bepul

Վաղուց մեռածը

Matn
O`qilgan deb belgilash
Shrift:Aa dan kamroqАа dan ortiq

Նա ինքն էլ չհասկացավ ինչպես ընկղմվեց «կյանքի հատակ»։ Այդ բառերն էր ասում հայրը երբ սկսում էր խրատները։ Ձանձրալի ծերուկ… Ոչինչ չի հասկանում։ Իսկական կյանքը այստեղ է՝ քաղաքի լույսերի մեջ։ Ուր չկա «ամոթ է», «կտեսնեն», «հարգանք ունեցիր, մեծը սխալ լինել չի կարող», «չի կարելի», «դա հակառակ է մեր ադաթներին», «այդպես չէ, այսպե՛ս է», «դու սխալ ես», «այսպես ես անելու», «այստեղ ես գնալու», «մի խմի», «բավական է», «ասում էի՛, չէ՛…»ու անվերջ նման խրատներ։ Այստեղ նա իմացավ ինչ է նախնադարյան օրենքներից ու ծնողների հսկողությունից ազատ լինելը։ Շունչ քաշեց ու տրվեց հաճույքներին։ Այս տասնհինգ տարվա ընթացքում տեսավ ի՛նչ է իսկական կյանքը։ Հետամնաց գյուղացիները թող փտեն իրենց ադաթների մեջ։ Շատերը երազում են ունենալ գոնե կեսը այն վայելքներից, որ ունի նա ամեն օր։ Մայրը ասում է «փչացած շրջապատ»։ Փչացա՛ծ… խեղճ կին երանի ամեն մեկը ունենա Արտեմի ու Արազի նման ընկեր։ Ի՜նչ օրեր են անցկացրել իրենք։ Հենց այդ ընկերության շնորհիվ ինքը տեսավ ի՛նչ է փողը՛, ի՛նչ է, երբ կոպեկները չես հաշվում, ուտում ու խմում ես ինչքան սիրտն է ուզում։ Այո աշխատանքն էլ դժվար է ու դրա հետ կապված մութ գործեր էլ կան, սակայն անհնար է լավ ապրել ազնիվ գործով, դա երեխաներն էլ գիտեն։ Ինքը միայն մեքենաներ բերելով է զբաղվում, մնացածը ինչ են բերում այդ ավտոներով իրեն չի վերաբերում։ Հիշեց ինչպես քիչ մնաց կալանավորեին իրեն ու կորցնեին ապրանքը, սակայն Արազը կաշառեց ում որ պետք է ու իրեն արձակեցին։

Հիմա էլ կարևոր գործ ունեին։ Արազը դեռ լռում էր, ուստի ինքը անհամբերությամբ սպասում էր։ Վերջապես Արազը սկսեց.

_Եթե տղաները այստեղ լինեին, ապա հերթը մեզ չէր հասնի։ Սակայն քանի որ ապրանքը տեղ չի հասել իրենքս ենք վերցնելու։

_Տեղ չի հասե՞լ,_կտրեց նրան Արտեմը։

_Այո։ Այդ ապուշը՛ ինքն է դիմավորել մեքենան ու Վազոն ստիպված, թողել է ավտոն թմրանյութերն էլ մեջը։ Հիմա՛ պե՛տք է գիշերը գնալ վերցնել։

_Իսկ եթե բռնվե՞նք։

_Բռնվել չկա՛,_կտրուկ ասաց Արազը։

_Իսկ եթե՞ մեքենայի տերերը արթնանան։

_Արթնանալ չկա՛,_Արազը դրեց սեղանին ըմպանակը ու դարձավ Վարդանին,_իսկ քո համար սա կլինի մկրտություն… քո հարազատ գյուղ ենք գնում։

Վարդանը զարմացած նայեց ընկերներին։ Ինչպե՞ս թե հարազատ գյուղ։ Բա եթե իրեն ճանաչե՞ն։ Այնտեղ բոլորը իրեն գիտեն։ Բա ո՞ւմ տուն են գնալու։

_Դա կլինի անակնկա՛լ,_ժպտաց ընկերը։

Ընկավ մտորումների մեջ։ Թող ամեն ինչ հաջող անցնի։

Մի օր անց Արտեմը եկավ ու սկսեց մանրամասն բացատրել, թե ինչ են անելու։Ինքը աշխատում էր ուշադրությունը կենտրոնացնել խոսողի վրա, բայց չէր հաջողվում․ ականջները հերթով դարձնում էր ընկերոջ կողմ, կարծե՞ս այդպե՛ս ավելի լավ է լսելու։

_Լսում ես Վարդան։ Առավոտից արդեն սկսե՞լ ես։ Հազա՛ր անգամ ասացի չխմե՛ս։ Ոտքերի վրա զոռո՛վ ես կանգնել,_դժգոհեց Արտեմը,_քեզ ասում եմ կարևոր գործ ունենք, իսկ դու՛....

զարմանում եմ քո տեղը ուրիշը լիներ ուրախությունից պարելու էր։

_Չեմ խմել…մի քանի բաժակ չեմ հաշվի առնում… դա իմ սովորական չափաբաժինն է։

_Սովորակա՜ն… արդեն ամե՛ն օր նույն վիճակում ես… ի՞նչ է լինելու երբ գործի գնանք։ Քո՛ մասին եմ մտածելու, թե գործն հաջող ավարտելո՞ւ։

Արտեմը ջղայնացած թքեց հողին, ետուառաջ քայլեց, ապա չարացած բղավեց.

_Թուլամորթի մեկն ես։ Թմրանյութերը ուղեղդ կերել են։ Շշմած ցցվել ես։ Այնտեղ ի՞նչ ես անելու։ Գոնե երկու՛ օր համբերիր, թող գլուխդ մաքրվի։ Իմացի՛ր, եթե քո պատճառով բռնվենք, կսատկացնե՛մ քեզ։