն կհրավիրեք և ձեր աղախնույն կապսպրեք, որ ներս չընդունի զիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մոռցա…
ՕԳՍԵՆ – Ի՞նչը մոռցար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պատվիրել…
ՕԳՍԵՆ – Ի՞նչ ըսել է պատվիրել:
ՊԱՂՏԱՍԱՐ – Որ թող տա:
ՕԳՍԵՆ – Ի՞նչ կնշանակե որ թող տա, ի՞նչ հարաբերություն ունի, որ թող տա իմ հարցմանս հետ… որ թող տա եղեր…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի ներս մտնել:
ՕԳՍԵՆ – Ոչինչ, խոսքեր, անպիտան արդարացումներ… խնդիրը ծանր է, փաստաբան մը, իրավագետ մը, արդարության գործակատար մը բռնաբարված է, նախատված է, անարգված է, պատվո գոհացում, փոխարինություն կպահանջեմ: Գիտե՞ք, որ օրենքը քսան ոսկվո տուգանաց կդատապարտե այսպիսի հանցանաց հեղինակները, և հետևաբար քսան ոսկի դուք պիտի վճարեք և քսան ոսկի ձեր աղախինը…
ՍՈՂՈՄԵ – Ոտքդ պագնեմ, ես…
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Մեծապատիվ Տեր, կաղաչեմ, ներեցեք, խելքս գլուխս չէ:
ՕԳՍԵՆ – Ոչ:
ՍՈՂՈՄԵ – Ես սխալ հասկացեր եմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ձեզի համար չըսի, որ ներս չառնե:
ՍՈՂՈՄԵ – Օտարական մը կարծեցի զձեզ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ձեզի դեմ ինչո՞ւ պիտի գոցենք մեր դռները:
ՍՈՂՈՄԵ – Ամեն օր հրամմե, եկուր:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վսեմափայլ Տեր, գթա ինձի, տունս կործանած է…
ՍՈՂՈՄԵ – Մի սրդողիք… երթամ անուշ մը բերեմ ձեզի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խահվե բեր, օղի բեր, գինի բեր, քոնյաք բեր:
ՕԳՍԵՆ – Բան մը ալ չեմ ուզեր, այս դեպքը խրատ մը ըլլա ձեզ ուրիշ անգամներ զգուշանալու համար ասանկ անվայել ընթացքներե, եթե իմ տեղս ուրիշ փաստաբան մը սակայն ես կներեմ, որովհետև խնդրույն մեջ թյուրիմացություն կտեսնեմ: (Առ Սողոմե) Դուրս գնա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Դուրս գնա… հոս եկուր… ահա կպատվիրեմ քեզ, տանս դռները միշտ բաց պիտի մնան պարոն Օգսենի համար, որ ազատ է տունս գալու առտու կամ իրիկուն, ցերեկ կամ գիշեր:
ՍՈՂՈՄԵ – Պատվիրելու հարկ չկա:
ՊԱՂՏԱՍԱՐ – (Մեկուսի) Այս փորձանքն անցուցինք:
ՍՈՂՈՄԵ – (Մեկուսի) Գետնին տակը անցնիք երկուքնիդ ալ:
ՏԵՍԻԼ Դ
ՊԱՂՏԱՍԱՐ և ՕԳՍԵՆ
ՕԳՍԵՆ – Դառնանք մեր խնդրույն: Ի՞նչպես եղավ, որ դուք այս կնոջ հետ կարգվեցաք: Այս մասին տեղեկություններ կուզեմ առնել, որպեսզի խնդրույն հիմը լավ ըմբռնեմ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Եղավ որ գիշեր մը թատրոն գնացի բարեկամի մը հետ… ոտքս կոտրեր ու չերթայի… առաջին արարվածին քովի օթյակիս դռները բացվեցան և օրիորդ մը ու պարոն մը մտան հոն… բարով խերով չմտնեին… օրիորդը տեսնելուս պես հրապուրվեցա և կամաց-կամաց հափշտակվեցա անոր գեղեն, շարժվածքեն, ձևերեն, խոսելու և մանավանդ խնդալու եղանակեն, ուստի բարեկամիս հարցուցի թե կճանչնա՞ր այդ աղջիկն… բարով խերով չհարցնեի… բարեկամս պատասխանեց, թե կճանչնար զինքն, թե որբ մը էր, թե հեզ, բարեբարո, խոնարհ, խոհեմ, կրթված, դաստիարակված աղջիկ մը էր, թե զայն կնության առնողն մեծ բարիք մը պիտի գործեր, թե աղքատութենե պիտի փրկեր զայն:
Քանի մը օր ետքն ազգականներուս և քանի մը բարեկամներուս դիմեցի… բարով խերով չդիմեի… և անոնց կարծիքն իմանալ ուզեցի: Ամենքն ալ պատասխանեցին, թե անգյուտ գանձ մը գտեր էի և թե առանց ժամանակ կորսնցնելու աշխատեի վայելել այդ գանձը: Այս տեղեկությանց վրա անմիջապես խոս-կապ տվի, շաբաթ մը ետքը նշանտվությունն կատարեցի և երեք օրեն հետո հարսանիքը:
ՕԳՍԵՆ – Ասանկ լավագույն հանձնարարություններ ունեցող կին մը, ի՞նչպես անբարոյականության մեջ կգլորի ուրեմն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ փույթ ինձ, թե ինչպես գլորած է, ես կուզեմ միայն, որ իմ տանս պատիվն պահեմ, տունես վռնտեմ այդ լիրբ կինն` զոր իբրև կողակից չեմ ընդունիր բնավ և կպնդեմ նաև, որ իր արժանի պատիժն կրե:
ՕԳՍԵՆ – Կխնդրեմ, մի հուզվիք այնքան, խնդիրը փափուկ է, պաղ արյամբ խորհինք և տեսնենք, թե ինչպե՞ս են օրինաց տրամադրություններն այս մասին:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ազգային Հիվանդանոց ղրկել, շղթայով կապել, անոթի պահել, ամեն գիշեր ծեծել, ոսկորները ջարդուբուրդ ընել և աշխարհես վերցնել ասանկ լիրբ և անպատիվ կիները:
ՕԳՍԵՆ – Չափավորեցեք ձեր լեզուն: Առանց օրինաց վճիռն ստանալու իրավունք չունիք այդ կնոջ լիրբ և անպատիվ ըսելու, ձեր տիկինն դեռ պարկեշտ ու պատվավոր կին մը է աշխարհի և օրինաց առջև:
ՊԱՂՏԱՍԱՐ – Պարկե՞շտ… պատվավո՞ր… կին մը, որ վատահամբավ տունե մը դուրս ելած է…
ՕԳՍԵՆ – Այդ անպատիվ դուռն կոտրելով ու խորտակելո՞վ ներս մտած է, թե դուռը բաց գտնելով ներս մտած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ինչո՞ւս պետք, բավական է, որ մտած է հոն:
ՕԳՍԵՆ – Ինձ պետք է այս պարագան, կաղաչեմ, որ ըսեք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Տեր ողորմյա, ի՞նչ գիտնամ ես… բայց դուռը կոտրելու և խորտակելու հարկ չկա:
ՕԳՍԵՆ – Ապա ուրեմն բաց գտած է դուռն ու ներս մտած է, ահա նրբացուցիչ դեպք հանցանաց մը… տեսա՞ք…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչ կա… ո՞վ է նրբացուցիչ դեպք հանցանաց մը…
ՕԳՍԵՆ – Այսինքն դեպք մը, որ հանցանքը կբարակցնե…
ՊԱՂՏԱՍԱՐ – Վերջը ի՞նչ կընեն այդ բարակ հանցանքը…
ՕԳՍԵՆ – Բարակ հանցանքին պատիժն ալ բարակ կըլլա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ հասկնար բարակ հանցանքեն, հաստ հանցանքեն:
ՕԳՍԵՆ – Փաստաբանական լեզվով նրբացուցիչ դեպք հանցանք կըսվի:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խելքս չբռնեց:
ՕԳՍԵՆ – Գաղղիերեն` սիրքոնդանս աթենյուանդ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Չեմ կրնար ըմբռնել:
ՕԳՍԵՆ – Իտալերեն` չիրքոսդանցա ադենուանդե:
ՊԱՂՏԱՍԱՐ – Իտալերեն չեմ գիտեր:
ՕԳՍԵՆ – Ալմաներեն` միլտերունկս – կրունտ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ուրիշ կերպով մը հասկցուր:
ՕԳՍԵՆ – Հունարեն` էլաֆրինթիքի բերիսդասիս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Բերիսդասիսը գիտեի քիչ մը, շատ անգամ լսած եմ, բայց չեմ հիշեր, թե ի՞նչ ըսել է:
ՕԳՍԵՆ – Անգլերեն` սիրքըմսդանս ադդենույընթ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հայերեն հասկցուր սա անպիտանը:
ՕԳՍԵՆ – Նրբացուցիչ դեպք հանցանաց, այսինքն հանգամանքներ, պարագաներ, որ հանցանքը կմեղմացնեն, կթեթևացնեն, կպզտիկցնեն, մեղմացուցիչ պարագաներ կամ լավ ևս պատճառներ, զորս հանցավորը կփնտռե պատիժը թեթևացնելու, պզտիկցնելու համար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Սանկ չըսե՞ս, հասկցա:
ՕԳՍԵՆ – Թե որ տիկինն դուռը կոտրելով ներս մտած ըլլար` պատիժն ավելի ծանր կըլլար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կիմանամ: Բայց վերջապես մտած է այդ անիծյալ տունը մեկը սիրելու համար:
ՕԳՍԵՆ – Մասնավորապես սիրելու դիտմա՞մբ մտած է հոն` թե դիպվածով սիրած է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ասոնք իմ տանս պատվույն հետ վերաբերություն չունին:
ՕԳՍԵՆ – Սիրականն պատանի՞ է, թե չափահաս:
ՊԱՂՏԱՍԱՐ – Գրողը տանի, ո՞վ գիտե:
ՕԳՍԵՆ – Գեղեցի՞կ է, թե տգեղ:
ՊԱՂՏԱՍԱՐ – Կխնդրեմ վերջացուր այս հարցումները:
ՕԳՍԵՆ – Բարի՞ նպատակով սիրած է, թե չար:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ի՞նչպես կրնա կին մը բարի նպատակով խաբել, մատնել յուր էրիկն:
Ի՞նչ խայտառակություն է աս… ես հերը կանիծեմ այդ նրբացուցիչ դեպք հանցանացին ալ, հնարողին ալ… իմ կինս, իմ ընկերս, իմ կողակիցս,իմ լծակիցս ինձմե զատ ուրիշ անձ մը սիրած է, եղեռն, ոճիր գործած է, կախվելու արժանի է…
ՕԳՍԵՆ – Շատ կաճապարեք վճիռ տալու, համբերեցեք որ օրենքն խուզարկե, հետազոտե, քննե, սերտե և ուսումնասիրե այն պատճառներն, որ ստիպած են կինդ սիրական մը ունենալու: Թերևս իրավունք ունի ուրիշ մը սիրելու: Թողեք ուրեմն, որ սերտեմ խնդիրն, որպեսզի չկորսցնենք դատը: Դուք կուզեք, որ վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը: Կարելի չէ այդ: Շատեր ձեզի պես իրենք զիրենք անմեղ կարծելով, դատ վարած են իրենց կնոջ դեմ և ինքյանք հանցավոր և պարտավոր ելած են դատարանեն:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըստ ձեզ անմե՞ղ է ուրեմն կինս:
ՕԳՍԵՆ – Ըստ իս այժմ ամեն ինչ մթության մեջ է, չեմ ըսեր, թե կինդ անմեղ է, ի վերա այսօր ամենայնի չեմ ալ պնդեր, թե մեղավոր է, ոչ կրնամ արդարացնել կամ դատապարտել կնոջդ սիրականը, ոչ ալ կրնամ համարձակիլ վճռելու, թե հանցավորն դուք եք:
ՊԱՂՏԱՍԱՐ – Հավանականություն կա՞, որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ:
ՕԳՍԵՆ – Ամեն բան հավանական է:
ՊԱՂՏԱՍԱՐ – Ըսել է թե այդ կինն կարելի չէ այսօր Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անհնար է: Նրբացուցիչ դեպք հանցանաց այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն` ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, կամ հօգուտ որբեր, հաշմանդամներ, ծերեր, անկարներ, աղքատներ ու անանկներ պատսպարելու գովելի և ազգօգուտ ձեռնարկի մը, կինդ, կըսեմ, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի, որովհետև մասնավորին շահն ընդհանուրի շահուն զոհելու դյուցազնությունն ունեցած է, և այս պարագային մեջ…
ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս եմ ուրեմն հանցավորն:
ՕԳՍԵՆ – Իսկ ընդհակառակն` եթե սիրեր տգեղ կամ ձեր հակակիր անձ մը` բնականաբար կծանրացներ հանցանքը, թողունք օրենքն, հասարակաց կարծիքն կդատապարտեր զինքն, ըսելով “Գոնե սիրածն գեղեցիկ երիտասարդ կամ համակիր մե՞կն ըլլար”:
ՊԱՂՏԱՍԱՐ – Վաղը կրնա՞նք Փրկիչ դնել:
ՕԳՍԵՆ – Անկարելի է: Իսկ եթե դուք ձեր կնոջն անհավատարիմ գտնվելով, կամ նախանձելով, կամ հետն խստությամբ վարվելով պատճառ տված եք իրեն սիրական մը ունենալու, այն պարագային մեջ մեծ պատասխանատվություն կհրավիրեք ձեր վրա:
ՊԱՂՏԱՍԱՐ – Խենթի պես կսիրեի զինքն, ուրիշ կնկան երեսն անգամ նայած չունիմ:
ՕԳՍԵՆ – Վստահ եղեք ուրեմն: Ժամանակս սուղ է, հարկ է որ երթամ: Պիտի աշխատիմ իրավաբանական և փաստաբանական բոլոր կարողությամբս այդ դատին մեջ զձեզ անմեղ հանդիսացնելու և ձեր կինն հանցավոր շինելու:
ՊԱՂՏԱՍԱՐ – Նրբացուցիչ դեպք հանցանացին շատ կարևորություն մի տար:
ՕԳՍԵՆ – Իմ պարտքս պիտի ըլլա զորավոր և հաստ փաստերով ջախջախել նրբացուցիչ դեպքերը:
ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ:
ՕԳՍԵՆ – Ի տեսություն: (Կերթա):