bepul

Վաղուց մեռածը

Matn
O`qilgan deb belgilash
Shrift:Aa dan kamroqАа dan ortiq

_Ու՞ր է մնացածը։ Սա քի՛չ է։

Վարդանը և Արտեմը ուսերը շարժեցին։

_Չգիտեմ։ Ինչ որ կա՛ վերցրի՛ք, ուրեմն գնացի՛նք,_առաջարկեց Վարդանը։

_Վախկո՛տ,_սառնությամբ ֆշշաց Արազը,_Ես մինչև ամբողջությա՛մբ չեմ ստացել ապրանքը չեմ հեռանա՛։

_Գուցե այդքան շատ էլ չկա՞ր,_վախվորած ասաց Արտեմը։ Զգացվում էր, որ նա ուզում է ժամ առաջ հեռանալ այստեղից։

_Ո՛չ։ Մագնիտոֆոնի մեջ պիտի լինի մնացածը։ Սերժիկը ասում էր… այո, նա ասում էր այնտե՛ղ պիտի լինի մի մասը։ Մոռացել էի… իսկ մագնիտոֆոնը բացակայում է։ Երևի՞ փեսադ հանել տուն է տարել։

_Այսինքն ուզում ես տուն մտնել,_բղավեց Վարդանը ու անկախ բռնեց Արազի օձիքը։

_Ձեռքերդ քաշի՛, թե չէ կսատկացնե՛մ։

Վարդանը տեսավ ատրճանակ Արազի ձեռքում։

_Սու՜ս… տղե՛ք․․․ Վարդա՛ն, Արո՛ բաց թողեք իրար։ Հիմա դրա ժամանակը չէ։_ Արտեմը անջատեց նրանց, _Արո՛, հիմա մնացածի մասին մտածել պետք չէ։ Թո՛ղ, գնացինք։ Վաղը Վարդանը օրը ցերեկով կգա ու կվերցնի։ Եթե՞ մի բան կա՛։

_Արտե՛մ, գնորդներն սպասում են։ Իրավունք չունեմ ուշացնելու։ Ինձ ոչի՛նչ չի կանգնեցնի։

_Դրա՞ համար զենքո՛վ ես եկել։ Սկզբից էլ մտադի՛ր էիր մտնել տու՛ն,_կտրեց նրան Վարդանը։

_Լսիր, լակո՛տ։ Գլուխդ ջարդելո՛ւ եմ, եթե չհեռանաս առաջիցս։ Քո նմաններին ես հաց ուտելուց եմ կուլ տալիս։ Ինձ իմ ապրանքն է պետք։ Կսատկացնեմ բոլորին, ուզածս կվերցնեմ։ Թքել եմ քո՛ էլ, քրո՛ջդ վրա էլ… Եթե մի քիչ էլ հաչես, ավելի՛ վատ բան էլ կտեսնես…

Նա հրեց Վարդանին ու վազեց աստիճաններն ի վեր։ Վարդանի աչքերը մթնեցին։ Հիմա ներխուժելու է մեջ։ Եվ ի՞նչ է կատարվելու։ Զիտա՛ն… Արյունը խփեց գլուխը։ Ինչ ուժ կար թոքերում գոռաց.

_Զիտա՜, Զիտա՜,_շունչը քիչ մնաց կտրվեր, _… Զիտա՜…

Վազեց Արազի հետևից ու շարունակեց.

_Զեփյու՜ռ… արթնացեք… Ղազա՜ր…

Նույնիսկ այս պահին փեսային իսկական անունով չէր կանչում։ Իր սիրած մականունն էր ասում, փոխանակ Մարգար արտասաներ։

_Կանգնի՛ր, Արազ… չհամարձակվե՛ս…

Արազը կատաղած դարձավ ետ։

_Փակի՛ր բերանդ։

Ու նորից շարժվեց առաջ։

_Ղազա՜ր… Ղազա՜ր,_կանչեց Վարդանը փեսային,_փեսա՛ Ղազա՜ր… փեսա՛ Ղազա՜ր… արթնացե՛ք․․․

Սենյակներից մեկի լույսերը վառվեցին։ Կատաղած Արազը ուղղեց ատրճանակը նրա վրա։

_Լռելու՛ ես, թե չէ՞։

Բայց առանց պատասխան լսելու կրակեց։ Կրակոցի ձայնից վառվեցին շրջակայքում գտնվող բոլոր տների լույսերը։

Տան մեջ ձայներ լսվեցին։

_Թյու՜… ի՛նչ գործ հարամ եղավ,_ջղայնացած գոռաց Արազը վտանգավոր էր մնալ, նետվեց բակից դուրս։ Մի քանի վայրկյան տատանվելուց հետո Արտեմը հետևեց նրան։ Մեքենան պոկվեց տեղից ու սրընթաց անցավ եկած ճանապարհով։

Վարդանը մնաց սանդուղքի վրա պատին հենված։ Կրծքից արյուն էր հոսում։ Ամուր սեղմեց վերքը։ Սուր ցավը պատել էր մարմնի ամեն մի բջիջ։ Ընդհանուր թուլություն էր զգում։ Ուրեմն մարդ այսպե՞ս է զգում իրեն, երբ վիրավորում են։ Կամաց բռնվելով պատից նստավ աստիճանի վրա։ Աչքերը մթնեցին։ Վերքը անտանելի ցավում էր։ Ականջները կարծես խլացան, ինչ-որ խշշոց էր միայն։ Հանկարծ ամեն ինչ լուսավորվեց ու ինչ-որ ընդհանուր ծանրության տակ ստիպված պառկեց։ Չհասցրեց գլուխը դնել աստիճանի վրա մեկի փափուկ ձեռքերը գրկեցին իրեն, իսկ երկար մազերը քսվեցին այտին։ Բացեց աչքերը.

_Զիտա՜,_շշնջաց զոռով ու թույլ ժպտաց։

_Վարդա՜ն… Վարդան այս ի՞նչ արիր։ Ի՞նչ է պատահել։

Քույրը հազիվ էր զսպում արցունքները։ Նստեց սանդուղքի վրա ու գրկեց եղբոր գլուխը։ Վիրավորը չնկատեց ինչպես արյունոտեցին նրա ձեռքերը, չտեսավ ոչ գիշերանոցը, ոչ էլ հղիությունը։ Դժվարությամբ էր բացում ծանրացած կոպերը ու հազիվ էր շնչում։ Նրա կուրծքը քանի գնում ավելի մեծ ճիգ էր գործադրում, որ կլանի ևս մի կում օդ։