Kitobni o'qish: «Ժառանգներ»

Shrift:

ՔԵՀՅԱ

Ա

– Ես ողջ, առողջ… թողնեմ, որ Կարճ-Օհանի տղան` այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞: Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաջ գլուխ իջեցնե՞մ… Չէ՜, ավելի լավ է չապրել, թան թե Մինասի հրամանները կատարել: Յոթը տարվա մեջ տասնևյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ… Անօրեն ծխե՜ր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալույծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա: Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՛հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ…

Այսպես շարունակում էր Քյալաշը` նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են: Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ ընկան Քղի` գավառական ավանը:

Թեմրանցիները վախ չունեին իրենց նախկին բռնավոր քեհյայից, վալիից հրաման էին դուրս բերած ղայմաղամի վրա, որն իսկույն գյուղի վարչության ղեկը հանձնել էր Մինասին, որին գյուղացիք սրտանց հարգում էին նրա արդարասիրության համար: Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրավել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին: Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) է՜լ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց:

Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները: Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե վեր, թե վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ: Նույն օրը, երկու-երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուլարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան: Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու աթար թխելու համար:

– Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է, – հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.

– Կոռո Մամո՜, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛). – և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին:

Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց: Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան, հայտնի չէ, բայց նույն գիշերը մի լավ մուշտակ գնեց Քյալաշը Մամոյի համար, հանեց նրա հագի փալասներն ու չլերը, նոր լաթերով զուգեց, զարդարեց և առաջ ընկած տարավ ղայմաղամի մոտ: Ղայմաղամը Քյալաշի խնդիրը չմերժեց ու նրա ծրագրի համաձայն մի թուղթ գրեց վալիին, հայտնելով, որ անհրաժեշտ էր մի օգնական ունենալ Թեմրանի նման հարյուր քսան տնվոր հայ գյուղում, որը մի երկու տասնյակ հայ գյուղերով էր շրջապատված: Նամանավանդ որ, այդ օգնականը ծանրանալու չէր գանձարանի վրա, Մամո բեգը առաջարկում էր յուր պատրաստակամությունը անվարձ ծառայելու խալիֆին ու երկրին: Ղայմաղամի առաջարկությունը այնպիսի ձև ուներ, որ վալին չկարողացավ մերժել և մի ամիս չանցած վիլայեթի մեջլիսի (ժողով) կողմից հրամանագրեց ղայմաղամին՝ հանձնել Մամոյին Թեմրանի և շրջակա գյուղերի վերատեսչության պաշտոնը:

Ղայմաղամը վալիի հրամանը ստանալուն պես կանչել տվեց Թեմրանի և մոտակա գյուղերի քեհյաներին, նրանց առաջ կարդաց վալիի հրամանը և Մամոյին հրավիրեց օր առաջ ստանձնել յուր պաշտոնը: Թշվառ գյուղացիք անճրկեցան մնացին, երբ նկատեցին իրենց հոգևոր և մարմնավոր ներկայացուցիչների կնիքները վալիից ուղարկված հրամանի տակ:

Բ

Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը: Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից: Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր: Փետրվարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեինք խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին էին:

Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին էլ կեր տալ: Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին:

Քեհյաներին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ սրտով մտան սրանց հովանավորության տակ:

– Քեզ էլ նեղություն եմ տալիս, – ասաց մի օր Մամոն Քյալաշին, – հյուրասենյակդ գրավեցի:

– Այդպես բան մի՜ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք: Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ: Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը:

– Այդ լավ ես ասում, ես էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա, առայժմ պետք է յոլա գնալ:

– Փողի դա՞րդն ես անում. ինչի՞դ է պետք փողը: Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայիր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կտրե շինության համար: Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ: Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էլ ես բերել կտամ Օվայից (Էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյաղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է:

– Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել: Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ: Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի:

– Բան ասի՜ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞: Ո՞վ է թևդ բռնելու, շինի՜ր որտեղ որ հարմար է:

– Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել:

– Ա՛յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել:

– Շինենք մի այնպիսի սարայ, որ Էրզրումի վալին էլ չունենա:

– Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր: Վալին ինչո՞վ է քեզանից բարձր:

– Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե, – ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման:

– Կարծում է, թե իրեն համար եմ աշխատում, – ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետո: – Հողն իմն է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկէլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդունդը, հայտնի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ: Բայց ոչինչ, դա առժամանակ ուրախացի՜ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեգ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է:

Գ

Մտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում էին: Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով, Քյալաշը գիշեր-ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը:

– Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել, Քյալաշ քեհյա՜, – ասաց Մամոն, – ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում:

– Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս:

– Ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները:

– Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես:

– Ախա՜ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ: Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային:

– Դրա մասին էլ մտածված է: Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն: Պետք է լսեն, որպեսզի է՜լ դառնանա իրենց տաժանելի կյանքը:

– Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՛ս, ափսո՛ս, որ ես թագավոր չեմ:

Դ

Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը: Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը: Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին:

Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում, ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան: Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում: Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին: Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում: Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան: Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին: Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան:

– Երանի՛ թե, եղբա՜յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի: Այս ի՛նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՜չ կռնակիս շապիկ կա, ո՜չ ոտքիս տրեխ:

– Է՛հ, դուք գիտե՜ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՜ք, շինեցե՜ք, շարեցե՜ք… Դե՜հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՜ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան. մի փոր հացից ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել: Մի՜ խոսացնեք, եղբա՜յր, ցավերս, կսկիծներս մի՜ նորոգեք: Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան:

Ե

– Մինաս քեհյա, – ասաց կատակի ձևով մի օր Մամոն Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, – այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել: Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու: Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգարտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը: Է՛հ, փուչ աշխա՜րհ, ապերախտ մարդի՜կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…

– Իրավունք ունիս, բե՜գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է:

– Երկարաբանություն պետք չէ, – ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը: – Գնացեք, գեղովի ժողով արե՜ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հող տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ: Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե:

– Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի: Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող չունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ի՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…

– Այդպե՛ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները: Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՜մ տանելու, էլի՜, իրենց: Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար:

– Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ, – ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհլան:

– Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա, – ասաց Մինասը, – դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարդի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա:

– Ինչի՞, քեզ ի՞նչ է եղել:

– Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնևհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել: Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք. թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին:

– Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ: Դու խո տալիս ես երկու օրավար: Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք:

– Բայց…

– Բայց-մայց պետք չէ՜, դու գնա, գզիրը ուղարկի՜ր, համբաներին կանչի՜ր քեզ մոտ, խոսի՜ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք:

Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները: Շա՛տ խոսեցին, շա՛տ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց վերջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին, մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեգին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով էլ ցանել:

Yosh cheklamasi:
12+
Litresda chiqarilgan sana:
26 iyun 2017
Hajm:
70 Sahifa 1 tasvir
ISBN:
9781772466843
Mualliflik huquqi egasi:
Aegitas
Yuklab olish formati:

Ushbu kitob bilan o'qiladi