Kitobni o'qish: «Մատեան Ողբերգութեան», sahifa 13

Shrift:

Դ

 
Քանզի, ինչպէս որ կտատանուեն տագնապով տերեւները եղեւնու դալար տունկերի
Ու շարժուելով ուժգին հողմերից` կթափուեն գետին, -
Այդպէս էլ ջանաց ջարդել չար ոգին իմ վարք ու բարքի
Բարեբեր ճիւղերն` ի վեր բարձրացած,
Եւ որոնք անեղ մշակիդ ձեռքով էին յօրինուած,
Կրկի՛ն ու կրկին արմատացնելով հաստատի՛ր ամուր
Նո՛ր անապական պտղաւորութեամբ զարդարելով այն
Քո խնամատար կամքին յանձնուած` կեանքի անդաստանում,
Ամենապարգեւ թագաւոր Քրիստոս, օրհնեա՛լ յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԿԲ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
այց արդ, ես ինչո՞ւ վերոյիշեալ կանխագուշակող սաղմոսի վրայ
Մարգարէներից ուրիշ հատուածներ էլ չաւելացնեմ:
Սակայն ի՞նչ ճաշակ ստանամ պիտի այն կերակուրից,
Որն ուտելու եմ ցաւերիս մէջ անզգայացած.
Եւ կամ ի՞նչ օգուտ կտայ սաղմոսն ինձ, եթէ չըմբռնեմ իմաստը նրա:
Զի նզովում եմ ինքս ինձ նրանով` ու չեմ հասկանում,
Լուացւում եմ` ու չեմ պայծառանում,
Ծագում է արեւն` ու չեմ լուսաւորւում,
Մեղր եմ ճաշակում` ու չեմ քաղցրանում,
Դեղերով լցւում եմ` ու չեմ բժշկւում,
Դիմում եմ նոյնին` ու դատարկ դուրս գալիս,
Ծաղրւում եմ միշտ` ու չեմ խրատւում,
Յորդորւում նոյնպէս` ու չեմ զգաստանում:
 

Բ

 
Արդարեւ` իմ մէջ են մեղքերն ու անօրէնութիւնները,
Եւ ես նրանց մէջ մաշւում եմ,
Ինչպէս որ մարգարէն է ասում ի դէմս յանցապարտների,
Մեկնաբանելով առակն հին տիկերի եւ նոր գինու:
Զի եթե, ինչպէս Եսային է ասում`
"Անօրէններն ու մեղաւորները միասին պիտի սատակեն",
Ապա եւ ինձ դժնիիս համար էլ նոյնն է վիճակուած:
Քանզի յիշում եմ սաղմոսի այն խօսքը, թէ`
"Կհատուցի նրանց, որոնք աւելի են գոռոզանում":
Միւս ընթերցուածն էլ կցում եմ սրան. -
"Տիրոջ օրն հպարտ եւ ամբարտաւան մարդկանց վրայ է",
Ինչպէս եւ` "Մեղաւորներն իրենց մօր արգանդում իսկ օտարացան".
Եւ նմանիմաստ տողերն ըստ կարգի:
Կցում եմ սրան, թէ` "Անօրէնները երկրի` պիտի կործանուեն",
Եւ` "Ամբարիշտն երկրից պիտի վերանա",
Եւ` "Պիտի մերժուեն անիրաւները":
Ողբացէք վրաս այս խօսքի համար,
Թէ` "Ինչպէս եղեգը կվառուի կրակների մէջ,
Այնպէս էլ մեղաւորները այրուեն պիտի բոցերում բորբոք":
Լացէք սաղմոսի այս խօսքի համար, -
"Կրակի կայծեր պիտի թափես դու նրանց վրայ":
 

Գ

 
Ողբեր կարդացէք դուք աստուածային այն վճռի համար,
Որ մարգարէի բերանով է զարդարուած. -
"Եթէ չկամենաք լսել ինձ, սուրը ձեզ պիտի ուտի":
Կոծեցէք այն սաղմոսի առթիւ,
Թէ` "Մահը պիտի հովուի նրանց":
Աղի արցունքներ խառնեցէք դուք իմ հեծութիւններին հառաչանքներով,
Երբ բարձրեալն ինքը` Իսրայէլի հետ` սաղմոսի խօսքով նաեւ ինձ ասի. -
"Իմ ժողովուրդը ձայնս չլսեց":
Աւաղ ասացէք դուք ինձ թշուառիս, երբ նոյնն է կրկնում մի այլ մարգարէ. -
"Վա՜յ նրանց, զի հեռացան ինձնից":
Տխրամած սրտով նոր աղաղակի փող հնչեցրէք դուք,
Երբ Աստծոյ տեսնողը, ամաչեցնելով ինձ,
Կշտամբի սաստիկ Յակոբի տոհմի հետ ապերասան,
Թէ` "Տեսէք, ո՜վ արհամարհոտներ, զարմացէ՛ք եւ ջնջուեցէ՛ք":
 

Դ

 
Բայց դու, որիդ երեսից փախել եմ սարսափահար, հետ տար ինձանից
Եւ պատեան դիր ահաւորիդ բարկութեան վրաս բարձրացած սուրն սպառնալից,
Եւ քո բարեբաշխ, խնամոտ աջովդ ինձ հասնելով,
Կեանքի օծումը պարգեւիր ինձ` քեզ աղաչողիս:
Եւ քեզ փառք բարձր երկնայիններից եւ երկրային բոլոր մահկանացուներից,
Սահմանների մէջ բոլոր ազգերի, յաւիտեանս. ամէն:
 

ԲԱՆ ԿԳ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Բարերար եւ բազմագութ, մարդասէր եւ երկայնամիտ միակ թագաւոր,
Հօրդ հետ պատւուած եւ օրհնաբանուած
Տէ՛ր ամենայնի,
Որդի՛դ կենդանի Աստծոյ,
Դու, որ ինձ երբէք կորչելու տեղիք չես տալիս,
Եւ ամենեւին չես փորձւում չարից,
Ու մեղաւորի մահն իսկ չես ուզում,
Եւ կամքդ փրկութիւն է բերում բոլորին,
Մեղքի մրրիկը քաւութեան մեղմաշունչ զեփիւռի ես փոխում դու
Եւ բարկութեան հուրը փոխարկում անձրեւի:
Դու, որ քո բարի հրամանին չանսացող կնոջն հետ դարձրիր իր ընթացքից,
Նոյն արձանի մէջ կերպաւորելով զոյգ գոյացութեամբ երկու բնութիւն, -
Ո՛չ անմեղների եւ ո՛չ էլ իսպառ պատժուածների կարգը իրապէս դասելով նրան:
Դու, որ ծովի լոյծ ջրերն հորձանուտ` քարակոյտի պէս իրար վրայ դիզեցիր բարդ-բարդ
Եւ անապատի կարծրանիւթ վէմն իբրեւ հոսող վտակ բխեցրիր:
Դու, Յորդանանի սրընթաց վայրէջքը կանգնեցրիր հրաշապէս,
Դարձնելով այն որպէս լուացումի աւազան հեթանոսների հետնորդների համար:
Երիքովի պարիսպը պնդակուռ -
Սատանայի բռնութեան կործանման որպէս օրինակ -
Թեթեւ յարդի պէս օդ ցնդեցրիր դու,
Եւ այդ քաղաքի ջուրը վնասակար, այլաբանօրէն,
Որպէս օրինակ քանանացոց փրկութեանը, դէպի բարին փոխուելուն`
Դու խորհրդաւոր աղով համեմելով` անուշացրիր:
Մեռայի դառնութիւնը-նշանակ անհաւատութեան`
Դու կենաց փայտով պիտանի դարձրիր, քաղցրացրիր քեզ պէս` միացնելով քեզ հետ:
Գետից առնուած ջուրն ինչպէս արիւն մակարդեցիր դու ցամաքի վրայ, -
Իբրեւ նշանակ անհուն հաճութեանդ, որի համաձայն,
Անփոփոխ պիտի գունաւորվեր նոր երանգով բոսորային:
Անկենդան գաւազանին անթոյն վիշապի նմանութիւն ու տիպ տուեցիր,
Ի պատկերացումն քո ըստ մեզ ձեւակերպմանն ու ընտրութեանն օտար ազգերի:
Մովսէսի երջանիկ աջը պահպանելով անեղծ ու անփոփոխ`
Ցոյց տուիր դու մեզ նախապէս ապագայի հրաշքներդ, բարձրեա՛լ,
Որոնք մարդեղութեանդ ընթացքին պիտի կատարէիր,
Եւ ապա, քեզանով` ախտաւոր մարմնիս մաքրագործուելը գուշակեցիր:
Եւ դու այս բոլորով, ահա, ամէնուրեք,
Մեղաւորներին կորստեան ենթակա, բարեխնամօրէն,
Սիրոյդ հրաշքով կատարուող անակնկալ գիւտը գուշակեցիր,
Օրհնեա՜լդ ամենագութ:
 

Բ

 
Ծլեցնում ես դու երկրից կանաչ խոտ ու կեանքի կոչում անշունչ մեռեալին,
Անշարժին կառավարում ես որպէս ընթացող,
Անարգ արգանդից դուրս ես կոչում քեզ պատկերակիցներ,
Պատանիներին սեղանատամներ տալիս ըմբոշխնող
Եւ նրանց մաքուր այտերի վրայ մազ ես աճեցնում,
Եւ սեւասաղարթ վարսերը ձեան պէս զարմանագործում,
Ցոյց տալով, թէ քո կարողութիւնը անցնում է ամէն սահմանից, հզօ՜ր,
Շրթունքների բնազդական թոթովանքները, ինչպէս Յոբն է ասում,
Փոխարկում ես դու հարազատ ու պարզ արտաբերութեան,
Սասանում ես դու երկրին ու նրա սիւները` հիմքից,
Ցոյց տալով թէ, դո՛ւ կմնաս միայն անկորնչելի:
Դու թաւալում ես տարերքը, որպէս անցաւոր իրեր
Եւ դարձեալ նոյն տեղ հաստատում դրանք որպէս մնայուն.
Այսպէս` յայտնելով, թէ կարող ես դու նոյն այդ դիւրութեամբ
Կապել մեր բազում մեղքերը եւ կամ արձակել:
Անզգա էութիւնն արուսեակի սանձահարում ես կարծես թէ երասանով,
Այդպէս` ցոյց տալով, թէ մեր բնութեան հակումները չար
Կարող ես դիւրաւ դու հանդարտեցնել, երբ էլ կամենաս:
Անբարբառ լուսնի բոլորակը դու մերթ ունայն ես անում եւ մերթ պատարուն,
Ապացուցելով, որպէս աւետիս, այդ տեսնողներիս,
Թէ բարիքներից նուաղած մեր մեղապարտ մարմինները
Դու նախաստեղծ հարստութեամբ կամբողջացնես դարձեալ:
Անխօս աստղերի բազմութիւնը դու իբրեւ փոքրաթիւ հօտերի խմբեր,
Բաժանում ես իրարից եւ հաւաքում դարձեալ,
Ի խորհուրդ կենաց հաստատուն յոյսի, ո՜վ քաղցրահայեաց տեսութիւն,
Թէ դու չաղաչող լեզուներին էլ կարող ես լրիւ նոյնպէս ողորմել:
 

Գ

 
Ծովում, դու կեանքի ու մահուան միջեւ ճամփա ես բացում ուղիղ ապահով,
Այդպիսով հաստատ հաւաստիացնելով, թէ վտանգաւոր վայրում էլ նոյնպէս
Կարող ենք լինել անգայթակղելի` քեզնով պաշտպանուած:
Ինչպէս կաթսայում կրակի վրայ եռացող ջուրը,
Այդպէս` մեղքերի պղտոր մրրիկն էլ քո կամքի խօսքով կդադարեցնես:
Նայում ես երկրին ու շարժում ես այն,
Որպէսզի անբան այդ զանգուածով զգաստացնես մեզ` մտաւորներիս:
Ալիքների վրայ տատանուող փոքրիկ մակոյկի նման
Դղրդում ես դու հողազանգուածի թանձրութիւնն անբաւ,
Որով բովանդակ արարածներին ծանուցանում ես, թէ կաս աներկբա,
Եւ որ քո զօրեղ խօսքով ես հիմնել տիեզերքն համայն:
Սերմանում ես դու մեր անշնչացած մարմիններն հողում,
Եւ այնտեղ նրանց անկորուստ պահելով` կենդանացնում կրկին,
Ապականելին հողին պահ տալով անեղծն ստանում,
Դու մահկանացու նիւթի հետ կենաց նշխարդ ես խառնում:
Դու քո ակնարկող մի հրամանով ստեղծուածների ողջ անկերպարան
Փոքր-ինչ վայրկեանում ձեւակերպեցիր ամէն մէկն իր պէս:
Քոնն են զօրութիւնն ու կարողութիւնը,
Զի դու օրերի հոլովումներով շրջանակում ես տարուայ եղանակները,
Իւրաքանչիւրն իր ժամանակին, բազմապիսի գեղեցկութեամբ` մեր տեսողութեան համար:
Անմռունչներին ձայն ես տալիս դու իբրեւ կենդանու.
Ներշնչում միայն, ու քայլում են նրանք.
Դո՛ւ ես լոկ հինում հնարագիտութեան անճառ արուեստով մէգն ու առաւօտը:
Առաջնաստեղծ գոյացութեան նախակարգ յօրինուածքից յետոյ,
Ըստ երանելի մի գրուածքի կանխահիաց զարմացման, -
Երբ դու մարդացար, կատարեցիր մեծամեծ փառաւոր հրաշագործութիւններ, -
Որոնց թիւ չկա, ստեղծելով նոր ու նուիրական
Մի ուրիշ աշխարհ աւելի անեղծ, քան առաջինը:
 

Դ

 
Դու, որ մեր յանցանքը քոնը համարեցիր եւ արդարութիւնդ շնորհեցիր մեզ,
Որ մեր հաշտութեան փրկանակն ինքդ քեզ վրայ առար,
Որ դու չես դադարում ողորմելուց, -
Դարձրո՛ւ ամբարշտիս երկիւղածութիւնը բարեպաշտի,
Թմրածիս զգաստացուցիչ արթնութեանը սրտի,
Անմաքուրիս` պայծառ ու մաքուր կերպարանքի,
Բազմամեղիս` անբծութեանն համեստ սուրբ պատկերի,
Կոտրուածիս` առողջութեան անխորտակելի,
Լացածիս` զուարթ ուրախութեանն անտխրելի,
Յուսահատուածիս` միացնող սիրոյ անլուծելի,
Ամօթահարիս` հաստատուն վստահութեան անշարժելի,
Խաւարածիս` Երանութեան լոյսին անմեկնելի,
Մահուան գերուս` կեանքին անապականելի.
Որպէսզի խոստովանուած անունդ, Յիսուս,
Փառաւորուի Հօր եւ սուրբ Հոգուդ հետ`
Երկնքում եւ երկրի վրայ եւ նրանց բոլոր բնակիչներից,
Յաւիտեանս յաւիտենից. ամէն:
 

ԲԱՆ ԿԴ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՕՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Արդ, ամէն ինչում բացարձակապէս ուղիղ ես, Աստուա՛ծ,
Իրաւունքով դատում ես եւ արդարութեամբ կշռում,
Ճշմարտութեամբ չափում ես եւ օրհնութեամբ հետեւում,
Ընթանում ես ուղիղ եւ ստուգութիւն ես սիրում,
Յստակութիւն ես կամենում դու եւ լուսաւորութիւն համբուրում,
Փորձելով յանդիմանում ես, երկայնամտութեամբ քննում:
Չունես նենգութիւն եւ ոչ էլ գոռոզութիւն,
Այլ հեզութիւն համակ, հանդարտութիւն եւ ողորմութիւն:
 

Բ

 
Արդարացար, ո՜վ անայլայլ, վերին իմաստութիւն հանճարեղ քո Հօր,
Ինչպէս որ անզիղջ գովեստով վկայեցին շնորհովդ քեզ որդեգրուածները,
Քո մեզ պարգեւած աւետարանի այն սուրբ խօսքի համաձայն, թէ`
"Չողբացի ես, երբ կոծեցին, ոչ էլ կաքաւեցի, երբ փող հնչեցրին":
Մի՛ անօրինիր, ասացիր անօրէնիս,
Բայց ես ամրացա նոյն չարութիւնների մէջ.
Մի բարձրացնիր եղջիւրդ դէպի վեր, մեղաւորիս ասացիր,
Եւ ես քեզ հակառակ գործեցի.
Չզգացի խոտորեալս երբէք, թէ քո ձեռքումն են
Բարձրամիտ հպարտների եղջիւրներն արքայական
Խոնարհեցնել կամ բարձրացնել, ըստ Ամբակումի, Դաւթի եւ Զաքարիայի,
Դու ինձ օրհնութիւն կամեցար. ողորմա՛ծ,
Իսկ ես անիծեալս` մեծ տարագրութեամբ խոտորուեցի դէպի ինձ արժանին:
Սիրեցի բարկութիւն եւ ո՛չ բարութիւն.
Շոշափեցի խաւարն ու ոչ թէ լոյսը.
Կենդանի ձայնիդ, գթա՜ծ, անզգամօրէն պատասխանեցի.
"Որդն անմահ է" եւ "Կրակն անշէջ",
Կշտամբանքն անվերջ, տեղը յաւերժական, եւ օրինակը սոսկալի է, – ասացիր խօսքով Եսայու,
Եւ ես չիմացայ, ըստ սաղմոսողի, որ չըմբռնեցի,
Այլ ընթացայ մտաւոր մռայլ կուրութեան մէջ:
 

Գ

 
Դու մարգարէի խօսքով ցոյց տուիր,
Թէ` օրհնութիւն կստանայ նա, ով օրէնք է դնում,
Եւ ես փութացի այդ համառօտել:
Դաւթին իր խօսքերով, Տէ՜ր Յիսուս Քրիստոս,
Հոգեւոր վէմի վրայ քո մատով արձանագրուած`
Կանգնեցիր որպէս յիշատակարան, ինչպէս որ նաեւ ինքն է վկայում,
Թէ` "Ես պահեցի քո օրէնքները ամէն ժամանակ, յաւիտեան".
Այդ միեւնոյնը հաստատում է նա երկրորդ անգամ`
Վերջին բառի անդրադարձութեամբ
"Եւ յաւիտեանս յաւիտենից".
Որոնց հետ եւ այլ պանծալի խօսքեր խրախուսեցին ինձ,
Բայց ես անզգա` աճապարեցի տօնին
Բահաղու եւ ո՛չ Աստծոյ,
Եւ երկմտութեամբ զոյգ ճամփաների վրայ կաղացի,
Ձեռք վերցնելով բարի գործերից, ինչպէս ծաղրելով ասում է Եղիան:
Ունեմ Մովսէսին իր օրէնքներով` մեռելների աշխարհից եկած,
Նաեւ գրքերը մարգարէների` հոգուս մէջ գրուած,
Եւ մատեանները առաքեալների, շարուած իմ մտքի մատների վրայ,
Եւ Տիրոջդ` բոլորին հաւասարապէս` աւետեաց կտակով,
Թաղուելուց յետոյ յարութիւն առած` անթիւ-անհամար ննջեցեալներով:
Բայց ես աւելի՛ անհաւատ, քան այն մեծատան եղբայրները հինգ,
Որոնք մի տեսակ իսկապէս յարմար օրինակներ են
Ողորմելի յղփացածների զգայարանքներին, -
Դարբնի սալի պէս մնացի անոստ իմ անչափ յամառ քարացած սրտով.
Բելիարի նման եւ չապաշխարեցի:
 

Դ

 
Բայց դու վերստին շնորհի՛ր քո ողորմութիւնը լքուածիս,
Ո՜վ բարի, ահաւոր, մարդասէր, խնամակալ,
Կենդանի, սուրբ, լուսաւոր եւ անվախճան թագաւոր,
Պանծալի խաչիդ խորհրդի ազդելով
Հիմար երիկամներիս եւ յուսալքուած անպտուղ սրտիս
Մեղքերով կորդացած անբերրի անդաստանիս վրայ,
Որպէսզի հզօր ամենակալիդ գթառատ կամքի օժանդակութեամբ
Որոտայ հոգիս, եւ վշտագնածիս աչքերից յորդեն,
Վազեն ոռոգող արտասուքների վարար վտակներ,
Եւ ինձ մեղքերից մաքրելով` փրկեն,
Քեզ մօտ հաճելի եւ ընդունելի լինելու համար,
Ամենապարգեւ Տէ՜րդ բոլորի, փառաւորեալդ յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԿԵ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Եւ արդ, ես նախնիս ամբարիշտների,
Գլխաւորս մեղաւորների, պէտս անիրաւների,
Առաջինս պարտաւորների, պատկերս յանցաւորների,
Ատտիկեցիս` ըստ վատթարութեան եւ ո՛չ ըստ բարեբաստութեան,
Անպատումներն իմ պատմեցի ահա,
Ամօթալի արարքներս նշաւակեցի,
Գաղտնիքներն հրապարակեցի,
Ծածուկներն յայտնեցի,
Թաքցրածներն ի ցոյց հանեցի,
Ամփոփուածներն տարածեցի,
Դառնութեան մաղձը ժայթքեցի,
Գործակցութիւնս չարին` մատնեցի,
Վէրքիս թարախն ամբարուած` քամեցի,
Մեղքերիս խորութիւնը ծանուցեցի,
Կեղծիքների ծածկոյթը մի կողմ քաշեցի
Տգեղութեան քողը վերցրի,
Ամօթանքի զգեստը մերկացրի,
Գարշելիներն ի յայտ հանեցի,
Մրուրը մահուան փսխեցի,
Պալարներն հոգուս խոցերի քահանայապետ Քրիստոսիդ բացի:
Անձս անխնայ չարչարեցի,
Մարմնիս նկատմամբ սէր ցոյց չտուի,
Հին արմատներն ի տես հանեցի,
Բնութեանս կարիքներին չընդառաջեցի,
Միաբանութեան կապը նրանց հետ խզեցի,
Սրտիս դղեակը քանդեցի,
Որսացուած կամքիս հետ, իբրեւ մահուան դարանակալի հետ, կռուեցի,
Պահուստն անյայտ իմ մեղքերի արտաքս հանեցի:
Մթերուած ախտերի գանձը մեծիդ առջեւ դրեցի,
Դատախազին դատաւորի հանդէպ կանգնեցրի,
Ապառնիների փորձն այժմից առա,
Կործանողի հետ դաշինքն իմ բեկանեցի,
Խաբեբայի հետ ուխտս խափանեցի,
Մարտի յաղթական աւարտը,
Յիսուս, քե՜զ վստահեցի,
Ռազմիկ գնդերը շարժման մէջ դրի,
Հարձակումներին դիմադրելու յոյսն Աստծոյ խօսքի վրայ հիմնեցի,
Խաւարասէրների փաղանգը` լուսեղէնների զէնքին մատնեցի:
 

Բ

 
Եւ արդ, ամենայն արարածների ստեղծիչ Քրիստոս,
Որդիդ բարձրեալ Աստծոյ,
Մի՛ մեղադրիր ինձ` դատելով խստիւ մեծ օրն հատուցման,
Ինձ, որ ա՛յժմ արդէն պարսաւուած եմ խիստ խօսքերով այսպէս
Եւ ստացել եմ գանակոծութեան այսքա՜ն հարուածներ:
Ուրեմն, հզօ՜ր անքնին, անճառ. բարերար թագաւոր անմահ.
Այսպիսի ամօթալից ինքնապարսաւ խոնարհութեանս համար,
Որով ինքըս ինձ անողոք կերպով դատափետեցի, -
Նվագներով այս մատեանի,
Ծածկիր՛ սատանայի դէմքն ամօթի անարգանքով
Եւ խաչիդ նշանով զօրացրո՛ւ երեսն ամօթահարիս:
Լուսեղէն կնիքդ տեսքիս գեղեցկութեանը թող միանա,
Նշանդ ամրութեան թող որ դրոշմուի իմ կերպարանքին,
Թող կենաց փայտիդ ձեւը պատկերուի այտերիս վրայ,
Արուեստն հրաշքներիդ որպէս շուք թող որ տպուի ճակատիս,
Թո՛ղ չաղաւաղուի քո լուսապաճոյճ դրոշմն ինձ վրայ,
Աչքիս բիբերից թող չվերցուի ճաճանչդ օրհնութեան,
Չհեռացուի գլխիցս քո վստահութեան առհաւատչեան,
Տյառնագրութեանդ փառքը բերանիս ամուր սեմերիցն թո՛ղ չսասանուի,
Երկրպագելի պահպանակդ թող միանա սրտիս զգայարանքին,
Գոյակցութեանս չորս նիւթերի մէջ քառաթեւիդ լո՜յսը թող թափանցի,
Փրկչիդ իշխանութիւնն օժանդակի թող կարկառուող ձեռքիս,
Մատուցման համար ստեղծուած մատներիս
Համարձակութեան խորհրդարանդ թո՛ղ բարեգործե:
 

Գ

 
Աշխարհից մեկնելիս` սրբութիւնդ ինձնից թող չհեռանայ,
Երբ պատանեն պարտապանիս` պատիւս թող չպակասի,
Փրկութիւնդ անդաւաճան թող չլքի հոգիս,
Ու չջնջուեն քոնը համարուող շնչիցս գրերն կենդանատուիդ,
Զօրեղ արիւնիդ նկարը թող չեղծուի խորանից իմ աստուածատիպ,
Եւ բնակուի ինձ հետ գերեզմանիս մէջ:
Թշուառ մարմնիս մաշուելուց յետոյ շնորհիդ օծումն ինձ մօտ թող պահուի,
Որ նորոգութեան օրը նրանով ես ներկայանամ փառաց փեսայիդ,
Ճանաչուեմ թող ես այդ նշաններովդ ու վաստակներովդ պճնուեմ,
Ու մեծագոյնիդ երախտիքներով գնահատուե՛մ թող,
Եւ ողորմութեամբդ քաւուած` աւազանի զգեստով պերճանա՜մ,
Տո՛ւր ինձ, բարեգութ, վերարկուդ անապական,
Որ տառապում եմ մարմնիս մեղքերով:
Թող որ քոնոնց դէմ չելնի՛ բանսարկուն,
Հոգիս հնացնողը թո՛ղ ոչնչանա,
Խաւարաբնակների խաբկանքները թող հանդէս չգան,
Թող քո անունով օրհնուի, գթա՛ծ, վիհն իմ հանգստեան,
Թող ողորմութեամբդ լցուի լիուլի գուբն իմ գերութեան,
Թող որ քեզանով ընդարձակուի տեղն իմ թշուառութեան,
Թող խաղաղ լինի, խնամո՛ղ, ինձ համար բանտը բարկութեան,
Թող արգանդը մութ` սնի ինձ իր մէջ յանուն յարութեան,
Յոյսովդ թող ինձ իր մէջ ամփոփի տունը անձկութեան,
Թող ես քո ձեռքով պահուեմ խշտեակում այդ տարտամութեան,
Թող որ ընդունուեմ ես քո թեւերով տագնապի տան մէջ,
Եղի՛ր դու, գովեա՜լ, ինձ հետ վտանգով լեցուն սենեակում,
Աւա՜ղ ինձ այստեղ բիւր-հազար անգամ,
Զի երբեմն վերնային էի եւ այժմ անդնդային,
Տօնելի երբեմն եւ այժմ եղկելի:
 

Դ

 
Բայց եւ դու դարձեալ օրհնուած ես բոլոր արարածներից`
Երկնայիններից, երկրայիններից եւ մեռելներից սանդարամետի,
Անպարտականդ այս տարագրութեան:
Ե՛ս վրիպեցի, ե՛ս օտարացայ, ե՛ս յիմարացայ,
Ե՛ս պարտուեցի եւ դարձա խոտան:
Ե՛ս վհատուեցի, ե՛ս կարկամեցի եւ կործանուեցի.
Ե՛ս մոլորուեցի, ե՛ս մատնուեցի, ե՛ս մերժուեցի.
Ե՛ս խորթացայ, գերուեցի եւ գայթակղուեցի.
Ե՛ս նզովուեցի, ե՛ս թշուառացայ, հարբեցի եւ վատթարացայ,
Ե՛ս ընկղմուեցի, ե՛ս խաբուեցի, ե՛ս անօրէնացայ.
Ե՛ս ապականուեցի, մահացայ եւ իսպառ եղծուեցի:
Այս բոլորի մէջ դու չարութեան մատ չունես,
Մնում ես դու միշտ միա՜յն ու միայն անփոփոխ բարի:
 

Ե

 
Երբ կամքդ ինձ հետ է` խաւարը ճառագայթ է ինձ համար.
Յոյսիդ ճրագն երբ կայ, գիշերն արշալոյս է.
Հաղորդուելով մարմնիդ` կասկածների ամօթանքից զերծ կլինեմ.
Իսկ ես ինքս ինձ կենդանի չեմ համարում, յիշելով վախճանն անխուսափելի,
Եւ ոչ էլ կորած եմ կարծում ես ինձ,
Քանզի անկասկած հաւատում եմ ես նորոգման հրաշքին:
Կեանքիդ դուռն առջեւս համարում եմ փակ` իմ անքաւելի մեղքերի համար,
Բայց ես տեսնում եմ միաժամանակ դրախտն իմ առջեւ բաց,
Որ աւետում է փրկութիւնդ ինձ:
Քանզի ո՛չ այնքան վհատութեան գոյժն է տագնապեցնում,
Որքան փրկութեան համար կարկառած ձեռքդ է խրախոյս քաջալերական:
Ուստի, տո՛ւր դու, Տէ՜ր, տո՛ւր ողորմութիւն
Գոհաբանութիւն կարդացող բոլոր բանականներին,
Օրհնեա՜լ յաւիտեան. ամէն:
 

ԲԱՆ ԿԶ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ

Ա

 
Արդ, ով որ առնի այս համեստ մատեանի մաղթանքների սպեղանին,
Նրանով աղօթելու համար, եթէ այդպիսին մեղաւոր է մի`
Ե՛ս էլ թող նրան մասնակից լինեմ իմ այս խօսքերով.
Իսկ եթէ երբէք լինի ոմն արդար այր աղօթարկու,
Ես էլ նրա հետ թող այս մատեանով գտնեմ գթութիւն:
Եւ ապա, եթէ այդպիսին իրեն զգա երջանիկ, ինձ համարելով միայն եղկելի,
Այդ նոյնը նաեւ հաստատում եմ ե՛ս,
Բայց նա էլ յիշի թող Սողոմոնին եւ այս հոգեշունչ խօսքերը նրա, -
"Ո՜վ վստահօրէն կարող է ասել, թէ ունի սուրբ սիրտ,
Եւ կամ պարծենալ, թէ մաքուր է մեղքերից".
Եւ թէ` "Չի եղել երկրածին մի մարդ` զերծ իրեն համար պատասխան տալուց".
Ինչպէս եւ ոչ ոք` յաղթող համարուած` ինքնարշաւ վազքով,
Եթէ մինչեւ իսկ ունենայ թեւեր նա բարձրաթռիչ:
Ուստի նաեւ նա՛ թող զգուշանա, երկիւղ կրելով,
Որ հաստատ վէմի վրայ է նոյնիսկ,
Պօղոսից ուսած.
Որպէսզի միգուցէ գետին ընկնելով`
Նմանուի այս իրաւադատ կանոնը սահմանողին:
Այլ նոյնիսկ եւ նա՛, որ մաքուր է, թող այս կշտամբանքը դաս անի իրեն,
Չիջնելու համար անխոհեմ կերպով իր բարձրութիւնից.
Իսկ պատժապարտն էլ թող ընդունի այն` առիթ ազատութեան:
Որով հոգեւոր մահուան կործանումից վեր բարձրանալով` ապրի լիայոյս:
Իսկ ինձ համար այս պատգամները թող լինեն փորագրուած արձանագրութիւն յաւերժ անեղծանելի,
Որ իմ եղկելի եւ մահկանացու անձի փոխարէն`
Հեծութեան, լացի անդադար հնչմամբ, առանց լռելու միշտ աղաղակի:
Եւ թող որ լինի, որ բեկբեկուած ոսկորներս հողապատեան շիրմի ծածկոյթի տակ
Անմռունչ ձայնով` խոստովանական այս աղօթքներս եղանակեն.
Ինչպէս եւ հողում լուծուած մարմինս անլուր բարբառով
Այս պաղատանքներս թող որ առաքի քեզ` ծածկատեսիդ:
 

Բ

 
Տէ՜ր գթութեանց, աղբիւր ողորմութեանց, պարգեւաբաշխ բարի,
Որդիդ բարձրեալի Տէ՛ր Յիսուս Քրիստոս,
Ողորմի՛ր, խնայիր, մարդասիրիր,
Նայիր վշտերիս եւ տե՛ս սրտաբեկութիւնս,
Խոնարհուի՛ր թշուառութեանս վրայ,
Տե՛ս տարակուսական տագնապս անձեռնհաս,
Կարեկից եղիր ի կորուստ տանող ցաւերիս մէջ ինձ,
Շոշափի՛ր բժշկապէս վէրքերն իմ թշուառագոյն,
Ականջ դիր քաղցրութեամբ ողորմագին հեծեծանքներիս,
Լսի՛ր գերեզմանի խորունկ անդունդից հնչող անմռունչ հառաչանքներս,
Թող քո ամենալուր ականջներից ներս մտնի
Հիւծուած անդամներիս ձայնը պաղատագին:
Եւ քանզի անապական է կենդանութեանս գրաւական հոգին,
Ուստի թող անփոփոխ լինի սիրոյդ գթութիւնը նաեւ,
Կցորդ եղիր դու հեզութեամբ` տկարութեանն իմ տաժանելի:
 

Գ

 
Մեռեալ պատկերիս դէմ ոխ մի՛ պահիր,
Անշունչ կերպարանքիս հետ մի՛ մտնի դատաքննութեան,
Մահով տանջուածիս դու նոր հարուածներ մի՛ աւելացնի,
Կոտրուած խեցեղէն անօթիս հետ մի՛ մարտնչիր ուժգնութեամբ,
Վճռով խոշտանգուածիս վրայ մի՛ բարկանայ կրկին,
Կործանուած շինուածքիս մի՛ տար նոր պատուհաս,
Սպանուած շանս վրայ քարեր մի՛ արձակիր,
Ջախջախուած լուիս վրայ մի՛ որոտայ սաստկապէս,
Անարգ հողիս դէմ իբր անբարհաւաճի` մի՛ մռնչա ուժգին,
Մոխրիս մերժելի մի՛ կանչիր դատաստանի քննութեան,
Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տիղմս տաղտկալի մի՛ կարծիր դու քեզ որպէս ոսոխ,
Գարշութեանս անգոսնելի մի՛ վանիր իբրեւ բռնամարտիկի,
Դուրս շպրտուելիք կոճղիս մի՛ պահիր գեհենի համար որպէս վառելիք,
Այսքան խօսքերով բազմաթիւ անգամ կշտամբուածիս
Դու էլ վերստին մի՛ յանդիմանիր:
 

Դ

 
Սրանք են ահա այն սրտաբեկիչ ու հոգնաթախիծ աղաչանքները,
Որոնք իմ թշուառ ու խաւարարգել շիրմից պիտ հնչեն.
Եւ թող քո օրհնեալ խօսքը հաստատի, թէ աղօթողիս սրտի համաձայն
Պիտի մնամ ես անայլայլելի:
Քանզի հիմա էլ, մինչդեռ խօսում եմ դեռեւս կենդանի`
Մեռած եմ արդէն անհասիդ համար.
Ինչպէս եւ մահվամբ կոչելիս անգամ
Անեղծ կմնամ ես իմ հաւատքով, ըստ հրամանի ամենազօրիդ:
Արդ, աղաչում եմ, Տէր Յիսուս Քրիստոս, ողորմութեամբ նայիր դու ինձ
Եւ մի՛ թողնի, որ բնակակից լինեմ Բելիարին:
Թշվառիս թաղման ժամանակ, տապանի անկենդանական թնդիւնը մահազեկոյց,
Որպէս աղաղակ լալահառաչ` քեզ ինձ հետ հաշտեցնող,
Արժանացրու քո լսողութեանը, միա՜կ բարեգործ,
Հոգեսէր, հզօր եւ մի՛շտ մարդասէր.
Եւ քո բարի հոգին թող բնակուի ինձ հետ, լոյս տալով ինձ խաւարի մէջ,
Թող մնան ինձ հետ քո կենարար չարչարանքների մասունքները պաշտելի,
Որպէսզի, իբրեւ գանձարանի աւանդ, պահելով ինձ քո մէջ, կենսանորոգեն.
Որպէս զինուորական սարք անվատնելի թող պատկանեն ինձ
Ու մնան ինձ հետ իբրեւ մնայուն պարսաքարեր` հոգու հնարքների,
Չարի գնդերը հալածելու համար:
Նրա իմ դէմ մղած մարտը թո՛ղ քեզանով վանուի, Տէ՜ր,
Զի եթէ նա ելնի իմ դէմ պատերազմելու,
Տեսնելով քաղաքն առանց զինուորի եւ ազդարարող գործիքը` անձայն,
Քե՜զ կունենամ, Տէ՛ր, անքուն պահապան մշտնջենապէս:
 

Ե

 
Զի եթէ շտապի չարն այժմ եւեթ, առաջ քան օրը կատարածի,
Եւ պատրաստի ինձ համար անելանելի արգելարան,
Ես տէրունական աղօթքն իմ կուղղեմ նրա դէմ, որպէս մահացու հարուած.
Եթէ կարենայ ինձ գցել գետին,
Արարչին արած իմ ծնրադրութեամբ նրան կխոցեմ.
Եթէ յաջողի երկրի մոխրի մէջ գլորել նա ինձ,
Աստծոյ երեսնիվայր ընկնելը թող հալածի նրան.
Եթէ տանջալից ցաւեր նիւթէ ինձ,
Աշխարհի փրկչի քրտինքը առատ արեամբ շաղախուած` թող նեղի նրան.
Եթէ շունչս նա պատանդ վերցնի, որպէսզի բարի ճամփով չընթանամ`
Ամենաստեղծի կապանքը թող ինձ ազատ արձակի.
Եթէ բռնադատի ինձ ուրանալու լոյսի պարգեւները,
Համբերութիւնդ` աստուածամարտների հայհոյութեան դէմ`
Թող որ նրան էլ նրանց հետ մէկտեղ պապանձեցնի.
Եթէ գաղտնապէս հարուած հասցնող զէնքերի նետեր արձակի վրաս,
Կապարճների հօր շքեղ աղեղի խոցող սլաքը թող դիպչի նրան.
Եթէ խաւարած լոյսի շղարշով անամօթաբար աչքիս մէջ մտնի,
Ամենակատարեալի ծածկուած գլխի կռփահարումը թող տանջի նրան.
Եթէ մոլեգնի ձեռքիս վստահութիւնը կաշկանդել,
Թող ստեղծողի ձեռքը տրուած եղեգնը չարչարելով նրան լռեցնի.
Եթէ անամօթ ծաղր ու ծիծաղով ինձ հետ կատակի,
Ամենազօրի` ծաղրանք տանելը թող հեգնի նրան.
Եթէ պէս-պէս հուռութքների բժժանքով խորամանկի,
Հզօր Աստծոյ երեսին տրուած ապտակը նրան ամաչեցնի թող.
Եթէ գիշերուայ մութը իջնելիս խաբեութեան խաւարով կռուի լկտիաբար,
Տէ՛ր, լոյսիդ պայծառ ճառագայթման հետ` թող խայտառակուի.
Եթէ հաւակնի, թէ կկարենայ փորձութիւնների արեգակնակեզ
Վատնիչ խորշակի կեսօրուայ տապով ինձ բոլորովին արմատից խախտել,
Թող քո լուսեղէն նշանի զօրութեամբ արմատախիլ` չորանա.
Եթէ փորձի նա փչումով տրուած շնորհից ինձ զրկել,
Այն թուքը, որ մեղաւորիս փոխարէն քերոբեների տէրն ընդունեց,
Թող ամօթահար անի նրան: